
Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում մոտավորապես հարյուր տարեկան ձկնորսական կառամատույց է հայտնաբերվել։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսն են դուրս եկել, ինչը հերթական անգամ փաստել է լճի ջրային ռեսուրսների մեծաքանակ կորստի մասին։, գրում է ermenihaber.am-ը:
Ադիլջևազի մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ջումալի Բիրոլը, որը երկար տարիներ հետազոտություններ է իրականցնում Վանա լճում, հայտնել է, որ լճի այլ հատվածներում ևս կառույցներ են ի հայտ գալիս։
«Վանա լճում շուրջ 1․5 մետր ջրի նվազում է գրանցվել։ Այնպես չէ, որ դա մեզ չի անհանգստացնում, հուսանք՝ դա վնաս չի հասցնի էկոհամակարգին։ Երաշտը լուրջ խնդիրներ առաջացրեց Վանա լճում, հատկապես այս տարի»,- նշել է հետազոտողը: