Հոկտեմբերի 2-ին երգչուհի Նարե Գրիգորյանի որդին՝ Ժիրայրը, դարձավ 2 տարեկան: ArmLur.am-ը որդու տարեդարձի մանրամասների շուրջ զրուցել է Նարե Գրիգորյանի հետ:
Նարեն մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի ցավալի իրադարձությունների արդյունքում չի կարողացել տոնել որդու տարեդարձը:
«Որդուս 1 ամյակն անցած տարի ցավոք նշել չկարողացա չարաբաստիկ պատերազմի պատճառով, չնայած, որ գրեթե մեկ ամիս առաջ արդեն սկսել էի նախապատրաստվել տարեդարձին, բայց ցավոք այն տեղի չունեցավ այնպես, ինչպես, որ պլանավորել էի, պարզապես նշեցինք ընտանիքի անդամներով: Իսկ այս տարի պատերազմի տարելիցն էր, եւ կրկին վերապրելով, վերհիշելով այդ մղձավանջը նույնպես չկարողացա լիաթոք նշել որդուս տարեդարձը, բացի այս վաղաժամ կյանքից հեռացավ մեր շատ սիրելի Հայկոն, մեծ ցավ էր մեզ համար, շոկի մեջ էինք, ոչ մեկս տրամադրություն չունեինք ինչ-որ բան նշելու, եւ փաստացի ստացվում է, որ բալիկս արդեն երկրորդ տարին է, ինչ ծննդյան նորմալ արարողություն չի ունենում»,-նկատեց Նարեն, միեւնույն ժամանակ նշելով, որ լիահույս է, որ ամեն ինչ լավ կլինի, ժամանակը բոլոր վերքերը կբուժի եւ նորից սիրտ կգտնենք որեւէ մի միջոցառում ավելի լայնամասշտաբ տոնելու համար:
«Չնայած այս բոլոր իրադարձություններին, գիշերը 12:00-ին ընկերներս, հարազատներս իմանալով, որ ոչինչ չեմ կազմակերպել, իրենք իրենց նախաձեռնությամբ որդուս սիրելի հեքիաթի հերոսների կերպարներով անակնկալ մտան տուն եւ մեծ ուրախություն պարգեւեցին բալիկիս: Ցավոք ներկա չէր նաեւ ամուսինս, քանի որ նա այս պահին գտնվում է Միացյալ Նահանգներում, թեպետ հեռվից շնորհավորեց որդուն, իհարկե եղան նաեւ նվերներ, իսկ սկսեսուր մայրիկը մեծ տորթ էր ուղարկել: Այսպիսով՝ ունեցանք տորթ, մոմեր, բայց չունեցանք ծննդյան արարողություն»,-պատմեց երգչուհին:
Նարեն մեզ հետ զրույցում խոսեց նաեւ որդու նախասիրությունների մասին. «Հետաքրքիրն այն է, որ ով ցանկանում է որդուս հետ լավ հարաբերություններ ունենալ, կարող է նրան ընդամենը մեկ փոքրիկ մեքենա գնել, եւ դա բավական է, որպեսզի նա իրեն երջանիկ զգա: Նա խենթանում է փոքրիկ մեքենաների համար, եւ արդեն մեր տան ամեն անկյունում դրված են նրա մեքենաները: Այդ առումով նա շատ նման է ամուսնուս, չնայած ամուսինս մասնագիտությամբ իրավաբան է, բայց իր ողջ գիտակից կյանքն անցկացրել է մեքենաների մեջ, հատկապես սպորտային եւ շատ լավ հասկանում է»:
Հարցին, թե արդյոք չի պատրաստվում կրկին մայրանալ, երգչուհին նշեց, քանի դեռ ներում է մեր առողջությունը պետք է շատ երեխաներ ունենանք:
«Կարծում եմ, յուրաքանչյուր հայ ծնող եւ մեր ազգի մեջ ընդունված է, որ պետք է ունենալ շատ երեխաներ եւ այս պատերազմից հետո եւս մեկ անգամ համոզվեցինք, որ պետք չէ մեկ երեխայով սահամանափակվել, եւ քանի դեռ ներում է առողջությունդ, պետք է շատ բալիկներ ունենանք, որպեսզի շատանանք, որպեսզի մեր ազգն էլ ավելի մեծ լինի, եւ ամենակարեւորը մեծացնենք լավ քրիստոնյաններ մեր ազգի համար»:
Լիդա Եղիազարյան