Գյումրիում մեկ ուժ է, որը բացահայտ ընդդիմադիր է, մյուսների պարագայում շատ խիստ կասկածներ ունեմ. Համբարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին խորհրդարանական ընդդիմության չմասնակցությունն ու կողքից սոսկ «դիտորդի» կարգավիճակով հետևելը քաղաքագետ Գագիկ Համբարյանը տարօրինակ է համարում: Գյումրեցի քաղաքագետի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է ընդդիմությունը փոշիացնում ձայները, հատկապես եթե հայտարարել է, որ ամեն ինչ անելու է իշխանություններին օր առաջ տուն ճանապարհելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը Համբարյանի հետ զրուցել է նախընտրական Գյումրիում տիրող տրամադրությունների, քաղաքական պայքարի ու հարակից հարցերի վերաբերյալ:

-Ի՞նչ է կատարվում: Քաղաքական ի՞նչ պայքար է ընթանում Գյումրիում, ու արդյոք քաղաքական է, թե ոչ: Նախընտրական ի՞նչ տրամադրությունների մեջ է Գյումրին:

-Ես ինքնս, քանի որ բացարձակ չեմ մասնակցում ընտրություններին, ես էլ չեմ պատկերացնում այս ընտրությունների քաղաքական բաղադրիչը, որովհետեւ որպես գյումրեցի ու կողքից դիտող, կարող եմ ասել, որ որեւիցէ քաղաքական ակտիվություն ես չեմ տեսնում: Հիմնական պայքարը ընթանում է գործող իշխանությունների եւ դրանց հետ համագործակցության եզրեր գտած քաղաքական ուժերի միջեւ: Որպես այդպիսի, բացահայտ ընդիմադիր մեկ ուժ կա, անունը չեմ ուզում, որպեսզի որեւէ մեկի համար գովազդ չլինի: Մեկ ուժ է, որը բացահայտ ընդդիմադիր է: Մյուսների պարագայում շատ խիստ կասկածներ ունեմ, որ նախ ընդդիմադիր են եւ երկրորդը, շատ դեպքերում փաստեր էլ ունեմ, որ համագործակցում են այս իշխանությունների հետ:

-Այսինքն ձայներ են փոշիացնո՞ւմ:

-Ոչ միայն ձայներ են փոշիացնում, այլեւ շատ լավ գիտեն, որ գործող իշխանությունների միջեւ թեկնածուն բավական թույլ է, որքան էլ իրենք փորձեն գործող իշխանությունների թեկնածուին՝ Շիրակի մարզպետին, ներկայացնեն գյումրեցի: Ինքը գյումրեցի չէ:

-Իսկ որտեղի՞ց է:

-Ինքը Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղից է: Գյումրիում ապրել է շատ քիչ, տեղափոխվել է Մոսկվա եւ Գյումրի է ժամանել, որքան գիտեմ, 2016թ.-ին: Այսինքն, ինքը որպես այդպիսի գյումրեցի չէ: Նա Շիրակի մարզից է, բայց գյումրեցի չէ: Ինձ համար անհասկանալի է մեր ընդդիմության պահվածքը: Ամեն դեպքում իմ ունեցած տեղեկություններով, նույն «Հայաստան» դաշինքը Գյումրի քաղաքում, որքան գիտեմ, 20-21 տոկոս ձայն է հավաքել: Շատ զարմանալի է, որ 21 տոկոս ձայն հավաքած քաղաքական դաշինքը իր սեփական թեկնածուով հանդես չի գալիս: Ամեն դեպքում դա ընտրազանգված է, որը, ըստ տրամաբանության, պետք է նույն ընդդիմության կողմից ուղղորդվեր ու ղեկավարվեր: Ընդդիմադիր զանգվածի մեծ մասը չի էլ գնա ընտրության: Սա շատ մեծ խնդիր է ընդդիմության համար, որովհետեւ մենք գիտենք, որ ՏԻՄ ընտրությունները տարբերվում են Ազգային ժողովի ընտրություններից: ՏԻՄ ընտրություններում անհատական գործոնը շատ մեծ է: Նույն դաշնակները, որոնք երկար տարիներ ջանում էին Շիրակի մարզում մարզպետ ունենալ, հիմա իրենց ընտրազանգվածին ինչո՞ւ անտեր թողեցին: Թող իրենք էլ մասնակցեին ընտրությանը, ձեւավոեին ավագանու թիմ, չէին էլ հաղթելու ու թող «օրու արեւ չտային» հաղթողին: Հիմա հարց է առաջանում, ինչն էր պատճառը. պատճառը կադրային սխալ քաղաքականությունն էր ի սկզբանե, որը, տարվեց իրենց կողմից Շիրակի մարզում:

-Ձեր ասածից ստացվում է, որ մի տեսակ օգնում են իշխանություններին: Այդպե՞ս է ստացվում:

-Այո, այո: Հենց էդպես: ԲՀԿ-ն, որը Գյումրիում միշտ ունեցել է մեծ ընտրազանգված, չի մասնակցում: ԼՀԿ-ն, որն ուներ բավական մեծ քանակությամբ ընտրազանգված եւս չի մասնակցում: ՏԻՄ ընտրությունները միշտ տարբերվել են համապետական ընտրություններից: Եվ էստեղ անձնական գործոնը շատ մեծ է:

Սեւակ Վարդումյան




Լրահոս