Ինչպես հայտնի է` 2021 թվականի սեպտեմբերի 8-ին կալանավորվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ իրավապահների` Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք, ընդհանուր առմամբ՝ խոսքը 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։
Աղվան Հովսեփյանը 45 տարի շարունակ աշխատել է իրավապահ ոլորտում, զբաղեցրել բարձր պաշտոններ։ Նրան առաջադրված մեղադրանքներով նախատեսված է առավելագույնը 12 տարվա ազատազրկում։ Նախկին գլխավոր դատախազը մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբանն ասաց՝ անազատության մեջ գտնվող 68-ամյա Հովսեփյանն առողջական խնդիրներ ունի. «Շաքարային դիաբետ` ծանր ձևը, ինսուլինը կախյալ առումով, այս պահին կայուն է առողջական վիճակը»:
Նշենք, որ Հովսեփյանը կալանքը կրում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ»-ի պադվալում:
ՀՔԾ-ի կողմից Աղվան Հովսեփյանի կալանավորումից հետո իրավապահների մրցավազքի մեկնարկը տրվեց եւ գործի անցավ ԱԱԾ-ն :
Նույն ամսվա մեջ սեպտեմբերի 30-ին
Դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՊՆ-ին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն:
Տոնոյանն ու «Պատրոն Դավո»-ն անցնում են ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:
Ազգային անվտանգության ծառայությունն հայտնել է, որ նա, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նախաքննական մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ քրեական գործի մանրամասները ներկայացված չեն, միայն նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցել ԶՈւ նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` առանց անունների:
Ավելի ուշ կալանավորվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, որը եւս գտնվում է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ»-ի պադվալում:
Ստացվում է՝ մեկ ամսվա մեջ կալանավորվում են 3 հայտնի նախկին պաշտոնյաներ, որոնց իրավապահները պահում են մեկ տանիքի տակ՝ ԿԳԲ-ի պադվալում: Ինչով կավարտվի իրավապահների այս գրոհը, հետեւենք զարգացումներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան