ՊԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ 14 ՕՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը հետողորմիա է անում նախարարի որոշումը: Հիշեցնենք, որ, նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ, վաղվանից բոլոր հիմնարկությունները պետք է աշխատակիցներից աշխատանքի ներկայանալիս պահանջեն կա՛մ պատվաստումը հավաստող տեղեկանք, կա՛մ կորոնավարակի բացասական թեստի պատասխան: Այս որոշումը ոչ միայն հակասահմանադրական էր, այլեւ խտրական վերաբերմունքի դրսեւորում: Բացի այդ, անկազմակերպ իրավիճակը հանգեցրել է այնպիսի իրողության, որ տեստ հանձնելու բոլոր լաբորատորիաներում արդեն մի քանի օր է՝ հսկայական հերթեր են:

Եւ, ահա, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ աշխատողների համար քովիդի թեստի պատասխանը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեեւ օրենքն ուժի մեջ է մտնում այդ օրվանից։

ՀՀ առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնել են, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որեւէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։

Թերեւս դժվար չէ կանխատեսել, որ առաջիկայում էլ պարտադրանքի մյուս ձեւերն էլ իրենց արդիականությունը կկորցնեն:

 

 

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իշխանական թեւի ներկայացուցիչների համար զարմանալի մի որոշում է կայացրել: Բանն այն է, որ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին ՌԴ է հրավիրել, ու վերջինս էլ, բնականաբար, ընդունել է հրավերը եւ մտադիր է մեծ իշխանական պատվիրակությամբ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնել: Անգամ այնպիսի պատգսմավորներ են ընդգրկվելու պատվիրակության կազմում, որ ռուս-հայկական հարաբերությունները ջերմացնող ոչինչ չեն արել՝ հակառուսական դիրքորոշումներով հայտնի իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ռուսական հարաբերությունների ջերմացման հարցում որեւէ «գործ» չարած Արուսյակ Ջուլհակյանը, Անդրանիկ Քոչարյանը, նախկին լրագրող-պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արթուր Հովհաննիսյանը: ՔՊ-ական պատգամավոր  Վլադիմիր Վարդանյանին եւս հնարավոր է Սիմոնյանը ընդգրկի պատվիրակության կազմում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը որոշել է հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում ՌԴ կատարելիք այցի պատվիրակության կազմում ընդգրկել իր վաղեմի բարեկամներ, ԱԺ ՔՊ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Գուրգեն Արսենյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ քանի որ Ալեն Սիմոնյանին է անձամբ հրավերը եղել, նա միանձնյա է որոշում՝ ում հետ գնալ, եւ որոշվել է որեւէ ընդդիմադիր պատգամավոր չընդգրկել պատվիրակության կազմում: Իշխանության ներսում եւս տարօրինակ են համարել Սիմոնյանի որոշումը, քանի որ եթե հնարավոր էր նման հանդիպումներով հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդել, ջերմացնել, մի օգտակար գործողություն իրականացնել, ապա տարօրինակ է, որ պատվիրակությունում կլինեն այնպիսի մարդիկ, որոնք այդ հարաբերություններում «չկան», զուտ էքսկուրսիա են գնալու Մոսկվա: Ի դեպ, նշվում է, որ այդ այցի շրջանակներում հանդիպում է նախատեսված նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունում ներքին քննարկումներ են ընթացել զինվորական դատախազի առաջին տեղակալի նշանակման մասով։ Բանն այն է, որ նախկին զինվորական դատախազի առաջին տեղակալին հեռացրել են աշխատանքից, քանի որ նրա եղբայրը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, որի առնչությամբ իրավապահ մարմինները գործընթաց են սկսել. գործարանի բաժնետերերից է նաեւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ որոշում են կայացրել զինվորական դատախազի առաջին տեղակալ նշանակել հենց համակարգից, եւ այդ պաշտոնի համար ընտրել եւ նշանակել են Զինվորական դատախազության հատկապես կարեւորագույն գործերով վարչության պետ Գուրգեն Հակոբյանին։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատանքի ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ անելու հարցն է: Հարցի զեկուցողն աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն է: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը  ցանկանում է եւս մեկ քայլով բարելավել պետական պաշտոնյաների  կյանքը: Ըստ նախագծի՝ պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք սոցփաթեթների գումարներով կարողանում էին առողջապահական ծախսերը հոգալ կամ հանգիստը կազմակերպել, այժմ նաեւ այդ գումարները սպորտային-առողջապահական համալիրների մատուցած ծառայություններին ու ուսանողական վարձերը վճարելուն կուղղեն: Ստացվում է՝ հետպատերազմական իրավիճակում գտնվող երկրում, որտեղ օր օրի ավելանում են սոցիալական ու տնտեսական խնդիրները, հաշմանադամություն ու բուժման կարիք ունեցող անձինք հաճախ դրսում բուժում ստանալու կարիք ունեն, պաշտոնյաներն ընդլայնում են իրենց «կոմֆորտ զոնան», որպեսզի սոցփաթեթների հաշվին կարողանան թե՛ մարզասրահ այցելել, թե՛ իրենց կամ երեխաների ուսման վճարները փոխհատուցել: Զարմանալի է՝ հանձնաժողովի նախագահ, կոռուպցիայի դեմ մշտապես պայքարող Հերիքնազ Տիգրանյանն ինչու ու ինչ պատճառաբանությամբ է նախագիծը հրատապ համարել ու արտահերթ նիստով որոշել անցկացնել այն: Ի դեպ, առաջարկ կա պարտադիր ՊՇՌ տեստերի գումարն էլ փոխանցել սոցփաթեթների հաշվին, սակայն կառավարությունը դեռ այս մասով լռում է:




Լրահոս