«ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԻՆ ՉՀԱՍՆԵՆՔ, ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը համոզված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ պլաններ ունի ընդդիմությունը, ինչու որոշեց փողոցային պայքար սկսել:

 

-«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր փողոցային պայքարի պատրաստակամության մասին, դուք էլ ձեր հերթին պատրասկատամություն եք հայտնել այդ շարժմանը միանալու մասին: Հիմա ոչ մի կողմից ակտիվություն չի նկատվում փողոց դուրս գալու, պայքար սկսելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Անտեսանելի՞ էր մի քանի օր առաջ տեղի ունեցած երթը:

-Ջահերով ե՞րթը միայն նկատի ունեք: Այսինքն՝ այդ միա՞կն էր, թե՞ դա սկիզբն է:

-Մեր քաղաքական միավորի՝ Հանրապետական կուսակցության համար փողոցային պայքարը չի դադարել: Այսինքն՝ մենք այն վերսկսելու խնդիր չունենք: Այս ընթացքում էլ են փողոցային ակցիաներ տեղի ունեցել՝ տարբեր չափերի ու ծավալի: Այնպես որ, փողոցայնի պայքարը եղել է, կա ու շարունակվելու է:

-Այսինքն՝ հիմա ունե՞ք քննարկումներ դուրս գալու փողոց ու ակցիաներ անելու:

-Դրանք մեր ընթացիկ պայքարի միջոցներից են, որոնք ոչ մի վայրկյան չեն դադարել:

-Հիմա ձեզ քննադատում են, գուցե նաեւ ձեր համախոհներն ասում են, թե 17+-ը չհաջողեց  եւ չկարողացավ իր նպատաիկն հասնել: Ինչպե՞ս պետք է հիմա կարողանաք հասնել այդ նպատակին: Այսինքն՝ եթե մեկ անգամ «տապալել եք», ինչպե՞ս է հաջողվելու հետագայում հաջողության հասնել:

-Նախ՝ ճիշտ ձեւակերպենք. 17+-ը իր հիմնական, մեծ նպատակն էր տապալել, բայց ընթացիկ գործընթացներում գրանցվել են որոշակի ձեռքբերումներ, որոնք, իհարկե, մեզ համար շատ քիչ են: Մինչեւ վերջին շունչն ու հնարավորությունը՝ ԱԺ գործիքակազմից մինչեւ փողոցային պայքարի տարբեր տեսակները, մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկրին վերադարձնենք արժանապատվությունը եւ ազատվենք հակահայ քաղաքական գործիչներից:  Թե որն ավելի շատ կամ քիչ հաջողեց, պայքարը դրանով չի որոշվում: Մենք  բոլոր գործիքներով մեր պայքարը շարունակելու ենք:

-Պարո՛ն Մամիջանյան, Դուք ասում եք գործիքակազմ, գործիքները որո՞նք են, կամ, առհասարակ, օրակարգը ո՞րն է: Այսինքն՝ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարութունից հետո ձեր նպատակը դավաճան իշխանություններին հեռացնելն է: Ստացվե՞ց:

-Այո, նոեմբերի 10-ից հետո՝ ցայսօր: Մինչեւ մենք մեր նպատակին չհասնենք, չի փոխվելու:

-Իսկ գործիքակազմերը որո՞նք են: 

-Ես չեմ համարում, որ եթե մենք պայքարում ենք իշխանությունների դեմ  մի քիչ քիչ հավանական է, որ ես հիմա ասեմ, թե ինչ կոնկրետ պլաններ ունենք: Այն ամենը, ինչ արել ենք, մի քանի բան էլ ավել շարունալվելու է:

-Դուք այս պահին, եթե չեմ սխալվում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով էլ եք զբաղված: Ինչքան տեղյակ ենք, Դիլիջան քաղաքում թեկնածու ունեք: Դա է՞լ եք դիտարկում այդ ամբողջի մեջ:

-Հանրապետական կուսակցությունը ունի թեկնածու Գյումրիում, իսկ «Հայրենիք»-ը՝ Դիլիջանում:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ շանսեր ունեք:

-«Հայրենիք»-ն ու Հանրապետականը ազդեցիկ դերակատարում ունեն, իսկ արդյունքների մասին ընտրություններին ավելի մոտ գնահատական կտրվի:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ 3-ՐԴ ՕՐԸ 

Ըստ Հայաստանի զինված ուժերի՝ գիշերը մարտերը շարունակվել են ավելի պակաս ինտենսիվությամբ։ Ի՞նչ է կատարվել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ պատերազմի երկրորդ օրը։ Ըստ հայկական զինված ուժերի՝ նրանք զգետնել են 2 ադրբեջանական IAI Harop տեսակի ԱԹՍ։

 

Ըստ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ ժամը 10։00-ից սկսած՝ թուրքական F-16 համակարգերի, ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչների, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ների միջոցով ռմբակոծվել են Հադրութի եւ Մարտունու շրջանի բնակավայրերը։ Մոտավորապես ժամը 11։10-ի մոտ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական զինուժը օդային հարձակման է անցել հյուսիսային ուղղությամբ։

Ժամը 13։00-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ ոչնչացվել են ադրբեջանական մեծ թվով կենդանի ուժեր, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ռազմական տեխնիկա։

Ժամը 15։30-ի մոտ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ խոցվել են ադրբեջանական զինուժի դիրքեր՝ ներկայացնելով տեսանյութ։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաեւ վիրավորներ։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ հայկական զինված ուժերը տեղեկատվություն է ստացել, որ Թուրքիայից Ադրբեջանը ստացել է «Բայրաքթար» տեսակի անօդաչու սարքեր, նաեւ Ադրբեջանում աշխատում են թուրքական F-16 ինքնաթիռները։

17։00-ի մոտ հրապարակվեցին սեպտեմբերի 29-ին խոցված Սու-25 ինքնաթիռի նկարները։

18։00-ի մոտ, ըստ հայկական զինված ուժերի, իրենց կողմից խոցվել են «Սմերչ» եւ «Ուրագան» տիպի ռեակտիվ կայանքներ։ BBC խմբագրականը հարցազրույց էր վերցրել Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանից, որը նշել էր, որ իրենց խաբել են՝ բերելով ռազմաճակատ։

Երեկոյան Արցախի ՊԲ-ն հրապարակեց 23 զոհված զինվորականի անուն։

Ըստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի առաջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական այնքան ռազմական տեխնիկա, որքան արցախյան առաջին ազատամարտի ժամանակ։

Ըստ Արցախի ՊԲ-ի՝ ադրբեջանական զինուժի կորուստները եղել են 130 զոհ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 ՏՈՍՍ ծանր հրանետային կայանքներ եւ 11 անօդաչու թռչող սարքեր։

44-օրյա պատերազմից հետո հայտնի դարձավ, որ հայկական իշխանությունների կողմից հայտնած բոլոր տեղեկությունները միշտ չէ, որ ճիշտ են եղել, եւ մնում է հասկանալ՝ որոնք են իրականություն, որոնք՝ ոչ։

Ն. Հ.

 

 

ԿԵՂԾ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, քաջատեղյակ լինելով, որ առողջական վիճակը չի համապատասխանում սահմանված կարգով զենք պահելու եւ կրելու թույլտվություն ստանալուն, առանց բժշկական հետազոտության ենթարկվելու, նախաքննությամբ չպարզված անձից ձեռք է բերել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ, որը 31.01. 2019թ. ներկայացրել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչություն, որի արդյունքում ստացել է ինքնապաշտպանական զենք կրելու թիվ Գ-9849 թույլտվությունը, նախաքննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել «կԾՀ» մոդելի 9մմ տրամաչափի 1833500058 գործարանային համարով գազային ատրճանակ, որը 2019 թվականի նոյեմբերի 3-ին ապօրինի կերպով կրել է:

 

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը Երեւանում բնակարան չունի: Համենայնդեպս, այդպես նշված է նրա՝ 2020 թվականի վերաբերյալ հայտարարագրում: Նրա անշարժ գույքը գտնվում է Տավուշի մարզում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանության պետի հայտարարագրում նշված է, որ Վահե Ղազարյանն ունի անհատական բնակելի մեկ տուն Տավուշի Գետահովիտ համայնքում, որն էլ որպես նվիրատվություն է ստացել 2013-ին, եւ արտադրական նշանակության մեկ շինություն՝ Իջեւանում: Ոստիկանապետն ավտոմեքենա չունի: Բանկային հաշիվներին ավանդներ չկան, բայց կանխիկ դրամը նախորդ տարեվերջին կազմել է 10 մլն դրամ եւ 8500 դոլար: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ոստիկանապետի 2020 թվականի եկամուտը գոյացել է սեփական աշխատավարձից, որն էլ ամսական կազմել է 1 մլն 360 հազար 350 դրամ: Համեստ ունեցվածք ունի ոստիկանապետի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանը. ըստ նրա հայտարարագրի՝ կանխիկ դրամը կազմել է 600 հազար դրամ: Իսկ եկամուտը Երեւանի քաղաքապետարանից եւ Նորք-Մարաշի թաղապետարանից ստացած աշխատավարձն է, որն ընդհանուր կազմել է 1 մլն 570 հազար դրամ, այսինքն՝ ամսական 130 հազար դրամ: Ոստիկանապետի կինը անշարժ եւ շարժական գույք չունի:

 

 

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

ՀՀ-ում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կացության կարգավիճակ է ստացել  3 հազար 626 օտարերկրացի ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ 993-ը՝ Հնդկաստանից, 722-ը` Ռուսաստանի Դաշնությունից, 471-ը՝ Իրանից, 150-ը` Ուկրաինայից, 141-ը՝ Լիբանանից, 134-ը՝  Վրաստանից, 120-ը՝ Իրաքից։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը, ՀՀ-ում կացության կարգավիճակները տրամադրվում են տարբեր հիմքերով՝ ընտանիքի հետ միավորում (499), ուսման (1 295), աշխատանքի (491), ձեռնարկատիրական գործունեության (68) եւ ազգությամբ հայ լինելու (43): Հնդկաստանի 882 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 52-ին՝ աշխատանքի։ Իրանի 120 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 114-ին՝ աշխատանքի:

 




Լրահոս