2 ԱՆՁԻ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով եւս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ  իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել էին դեպքերի հանգամանքները, միջադեպին մասնակից մի շարք անձանց ինքնությունը: Նշենք, որ ավելի վաղ քրեական գործից 19 անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել էր եւ այժմ դատաքննության փուլում է:

 

Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2021 թվականի օգոստոսի 27-ին հայտնաբերվել եւ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձանցից եւս մեկը, իսկ օրեր անց եւս մեկ անձ ինքնակամ ներկայացել է իրավապահներին:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից Նորատուս համայնքի բնակիչներ Վ. Ավետիսյանը եւ Զ. Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը եւ Վ. Դավոյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲ ընկերություն:

Դեպքից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, սպանվածների հարազատներն ու ընկերները  բազմաթիվ անձանց հետ հավաքվել էին նշված բժշկական կենտրոնի մոտ եւ հայհոյելով, աղմկելով, համոզված լինելով, որ վերջիններս են սպանել իրենց հարազատներին, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու եւ վրեժխնդիր լինելու կոչերով, փորձել էին ներխուժել ոստիկանության ծառայողների հսկողության ներքո գտնվող «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենք:

Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ տարածքն ազատելու, կուտակումներ չստեղծելու, բռնության կոչեր հնչեցնելը դադարեցնելու օրինական պահանջներին՝ մի խումբ անձանց հրահրմամբ սկսվել էին զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները բռնություն էին գործադրել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ, կոտրել էին բժշկական կենտրոնի մուտքի դռներն ու պատուհանները եւ ներխուժելով ներս՝ կոտրել, վնասել ու ոչնչացրել էին բժշկական կենտրոնին պատկանող տարբեր տեսակի գույքը, կայանված երկու շտապբուժօգնության ավտոմեքենաների անվադողերը՝ պատճառելով նյութական վնաս:

Այդ ընթացքում անկարգությունների մասնակիցներից մեկը, ով Նորատուս գյուղի բնակիչ է, ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ կոտրելով հիվանդասենյակների դռները եւ դրանցից մեկում հայտնաբերելով Դ. եւ Ա. Հայթյաններին, վրեժխնդրության դրդումներով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով դանակով եւ բռունցքներով հարվածներ էին հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին,  սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցվել՝ իրենցից անկախ հանգամանքներով.  կարծելով, որ Հայթյաններին սպանել են, հեռացել էին:

Ն. Հ.

 

 

ՉԻ ԱՊԱՀՈՎԻ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը, առանց անվտանգության գոտու ստեղծման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքները, այլեւ կդառնա նոր խախտումների ու լարվածության պատճառ: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի օգնական Տաթեւիկ Մանուկյանը:

«Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել ատելության եւ թշնամանքի քարոզը, այլեւ խորացրել են հայատյացության եւ ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը ՀՀ ողջ բնակչության նկատմամբ, խոսքն իրական ցեղասպանության քաղաքականության մասին է»,- ասել է նա: Վերջինիս խոսքով՝ ՄԻՊ գրասենյակը մշտադիտարկել է ադրբեջանական սոցիալական մեդիայի եւ մամուլի հրապարակումները, որոնք ցույց են տվել, որ խոշտանգումներն ու դաժանությունները, որոնք եղել են պատերազմի ընթացքում ու դրանից հետո, ադրբեջանական հայատյաց քաղաքականության վառ արդյունքն են: «ՄԻՊ-ը մշտադիտարկման արդյունքում վեր է հանել 300 տեսանյութ, որոնք վերաբերում են հայկական կողմի գերիների, անհետ կորածների խոշտանգումներին: Տեսանյութերը թարգմանվել են մի քանի լեզուներով: Պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ դաժանությունների կրկնվելու իրական վտանգը այսօրվա դրությամբ վերացած չէ, եւ տեղի ունեցածի համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,-ասել է նա:

ՄԻՊ-ի օգնականն ընդգծեց՝ մինչ օրս ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զորքերի անօրինական գտնվելու փաստը մեկ անգամ եւս հաստատում է, որ սահմանազատումը, առանց անվտանգության գոտու ստեղծման, կշարունակի վտանգել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:

 

 

ՔՐԳՈՐԾ 

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձած, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Օ. Հ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի՝ 1,43 գրամ քաշով Մեթամֆետամին եւ 5,02 գրամ քաշով Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, ինչպես նաեւ խոշոր չափի՝ ընդհանուր 8,53 գրամ քաշով Հաշիշ: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ հարուցվել է քրեական գործ:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել կեղծված ակցիզային դրոշմանիշերի իրացման համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։ Քննությունը պարզել է, որ մեղադրյալը 3051 կեղծված ակցիզային դրոշմանիշ է իրացրել Թբիլիսիում 2,7 հազար դոլարի չափով ալկոհոլի համար։ Հենց այդ պահին էլ մեղադրյալը ձերբակալվել է։ Քննություն է ընթանում «կեղծ ակցիզային դրոշմանիշների օգտագործում, իրացում, պատրաստում» հոդվածով։ Մեղադրյալին սպառնում է 4-6 տարվա ազատազրկում։

 

 

ՈՒԹ ԱՆՁԻ

2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված արցախյան պատերազմի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության հրապարակումից հետո արձանագրվել էին պատերազմի ընթացքում անհետ կորած, զոհված, ինչպես նաեւ գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու բազմաթիվ դեպքեր: Դատախազությունից հայտնում են, որ անձինք տարբեր եղանակներով կապեր են հաստատել ՀՀ ԶՈՒ զոհված, անհայտ կորած համարվող կամ Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողների, հարազատների հետ՝ ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորականներ կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, այլ երկրի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցողներ: Շահելով ծնողների, հարազատների վստահությունը՝ այդ անձինք վերջիններիս հավաստիացրել են, որ հստակ տեղեկություններ ունեն իրենց որդու ողջ լինելու, Ադրբեջանի կոնկրետ բնակավայրում կամ կոնկրետ քրեակատարողական հիմնարկում գտնվելու վերաբերյալ, ունեն հնարավորություններ միջնորդավորված, այլ երկրներում իրենց անձնական կապերն օգտագործելով, համապատասխան գումարի, կաշառքների դիմաց ապահովել գերության մեջ գտնվող իրենց հարազատի բուժումը, ինչպես նաեւ գերությունից ազատումը եւ երրորդ երկրի տարածքով ՀՀ տեղափոխումը: Առանձին դեպքերում նրանց հաջողվել է նշված պատրվակներով ստանալ առաջարկված խոշոր չափերի գումարների մի մասը, սակայն խարդախությամբ նրանցից հափշտակություն կատարելու իրենց հանցավոր մտադրությունները տվյալ անձինք մեծամասամբ մինչեւ վերջ իրականացնել չեն կարողացել, քանի որ իրացված օպերատիվ-հետախուզական եւ այլ միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից: Գերության մեջ գտնվող, անհետ կորած կամ զոհված անձանց հարազատներից վերոնշյալ սխեմայով հափշտակություններ կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերի, 34-178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 12 քրեական գործ: Կատարված նախաքննության արդյունքում 9 քրեական գործով 9 անձի նկատմամբ նույն հոդվածներով առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1-ին նկատմամբ՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին: 8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություններով, ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնցով ներկայում դատաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս