ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ՞ ԱՐԴՅՈՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրի սակագինը կբարձրանա, թե կմնա անփոփոխ, պարզ կդառնա առաջիկայում։ 1 խորանարդ մետրի դիմաց գործող 180-ի փոխարեն «Վեոլիա ջուրը» սակագինը ցանկանում է բարձրացնել 43.7 դրամով։ Փոփոխության համար ընկերությունն անցած ամիս էր հայտ ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Կառույցում դեռ հայտն են ուսումնասիրում, դրա համար մինչեւ դեկտեմբերի 1-ը ժամանակ ունեն։

 

Ջրի սակագինը վերանայելու հայտ ներկայացնելու հնարավորություն «Վեոլիա ջրին» պետության հետ կնքված պայմանագիրն է ընդձեռում. նկատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Վարձակալը մրցույթի արդյունքում երբ հաղթող է ճանաչվել, ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ընդամենը երեք գործոնով ենթարկվում են ճշգրտման: Հիմա եթե նայենք զուտ բազիսային գնին, 22 թվականի համար արդեն իսկ բազիսային գինը, դեռեւս հաշվի չառած սղաճը, ջրի ծավալների փոփոխությունը եւ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը, որոնք ճշգրտման գործոններն են, բազիսային սակագինն արդեն 214 դրամ էր, այսինքն՝ այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում՝ մրցույթի ժամանակ դեռեւս ձեւավորված»,- ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:

Բաղրամյանը պարզաբանում է՝ որպես սակագինը բարձրացնելու հիմք՝ «Վեոլիա ջուրը» նաեւ էլեկտրաէներգիայի թանկացումն ու սղաճն է ներկայացրել: Մինչ այդ հայտը ուսումնասիրության փուլում է, հանձնաժողովն ու պետությունը «Վեոլիա»-ի հետ քննարկում են առաջիկա 10-ը տարվա համար հաստատուն սակագին ունենալու հարցը։ Այնուամենայնիվ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հաստատում է՝ պետական մարմնի առաջարկում էլ որոշակի թանկացումներ են նախատեսվում։

«Եթե տեսել եք պայմանագիրը, այնտեղ ունենք սցենար, որ բարձրանա մինչեւ 25-26 թվականը, հետո սկսում է նվազել: Հիմա բանակցում ենք «Վեոլիա»-ի հետ 10 տարվա համար որոշակի հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար: Այսինքն՝ դեռեւս վերջնական փուլում չէ, բայց ենթադրում եմ, որ կունենանք որոշակի հաստատուն գին մոտ 10 տարվա համար», – նշել է Բաղամյանը: Վերջինս ասում է՝ սակայն այդ փոփոխությունն այնպես պետք է անեն, որ դա ազդեցություն չունենա պետական բյուջեի վրա. «Եվս մեկ գործոն ենք ուզում մտցնել այս տարվանից ջրային համակարգի սակագներում, ինչպես գիտեք, էլեկտրաէներգիայում եւ գազում ունենք սոցիալապես անապահով սպառողների խումբ՝ շուրջ 120 համար բաժանորդ՝ էլեկտրաէներգիայում, եւ 80 հազար՝ գազում, այդ նույն խումբը, որը ջրում կարող է կազմել մոտ 100 հազար բաժանորդ, կստանա նորից արտոնյալ պայմաններով գին: Ենթադրվում է, որ նրա գինը չի փոխվի, եւ այդ ազդեցությունը կտարածվի մնացած սպառողների վրա»:

«Վեոլիա»-ն ջրային համակարգի վարձակալության համար վճարումներ է իրականացնում պետությանը։ Ջրի սակագինը վերջին տարիներին անփոփոխ է մնացել հենց վարձակալության գնի նվազեցման արդյունքում։ Ֆրանսիական ծագմամբ ընկերությունը 2017-ից 15 տարով է վարձակալության տնօրինելու իրավունք ստացել։ Այս տարիների ընթացքում հենց պայմանագրով է պարտավորվել 37.5 մլրդ դրամի ներդրում իրականացնել։ Թե որքան ներդրում է արել վերջին 5 տարում, ընկերությունից փորձել ենք հարցման միջոցով պարզել։ «Վեոլիա»-ից 1 շաբաթ առաջ ուղարկված հարցմանը դեռ չեն պատասխանել։ Մինչ այդ, սպառողները դժգոհում են հաճախակի ու տեւական ջրանջատումներից, տարիներ շարունակել էլ ընկերությունը խոշոր ջրային կորուստներից է դժգոհում։

Ն. Պ.

 

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐՏՔԻ ՏԱԿ

2020թ. Իջեւան քաղաքում կատարվել են Մայիսի 28-ի փողոցի վերանորոգման աշխատանքները։ Վերանորոգումը կատարվել է պետական բյուջեի միջոցներով։ Իջեւանի քաղաքապետարանից անցյալ տարի «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ճանապարհի նորոգման մրցույթը 110 միլիոն դրամով շահել է «ԱրտԱրս» ՍՊԸ-ն։ Քանի որ այդ ընկերությունը ճանապահաշինության ոլորտում հայտնի չէր, տեղեկացանք, որ ընկերության տնօրենը Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղից գործարար Արսեն  Գյոզալյանն է, որը նախկինում բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, այդ ընկերությունում նրա գործընկերը Արթուր Աթաբեկյանն է, ընկերության անվանումն էլ երկուսի անունների կեսի համակցումից է առաջացել։

Այս տարեսկզբին «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրտԱրս» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման մասին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, դատարանի որոշմամբ հայցի ապահովման միջոց է կիրառվել։ 2021թ. մայիսի 5-ին հայցվոր «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի կողմից միջնորդություն է ներկայացվել հայցի ապահովումը վերացնելու, կատարողական թերթը հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու եւ կատարողական թերթի պատճենը տրամադրելու մասին: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Տ. Գրիգորյանի 2021թ. մայիսի 10-ի որոշմամբ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը բավարարվել է։ Ներկայումս այս քաղաքացական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում կայանում են նախնական դատական նիստեր։ Տարեսկզբին «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրտԱրս» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման մասին հայցադիմում է  ներկայացրել այն պատճառով, որ Իջեւանի Մայիսի 28-ի փողոցի նորոգման համար «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ն  «ԱրտԱրս» ՍՊԸ-ին ասֆալտ է տրամադրել, որի համար    «ԱրտԱրս» ՍՊԸ-ին գումարի մի մասը չի վճարել։

Այդ կապակցությամբ զանգահարեցինք «ԱրտԱրս» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Գյոզալյանին, որը  հայտնեց, որ իրենց ընկերության ունեցած պարտքի գումարը կազմել է 12 միլիոն դրամ, որի մեծ մասը իրենք վճարել են, մնացել է 2-3 միլիոն դրամի պարտք, այդ պատճառով դատական գործը փակվել է։ Նա ասաց, որ այդ հարցով Արթուր Աթաբեկյանն է զբաղվում: Կապ հաստատեցինք Արթուր Աթաբեկյանի հոտ, որը «Հայ ազգային կոնգրես»-ի վաղեմի ակտիվիստներից է՝ Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկերը: Հարցը լսելով՝  Ա. Աթաբեկյանը սկզբում անքաղաքավարի վարք դրսեւորեց, ապա հայտնեց, որ իրենց ընկերությունը «Արարատ-Ճանշինից» մոտ 34 միլիոն դրամի ասֆալտ է ստացել, այդ գումարի մեծ մասը փակել են, մնացել է 2-3 միլիոն դրամ պարտք, որն առաջիկայում կփակեն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ

2021 թվականի 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ 485 գրավոր եւ բանավոր դիմում-բողոք 753 անձից: ՄԻՊ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, երեխայի՝ ծնողի հետ շփվելու իրավունքի իրացմանը, երեխայի կրթության իրավունքի իրացման ապահովմանը եւ այլն:

 

Պաշտպանին են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում  հարուցված կատարողական վարույթների ընթացքում երեխաների լավագույն շահերով չառաջնորդվելու, կատարողական թերթի պահանջների պատշաճ կատարումն չապահովելուն վերաբերող դիմում-բողոքներ:

Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող բողոքներով բարձրացված խնդիրներն ունեն համակարգային բնույթ եւ տարիներ շարունակ չեն ստանում լուծում: Խնդիրները հիմնականում վերաբերում են ԽՀՀ-ների կողմից անգործություն ցուցաբերելուն, նրանց կողմից իրենց լիազորությունները ոչ պատշաճ իրականացնելուն, տրված եզրակացությունների եւ կայացված որոշումների իրավաչափությանը, ինչպես նաեւ վերջիններիս կողմից երեխայի՝ իր ծնողի, տատերի, պապերի եւ այլ ազգականների հետ շփվելու, ծնողների դաստիարակությունը ստանալու իրավունքների իրացումը չապահովելուն կամ ոչ պատշաճ ապահովելուն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, օրենքով սահմանված կարգով, պատշաճ ընթացք է տրվել ստացված դիմում-բողոքներին՝ ապահովելու համար դրանցով բարձրացված համակարգային եւ անհատական բնույթի խնդիրների հնարավոր լուծումը, ինչպես նաեւ հետագայում նման խնդիրների բացառումը:

Դիմում-բողոքների ուսումնասիրության եւ քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է պետական եւ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ: Բացի այդ, Պաշտպանը տվյալ մարմիններից, ըստ անհրաժեշտության, պահանջել է պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կոնկրետ միջոցների ձեռնարկում:

Աշխատանքի ընթացքում Պաշտպանի աշխատակազմն առանձնահատուկ կարեւորել է ցանկացած իրավիճակում երեխայի լավագույն շահերով առաջնորդվելու, յուրաքանչյուր երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանության կապակցությամբ ձեռնարկվող քայլերում անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Ն. Պ.




Լրահոս