Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետեւանքով ավտոմեքենայի անչափահաս ուղեւորը քաղաքացիների եւ վարորդի օգնությամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞վքեր կարող են օգտվել ուսման վարձի զեղչից նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
Լաուրա Ասլանյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով ուսանողներին,
2) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին,
3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին,
6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին,
7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ովքեր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:
Անիտա Ջիլավյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ջիլավյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել`
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով՝ անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը՝
տարիքային խումբը/աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով
մինչեւ 23 2 տարի,
23-ից մինչեւ 26 3 տարի,
26-ից մինչեւ 29 4 տարի,
29-ից մինչեւ 32 5 տարի,
32-ից մինչեւ 35 6 տարի,
35-ից մինչեւ 38 7 տարի,
38-ից մինչեւ 41 8 տարի,
41-ից մինչեւ 44 9 տարի,
44-ից բարձր 10 տարի:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: