Առողջապահության նախարարությունը հետ է կանգնում սեփական որոշումից ու հետաձգում պատվաստման պարտադիրությանը վերաբերող ու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը: Ավանեսյանի որոշմամբ, հիշեցնենք, պետական ու մասնավոր բոլոր հիմնարկություններում աշխատակիցները կա՛մ պատվաստված լինելու հանգամանքը փաստող գրություն պետք է ներկայացնեին, կա՛մ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական այս որոշումը ոչ միայն խտրական վերաբերմունքի դրսեւորում է, այլ նաեւ այնպիսի քաոսային մի իրավիճակի է հանգեցրել, որ կորոնավիրուսի թեստեր իրականացող լաբորատորիաների առջեւ կիլոմետրերի հասնող հերթեր են գոյացել: Նախարար Ավանեսյանը, ըստ երեւույթին, տեղի տալով բարձրաձայնվող քննադատությանը ու իրավաբանների կողմից մատնանշվող փաստարկներին, որոշել է, որ «չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում»։
Այն դեպքում, երբ բարեխիղճ աշխատակիցները, որոնք հետեւել են կառավարության որոշմանը, ֆիզիկական խոչընդոտներ հաղթահարելով՝ լաբորատորիաներում հերթ կանգնելով՝ ՊՇՌ թեստ են հանձնել, որ հասցնեն սահմանված ժամկետում թեստի պատասխանը գործատուին ներկայացնել, պարզվում է, որ կանոնակարգումն այլեւս պարտադիր չէ: Ստացվում է՝ կառավարության անհետեւողական վարքագծից քաղաքացիները կրեցին ֆինանսական, ֆիզիկական զրկանքներ, որոնք հազիվ թե նույն այդ կառավարությունը փոխհատուցի: Դժվար է հավատալ, որ կառավարությունը կկարողանա այնքան ճկուն լինել, որպեսզի հաջողի իր անպատասխանատու վարքագծից հետո կրկին քաղաքացիներին օրինապահ դաշտ բերել եւ ՊՇՌ թեստի պարտադիր լինելու կարգավորումը կիրառել:
Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այն համոզմանն է, որ «հատկապես կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը պետք է տիտանական ջանքեր գործադրեն (պարզապես այլ բանով չզբաղվեն, բացի պատվաստումներից), որ այս հարցը լուծեն: Ռազմավարական կամ շատ կարեւոր այլ բաներով առժամանակ չզբաղվեն, այս հարցը որպես թիրախ դնեն, լուծեն, նոր անցնեն մյուս հարցերին»: Չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի պաշտոնյան, փաստորեն, պատվաստումների հարցը առաջ է դասում ռազմավարական նշանակության հարցերից ու ակնկալում, որ իր նախկին տեղակալը՝ Ավանեսյանը, զօրուգիշեր աշխատի՝ հանուն պաստումների թվի աճի: Տիկին նախարարը, սակայն, այս օրերին ոչ թե Թորոսյանի հորդորին է ականջալուր եղել, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գործուղվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ մասնակցելու համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մեկնարկին: Հարկ է նշել, որ նախարար Ավանեսյանը գործուղման է մեկնում, երբ երկրում առողջապահական ոլորտը կաթվածահար վիճակում է, իսկ վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը հատում են 1000-ի շեմը (ժամը մեկ անգամ մարդ է մահանում): Նախկին ենթակայի վարքագիծը, փաստորեն, նաեւ Թորոսյանն է քննադատում՝ նրան հիշեցնելով, որ «վոյաժների» գնալու փոխարեն՝ մտածել է պետք, թե ինչ կարելի է անել ստեղծված իրավիճակից հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են՝ գործադիրում տպավորություն է ձեւավորվել, որ ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը իր գործառույթներին չի տիրապետում: Ըստ մեր աղբյուրների՝ Խաչատրյանի մոտ «խուճապային» տրամադրություններ են, քանի որ վերջինս պետք է առաջիկայում խորհրդարանին ներկայացնի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը: Մենք տեղեկացանք, որ վերջին օրերին Խաչատրյանին իր տեղակալները «պատրաստել են», որպեսզի ՀՀ կառավարության նիստին կարճ ներկայացնի բյուջեի նախագիծը, այնուհետեւ կարողանա ԱԺ-ում պատասխանել ընդդիմության հարցերին: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ այս պահը նախարարությունում նախարարի փոխարեն իր «գործն» անում է նրա տեղակալ Վահե Հովհաննիսյանը, որը փոխնախարար է նշանակվել սույն թվականի օգոստոսից: Վերջինս էլ եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով: ՀՀ ֆինանսների նախարարությունում եւս թեժ քննարկում են նախարար Խաչատրյանի՝ այդ ոլորտից անտեղյակության հարցը, քանի որ մինչեւ Խաչատրյանը գրեթե բոլոր նախարարները իրենց գործի «վարպետն» են եղել: Իսկ հիմա նախարարությունում շունչները պահած սպասում են, թե ինչ է լինելու ԱԺ-ում, երբ նախարարը ներկայանա 2022 թվականի պետական բյուջեի կատարողականով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննության կհրավիրի նաեւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաեւ նրան: Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, եւ դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետեւից «գնալու են» ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնյաների: Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին. նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով: Այդ ապրանքը մատակարարվել է ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ։ Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, եւ դեռ ավելին՝ ցուցմունք չի տալիս: Հավելենք, որ, մեր տեղեկություններով, Դավիթ Գալստյանը եւս, ամենայն հավանականությամբ, կկալանավորվի:
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 64 հազար 76 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-օգոստոս ամիսներին մեկնել է 701 հազար 750, իսկ ժամանել 653 հազար 697 ուղեւոր, այսինքն՝ չի վերադարձել 48 հազար 53 քաղաքացի: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա 8 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղեւոր՝ 16 հազար 23 ուղեւորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա: Մյուս կողմից՝ տեղեկացնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը չի շահագործվել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օդանավակայանն իրականում փակվել է վերանորոգման եւ հետագայում ռազմական նշանակության ծառայելու համար, այն նաեւ ծառայելու է ռազմական օդանավերի համար։ Այժմ այն բաց է, շահագործվում է, եւ այս ցուցանիշն առաջիկայում եւս կփոփոխվի: