ArmLur.am-ը զրուցել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հետ` պարզելու համար, թե արդյոք իրական են այն տեղեկությունները, որ հայրենի իշխանության Կապանի համայնքապետի թեկնածուն արդեն քարոզարշավ է իրականացնում: ArmLur.am-ը զրուցել է նաեւ Կապանի անվտանգության, իր՝ նորից քաղաքապետ առաջադրվելու ու առաջիկա անելիքների մասին:
-Կապանում ի՞նչ գործընթաց է իրականացվում: Տեղեկություններ կան, որ իշխանական թեկնածուն արդեն քարոզչություն է իրականացնում, պրոցեսներ են ընթանում: Կգնահատե՞ք իրավիճակն այս պահին:
-Քանի որ իրենց կողմից չկա պաշտոնապես հայտարարված թեկնածու, այդ առումով, իհարկե, միայն խոսակցություններ կան, որ թեկնածուն Դավիթ Դանիելյանն է: Տեսնում ենք, որ այցելում է տարբեր բնակավայրեր, հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, ծանոթանում խնդիրներին, եւ, իմ իմանալով, խոստումներ է տալիս:
-Ի՞նչ խոստումների մասին է խոսքը: Կա՞ կոնկրետ տեղեկություն, թե ինչ է խոստանում:
-Սոցիալական ցանցերի գրառումներից եմ տեսել, մնացածը խոսակցությունների մակարդակի են:
-Իսկ դա խոչընդոտո՞ւմ է Ձեր թեկնածության ռեյտինգին:
-Ակնհայտ է, եթե իրենց թեկնածուն Դավիթ Դանիելյանն է, ապա արդեն ակնհայտ է, որ դա քարոզարշավ է:
-Ինչպե՞ս է կապանցին ընդունում Դավիթ Դանիելյանին: Ի՞նչ դիրքորոշում ունեն բնակիչները: Իշխանության թեկնածուն հավակնություններ ունի՞: Քննարկվում է, որ հենց Դ. Դանիելյանն էլ լինելու Կապանի իշխանական թեկնածուն: Նա էլ անձամբ խոստանվանել է, որ քննարկումներ կան իշխանությունում, որ հենց ինքն է լինելու թեկնածուն: Ի՞նչ եք կարծում, Կապանի բնակիչն ինչ կարծիք ունի Դանիելյանի թեկնածության վերաբերյալ:
-Այդ հարցով դիմե՛ք Կապանի բնակիչներին: Ես կարող եմ ասել, որ ոչ բոլոր կապանցիներն են իրեն ճանաչում:
-Մեզ հետ զրույցում Դանիելյանն ասաց, որ քանի որ պատգամավոր է, այդ պատճառով է մարզ այցելում, շրջում ու կապանցիների հետ հանդիպումներ ունենում: Գուցե նաեւ դա՞ է պատճառը, որ գալիս է մարզ, թե՞ ակնհայտ է, որ քարոզչություն է իրականանում:
-Եթե վերջնական որոշվի, որ ինքն է իրենց թեկնածուն, ապա որպես Ազգային Ժողովի պատգամավոր այցելություններն ու մնացած գործընթացները պարզապես պատրվակներ են: Եթե իրենք իրենց որոշել են, որ ինքն է իրենց թեկնածուն, ապա բնակավայրեր ու հաստատություններ իր այցելությունը դիտվում է որպես քարոզչություն՝ ԱԺ պատգամավոր լինելու պատրվակի ներքո:
-Իսկ Ձեր թեկնածությունը հստա՞կ է: Որոշվա՞ծ է, որ հենց Ձեր թեկնածությունն է դրվելու:
-Այո:
-Ինքնաառաջադրվելո՞ւ եք, թե՞ սատարելու են Ձեզ: Ինչ-որ թեւ կա՞, որ կսատարի Ձեզ:
-Դրա հետ կապված դեռ կխոսեմ:
-Որոշում չունե՞ք, թե՞ քննարկումներ եք իրականացնում:
-Որոշում ունեմ, քննարկումներ են անում: Ես դեռ այս մասին կխոսեմ:
-Անվտանգության մասին ի՞նչ կասեք, Կապանում ի՞նչ իրավիճակ է: Կրակոցներ հնչո՞ւմ են, խնդիրներ կա՞ն:
-Իրավիճակը նույնն է, կրակոցներ չկան: Անվտանգության առումով մենք անհանգստանալու բան ունենք:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՔՈՎԻԴԸ՝ ՔԱՆԴՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ
«Քովիդյան նոր սահմանափակումների շուրջ քննարկումները սրանում են։ Հանրության բազմաթիվ շերտեր կանգնած են թեստավորման կամ պատվաստման խնդրի առջեւ»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը: «Թեման ենթադրում է մեծ խումբ հարցեր՝ սկսած հանրության մեջ վստահության դեֆիցիտից, վերջացրած թեստերի գների անկումով:
Հարցը նախարարին նեղել-չնեղելու հարթությունում չէ, այն շատ ավելի խորն է։ Այս պայմաններում առողջապահության նախարար փոխենք, թե չէ, գա երկրորդը, երրորդը, միեւնույնն է, նորերի գործիքակազմը չի փոխվելու։ Նա պնդելու է պատվաստման անհրաժեշտության մասին եւ հանդիպելու է դիմադրության։ Բայց եթե մենք ուզում ենք հաղթահարել խնդիրը, պետք է քայլեր կատարեն ե՛ւ պետությունը, ե՛ւ քաղաքացին։ Երկու հարթությունում էլ կան էական տապալումներ:
Դժվար է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետությունը չի ապահովում հանրային տրանսպորտում համաճարակային անվտանգության որեւէ նորմ։ Երեւան քաղաքում, ըստ էության, չկա քաղաքային տրանսպորտ. լեփ-լեցուն կանգառներ, լեփ-լեցուն միկրոավտոբուսներ ու փոքր ավտոբուսներ. սա վարակի տարածման ամենապարարտ միջավայրն է։ Ի՞նչ անի քաղաքացին։
Պետությունը չի կարողացել իրականացնել գրագետ համոզիչ քարոզարշավ՝ պատվաստման օգտին։ Առանց դրա չի լինում։ Ըստ էության, պետությունը տապալել է պատվաստման ընթացքը՝ դարձյալ ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի։ Մարդկանց պետք է համոզել, եւ դրա համար կան բազմաթիվ գործիքներ, որոնք չեն կիրառվել Հայաստանում։
Կարեւոր հարց է պետության կողմից առաջարկվող պատվաստանյութերը։ Քաղաքացին շատ մեծ ընտրության հնարավորություն չունի։
Առանձին հարց է պետության առաջին դեմքերի պատվաստման թեման. եթե պետական պաշտոնայների մի մեծ խումբ ազատվում է հարկադիր պատվաստման պահանջից՝ հիմնավորելով, որ նրանց մեծամասնությունը պատվաստված է, ուրեմն հրապարակե՛ք պետության առաջին 50 պաշտոնյաների պատվաստման փաստը հաստատող ապացույց եւ, որ նույնքան կարեւոր է, ի՛նչ պատվաստանյութերով։ Եթե նրանք պատվաստված են, ընդ որում՝ Հայաստանում առկա պատվաստանյութերից մեկնումեկով, դա քաղաքացիների համար համոզիչ գործոն կլինի։ Եթե նրանք չեն պատվաստվել կամ պատվաստված են Հայաստանում դեռեւս ոչ առկա պատվաստանյութերով, ապա դա լրիվ այլ թեմա է։
Եվ, ի վերջո, չեն կարող իշխանության տարբեր մարմինների մեսիջները հակասական տրամադրություններ ստեղծել հանրության մոտ։ Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է քովիդի սրման, երիտասարդացման վտանգի մասին, իսկ, դրան զուգահեռ, կառավարությունը, որի մի մասն է նախարարությունը, իր ամբիցիաների համար քովիդ վատթարացող պայմաններում սեպտեմբերի 21-ին կազմակերպում է բազմամարդ միջոցառում, առանց որեւէ նորմերի պահպանման։ Քաղաքացին ստանում է ուղիղ մեսիջ՝ խնդրին անլուրջ վերաբերվելու։ Որպես արդյունք քաղաքացին վերելակ նստելիս, տրանսպորտ նստելիս, խանութ մտնելիս չի կրում դիմակ եւ չի պահպանում որեւէ սոցիալական հեռավորություն։
Այս հարցին անլուրջ վերաբերմունքը նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Գերիների վերադարձի խնդիրը Ռուսաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է»,- ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ արձագանքելով Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Հակոբ Արշակյան-Սերգեյ Կոպիրկին հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակը բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը։
ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որը միայն Նիկոլ Փաշինյանի լուսանկարին նայելուց հետո է հիշում, որ պետք է լինել ազնիվ ու անաչառ, բավականին մեծ ունեցվածքի տեր է: Պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ ունի մեկ բնակարան, որը նվեր է ստացել 2012 թվականին, բայց նույն տարում նա Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գնել է նաեւ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված շինություն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019 թվականին Կարեն Անդրեասյանը շինություն է գնել Հունաստանի կենտրոնական Մակեդոնիայի Գերակինի լողափնյա համայնքում:
Բանկային ավանդը կազմել է 51 հազար 800 դոլար: Նախարարը հայտարարագրել է, որ ունի ձեռքի 4 մլն դրամանոց ժամացույց: Այս թանկարժեք զարդը Անդրեասյանին նվիրել են 2017 թվականին: Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 840 հազար դրամ, 251 հազար եվրո, 8117 դոլար: Անդրեասյանի ունեցած կանխիկ դրամը 1.2 մլն դրամ է: Հայտարարագրած եկամուտը կազմել է 17 մլն 583 հազար դրամ եւ 7616 դոլար: Անդրեասյանը, օրինակ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում ստացել է 8 մլն 837 հազար դրամ, «Մելաթ» բանկից՝ 3 մլն 640 հազար դրամ, «Թի ընդ Ջի Գրուպ»-ից՝ 4 մլն 204 հազար դրամ: