Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության կողմից կալանավորված բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ցուցմունք չեն տալիս: Ասել է, թե նրանք օգտվում են իրենց իրավունքից եւ կարող են ցուցմունք տալ կամ չտալ եւ վերջիններս նախընտրել են առայժմ ցուցմունք չտալ:
Ինչպես հայտնի է` 2021 թվականի սեպտեմբերի 8-ին կալանավորվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ իրավապահների` Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք:
Աղվան Հովսեփյանը մինչ օրս ցուցմունք չի տալիս, քանի որ ինչպես պաշտպան Ալեքսանյան է նշում դա իր իրավունք է եւ բացի այդ իրենք չեն վստահում նախաքննական մարմնին:
Նույն ամսվա մեջ սեպտեմբերի 30-ին դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՊՆ-ին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն:
Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, եւս ցուցմունք չեն տալիս: Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ այս պահին իրենք ապացույցներ են հավաքում, որոնք կներկայացնեն նախաքննական մարմին, որից հետո Դավիթ Գալստյանը նոր ցուցմունք կտա:
Տոնոյանն ու «Պատրոն Դավո»-ն անցնում են ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:
Ազգային անվտանգության ծառայությունն հայտնել է, որ նա, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նախաքննական մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ քրեական գործի մանրամասները ներկայացված չեն, միայն նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցել ԶՈւ նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` առանց անունների:
Ավելի ուշ կալանավորվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, որը եւս ցուցմունք չի տալիս : Նրա պաշտպան Օնիկ Առաքելյանը հայտնել է, որ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Քանի որ անհիմն ու անհասկանալի մեղադրանք է»։
Առաքելյանն ասել է նաեւ, որ Գալստյանը ցուցմունք չի տվել. «Ինչ ասի այդ հեքիաթների դեմ»։
Ստացվում է՝ մեկ ամսվա մեջ կալանավորվում են 4 հայտնի նախկին պաշտոնյաներ, որոնց իրավապահները պահում են մեկ տանիքի տակ՝ ԿԳԲ-ի պադվալում, եւ վերջիններս այս պահին որոշել են լռել: Ինչ կարժենա լռությունը, ցույց կտա ժամանակը:
Քնար Մանուկյան