«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննության կհրավիրվի նաեւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Չի բացառվում, որ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաեւ Արտակ Դավթյանին:
Ինչու՞: Դեռեւս մի քանի օր առաջ գրել էինք, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Ի՞նչ է սպասվում Դավիթ Գալստյանին: Բանն այն է, որ Վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել Պատրոն Դավոյին, ինչը դատախազությունը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որն էլ բողոքը ընդունել է վարույթ:
Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, եւ դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետեւից «գնալու են» ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնյաների:
Եվ, ահա, շաբաթը ուրբաթից շուտ եկավ…
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Նա հեղափոխական իշխանությանը բազում ծառայություններ է մատուցել զենքի առուվաճառքի պետպատվերի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով: Այդ ապրանքը ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ է մատակարարվել:
Եվ, ահա ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնեց, որ ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, եւ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետեւանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաեւ ՀՀ զինված ուժերի նախկին եւ ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:
Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձեւով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի եւ դրա արդյունքների վերաբերյալ:
Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, եւ դեռ ավելին՝ ցուցմունք չի տալիս:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՀԵԼ Է ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու եւ դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: ՔԿ-ից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը, տեղեկանալով համաքաղաքացու աշխատանք չունենալու եւ եկամտի այլ աղբյուրների բացակայության պատճառով նրա մոտ առաջացած վիճակի խոցելիության մասին, 2018թ. սեպտեմբերին առաջարկել է նրան Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում զբաղվել անասնապահությամբ՝ խոստանալով վարձահատույց լինել անասունների ծնած հորթերով: Համաքաղաքացու մոտ ստեղծելով վախի զգացողություն՝ 48-ամյա տղամարդը սահմանափակել է նրա ազատ տեղաշարժը, նրան պահել է իր տանը՝ մարդու կենցաղային մինիմալ պայմանների բացակայությամբ: Մինչեւ 2020թ. մարտի 28-ը, գտնվելով ստրկության վիճակին հավասարեցված պայմաններում, տղամարդը զբաղվել է անասունների խնամքով, կատարել նվաստացուցիչ աշխատանք, որի դիմաց որեւէ կերպ չի վարձատրվել:
Բացի այդ, 2020թ. մարտի 24-ին տղամարդն իր տան մոտ ծեծի է ենթարկել համաքաղաքացուն ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաեւ բահի երկաթյա մասով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. շտապօգնության կայանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Ահարոնյան փողոցի շենքերից մեկից 7 քաղաքացու տեղափոխել է Երեւանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ը անչափահասներ են, որոնք տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ 4-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք թունավորվել։ Ոստիկանությունը պարզում է նաեւ վերջիններիս ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներն են 13-ամյա Անգելինա Զ-ն, 4-ամյա Նարե Գ-ն, 3-ամյա Անի Ա-ն, 21-ամյա Ալվարդ Ա-ն, 39-ամյա Մարիա Վ-ն, 21-ամյա Ժենյա Զ-ն եւ 41-ամյա Քրիստինա Վ-ն։
ՄԵԿ ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, 2021թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետ»-ի մաքսային զննման գոտում Ագարակ քաղաքի բնակիչը խոչընդոտել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իր ավտոմեքենան զննության ենթարկելու գործողությանը, վիճաբանել վերջիններիս հետ, եղբոր հետ միասին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել՝ աշխատակիցներին պատճառելով մարմնական վնասվածքներ: Եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Եղբայրներից մյուսը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, հետախուզվող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍԻ
Իրանի զինված ուժերը հոկտեմբերի է 1-ից զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարեւմտյան շրջաններում: Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարեւմտյան շրջաններում: Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը: Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ: Հեյդարին նշել է, որ երկրի հյուսիսարեւմտյան եւ այլ շրջաններում վարժանքներն անցկացվում են զինված ուժերի մարտունակության աստիճանը ստուգելու, մարտունակությունը բարձրացնելու, զինտեխնիկան փորձարկելու նպատակով: