Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով: Այդ մասին կառավարության նիստում նշել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում եւ հարակից մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Մ. Գալստյանի խոսքով՝ օրինագծերի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը: Ըստ հիմնավորման՝ սահմանափակումներ են դրվել նաեւ կանխիկ միջոցների ծախսային եւ եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Ըստ ԿԲ նախագահի՝ օրենքի փոփոխություններով սահմանվում են նաեւ անկանխիկ գործառությունների ոլորտները:
Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջեւ 2022 թ. հունվարի 1-ից ապրանքների օտարման, ապրանքների օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը եւ վճարի ստացումը եւ այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձեւով՝ աստիճանակարգված ձեւով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երեւան քաղաքի եւ մարզերի միջեւ ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են՝ ըստ վայրերի, եւ սահմանվել են անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:
Օրինագծերի փաթեթով քաղաքացիների համար կստեղծվեն պայմաններ՝ անկանխիկ վճարումների իրականացման համար: Մասնավորապես՝ նախատեսվել է խանութներում եւ սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ ընդունող սարքերի տեղադրման դրույթներ:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ուժեղացնել հարկային վարչարարությունը եւ պայքարել ստվերային տնտեսության դեմ: Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաեւ անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը եւ (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ:
Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել ստվերային եւ դրանով պայմանավորված ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ եւ այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին: Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նաեւ միջազգային շուկայում շարունակաբար զարգացող, տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների/միջոցների՝ տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական վճարումների ոլորտում, ներդրման եւ բնակչության լայն խավերի կողմից կիրառման համար՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության որդեգրած՝ ՏՏ ոլորտի առաջատար մշակող եւ կիրառող երկիր ստանձնելու ստրատեգիկ նպատակին:
Անդրադառնալով օրինագծին՝ վարչապետ Փաշինյանն այդ համատեքստում կարեւորեց հակակոռուպցիոն իմաստը: «Անկանխիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք: Եվ մենք այս առումով հակակոռուպցիոն քաղաքականության մեջ մեր հետեւողականությունն ենք դրսեւորում եւ այս ճանապարհով շարունակելու ենք գնալ: Գործարքների հետագծելիությունը մեզ համար պետական բյուջեի եկամուտներն ապահովելու առումով նույնպես լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում, որովհետեւ այս պարագայում հարկերից խուսափելը, շրջանցելը ավելի դժվար է դառնում, եւ վարչարարությունն ավելի հեշտ է դառնում: Անկանխիկի շրջանառությունը, իհարկե, էականորեն մեծացնում է նաեւ պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Ն. Պ.
ԱՆՀԱՅՏ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի սկզբից ռուս զինվորականները Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի իրենց կեցավայրի՝ Ռուսաստանի Դաշնությունում հիմնական բնակվող ոսկեպարցի Հուսիկ Պապյանի առանձնատան տարածքից՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածից, հանել են ՌԴ պետական դրոշը։ Ոսկեպարում ռուս զինվորականների քանակը եւ կազմը պարբերաբար փոխվում է։ Ոսկեպարի բնակիչները չգիտեն, թե իրենց գյուղում ինչ գործառնույթներ ունեն ռուս զինվորականները, նրանք առայժմ զբաղվում են իրենց կեցավայրը բարեկարգելով։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը նախկինում հայտնել է, թե ռուս զինվորականները Ոսկեպարում ուղեկալ են տեղադրելու, սակայն այժմ ինքն էլ չգիտի, թե ինչ առաքելությամբ են իրենց գյուղում գտնվում ռուս զինվորականները։ Ռուս զինվորականների խումբ տեղակայված է նաեւ Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի կիսակառույց դպրոցի շենքում։ Այդ շենքի վրա Ռուսաստանի պետական դրոշ չի ծածանվում։ Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հայտնեց, որ ռուս զինվորականները դրոշ կանգնեցրել են իրենց գալու միայն առաջին օրը, հետո այն հանել են։ Ռուս զինվորականները Ազատամուտում զբաղված են իրենց բնակության վայրը բարեկարգելով։ Սկզբում ռուսները իրենց ուղեկալի համար հարմար վայր էին որոնում, տարբեր տեղանքներ դիտարկում Դիտավան գյուղի տարածքում, Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայան բնակավայրում, սակայն ներկայումս նման գործով չեն զբաղվում։ Արթուր Բեգինյանը չգիտի ռուս զինվորականների՝ Ազատամուտում գտնվելու պատճառը։ Ոսկեպար գյուղի հարեւանությամբ են գտնվում նախկինում ադրբեջանաբնակ անկլավների՝ Յուխարի Ասքիպարայի եւ Աշաղի Ասքիպարայի ավերակ տարածքները, իսկ Ազատամուտ գյուղի հարակից տարածքում են գտնվում նախկինում ադրբեջանաբնակ անկլավների՝ Սոֆուլուի եւ Բարխուդարլուի տարածքները։ Հավանաբար, ռուս զինվորականները կմասնակցեն այդ հատվածներում Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, եթե առաջիկայում նման աշխատանքներ իրականացվեն։
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ 4-ՐԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Նոյեմբերյան խոշոր համայնքի եւ պետական բյուջեի համատեղ ֆինանսավորմամբ Նոյեմբերյան քաղաքում իրականացվում են քաղաքի Դպրոցականների փողոցը Տերյան փողոցին միացնող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Այդ ճանապարհը բազմաբնակարան շենքերից դեպի քաղաքի 2 դպրոցներ տանող ամենահարմար եւ բանուկ ուղին է: Բացի դրանից, այն քաղաքի համար ծառայում է որպես առաջնային կարեւորության ճանապարհ՝ քաղաքի կենտրոնը կապելով Մ 16 ավտոմայրուղու հետ: Սա պետական սուբվենցիոն ծրագրով Նոյեմբերյան խոշոր համայնքի տարբեր բնակավայրերում վերակառուցվող թվով 4-րդ ճանապարհն է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
«ՄՈԴԵՌՆԱ» ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԿՓՈԽԱՆՑՎԻ
Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել ամերիկյան արտադրության «Մոդեռնա» պատվաստանյութի 50.000 դեղաչափ փոխանցել Հայաստանին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Լիտվայի դեսպանատան ֆեսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից:
«Որոշում է կայացվել «Մոդեռնայի» արտադրած «Spikevax» պատվաստանյութի 50.000 դեղաչափ փոխանցել Հայաստանին։ Ժամկետների մասին դեռ տեղյակ չենք, որոշումը նոր է կայացվել, բայց կհասնի մոտ ապագայում՝ շատ մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում է, որ Լիվայի առողջապահության նախարարության հրամանով Հայաստանին նվիրաբերելու նպատակով «Spikevax» պատվաստանյութի առկա պաշարներից 50 հազար դոզան պետք է առանձնացվի մինչեւ հոկտեմբերի 4-ը:
«Ես ուրախ եմ, որ մենք կարողանում ենք Հայաստանին օգնել ոչ միայն «Աստրազենեկա» պատվատսանյութով, այլ հիմա նաեւ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութերով, քանի որ Հայաստանի քաղաքացիները ստիպված են եղել սպասել իրենց դոզային ավելի շատ, քանի Լիտվայի քաղաքացիները»,- ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:
Լիտվան առաջին անգամ է նվիրաբերում այս տեսակի պատվաստանյութը: Այս տարի Լիտվան արդեն 200.000 դեղաչափ «Աստրազենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին, Մոլդովային, Վրաստանին եւ Ուկրաինային:
Սա առաջին անգամն է, երբ Հայաստան է ներկրվելու «Մոդեռնա» պատվաստանյութը: Ավելի վաղ «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր հայազգի Նուբար Աֆեյանն էր նշել, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, Հայաստանին նվիրաբերի «Մոդեռնա» պատվատսանյութը: Ինչ վերաբերում է «Spikevax» պատվաստանյութին, ապա այն արտադրված է «Մոդեռնա» ընկերության կողմից:
Կիրառելի է 12 տարեկանից բարձր անձանց դեպքում: Օգտագործվում է երկու դեղաչափով, 28 օրը մեկ պարբերությամբ: Պատվաստանյութը ցուցաբերել է 94,1 էֆֆեկտիվություն, իսկ «Քովիդ-19»-ի ռիսկային խմբում գտնվողների դեպքում այն ցուցաբերել է 90,9 տոկոս արդյունավետություն: Այն փորձարկվել է 14 հազար 134 մարդկանց դեպքում, որոնցից 11-ը պատվաստանյութը ստացել են «Քովիդ-19»-ի ախտանշանների առկայության դեպքում: