Ովքեր են ստուգելու և տուգանելու կորոնավիրուսի դեմ չպատվաստվածներին. տնտեսվարողներն արդեն զանգեր են ստանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք` 10-ից 20 հազար դրամ՝ ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-ից 120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ տնտեսվարողներն այս թեմայի շուրջ զանգեր են ստանում եւ նախազգուշացվում, որ հոկտեմբերի 14-ից աշխատակիցները պետք է ունենան պատվաստման եւ ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատ, հակառակ դեպքում կտուգանվի գործատուն:

Ի դեպ, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացնելու, որոնք պլանավորվելու են մեկ օր առաջ, եւ առաջին հերթին ընտրվելու են ռիսկային կազմակերպությունները: Մանրամասներին տեղեկանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4 հոդվածի 3-րդ կետի, կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Ասել է թե՝ տեսուչի խղճին է մնում՝ առաջին ստուգայցի ժամանակ խախտում արձանագրելու դեպքում տնտեսվարողին տուգանել, թե նախազգուշացում տալ: Ըստ տեսչական մարմնի՝ ստուգայցեր իրականացնելու ժամանակ տեսուչները միայն չեն դիտարկելու աշխատողների պատվաստված կամ ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատների առկայությունը, այլեւ կազմակերպությունում Covid-19 անվտանգության կանոնների պահպանման, գրանցամատյանների վարման կարգը: Այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը, քանի որ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվել որոշմանը չհետեւելու համար: Իրենց հերթին իրավաբաննները խորհուրդ են տալիս գործատուներին չստիպել աշխատակցին պատվաստվել, առավել եւս՝ այդ հիմքով նրան հեռացնել աշխատանքից, ապա հուշում են, որ այդ տուգանքները նրանք կարող են բողոքարկել:

Մեկ նկատառում. Աշխատանքային օրենսգրքում չկա որեւէ կարգավորում, որեւիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել: Հետաքրքիր է՝ այս խնդիրն ինչպես «կլուծի» Առողջապահության նախարարությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ առողջապահության նախարարը քաղաքացիներին շփոթության մեջ էր գցել. գործատուներին պատշաճ չէր իրազեկել այն մասին, որ աշխատողներն իրենց ՊՇՌ թեստի պատասխանը կարող են ներկայացնել ոչ թե հոկտեմբերի 1-ին, այլ հոկտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում: Բազմաթիվ քաղաքացիներ մեծ գումարներ են ծախսել՝ հոկտեմբերի 1-ին թեստ հանձնելու համար, ապա պարզել, որ կարգը գործում է հոկտեմբերի 14-ից:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս