Զինծառայողների բժշկական հետազոտությունների խնդիրներն ու առաջարկները Պաշտպանն ուղարկել է ԱԺ պաշտպանության հանձնաժողով և ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականների ընթացքում, ինչպես նաև նախորդ տարիներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների որոշումների, դրանց բողոքարկման և տարկետման իրավունքների վերաբերյալ բողոքներ։

Շարունակում են արդիական մնալ զորակոչիկների պատշաճ փորձաքննության և ծառայության համար պիտանիության աստիճանի որոշման հետ կապված խնդիրները: Սա հատկապես արդիական է այն առումով, որ շուտով մեկնարկելու է հերթական զորակոչը:

Որևէ կերպ հաշվի չեն առնվում առաջնային փորձաքննությունից տարբերվող և զորակոչիկների սեփական միջոցներով իրականացված հետազոտությունների արդյունքները կամ զորակոչիկները լրացուցիչ հետազոտության են ուղեգրվում այն բժշկական հաստատություն, որի հետ կապված բողոք են ներկայացրել: Նման դեպքերում նույն բժշկական հաստատությունը կարող է կաշկանդված լինել նախկինում իր կողմից տրված ախտորոշմամբ, իսկ զորակոչիկը կասկածներ ունենալ հետազոտության օբյեկտիվության հետ կապված:

Առանձին խնդիր է նաև զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ գանգատների առկայության դեպքում նրանց Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը չներկայացնելը: Բացի դրանից, օրենսդրական թերի կարգավորման պատճառով խնդիրներ են առաջանում նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված:

Հարցն այն է, որ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված հիմքերի ծագման պահից զինծառայողի զորացրման հստակ ժամկետ նախատեսված չէ: Օրենքով այդպիսի ժամկետ սահմանված է միայն պայմանագրային զինծառայողների համար:

Գործող կարգավորումները զինապարտ քաղաքացու համար չեն նախատեսում իր հրավիրած մասնագետին որպես խորհրդատու փորձաքննությանը ներգրավելու հնարավորություն: Դա զորակոչիկի մոտ կբարձրացնի հանձնաժողովի որոշման օբյեկտիվության նկատմամբ վստահությունը:

Բոլոր զորակոչերի ընթացքում որպես խնդիր է արձանագրվել այն, որ օրենսդրությամբ սահմանված չէ մեկ օրվա ընթացքում փորձաքննվողների առավելագույն քանակ:

Շարունակում է պահպանվել առանց տարկետում տալու զորակոչիկի պիտանիության որոշումը հաջորդ զորակոչին թողնելու խնդիրը: Հարցն այն է, որ հետազոտությունը զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում անձի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվում և նրա փորձաքննությունն իրականացնում է հաջորդ զորակոչի ժամանակ, ինչը նախատեսված է Կառավարության վերաբերելի որոշմամբ: Մինչդեռ, օրենքը նման հնարավորություն չի նախատեսում:

Օրենսդրական թերի կարգավորման պատճառով անձը, ով օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ժամանելու Հայաստան (ծանր հիվանդության կապակցությամբ բուժում է ստանում արտերկրում, առկա է այլ երկիր տեղափոխվելու բժշկական հակացուցում), զրկվել է բժշկական փաստաթղթերի հիման վրա՝ փորձաքննվելու հնարավորությունից, քանի որ այդպիսի կարգավորում նախատեսված է միայն զորակոչիկների համար:

Մարդու իրավունքների պաշտպանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ առաջարկներ:

Մասնավորապես, անհրաժեշտ է՝

ա) զորակոչիկներին ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների, երբ զորակոչիկների սեփական նախաձեռնությամբ և միջոցներով իրականացված հետազոտությունների ախտորոշումներում առկա են ուղեգրով կատարված հետազոտությունների արդյունքներից էապես տարբերվող և պիտանիության աստիճանի հնարավոր փոփոխության հանգեցնող տվյալներ,

բ) բացառել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (զինկոմիսարիատի) ուղեգրով անցած հետազոտությունները բողոքարկող զորակոչիկին նույն բժշկական հաստատություն ուղեգրելու պրակտիկան,

գ) զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բժշկական հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության հետ համաձայն չլինելու բոլոր դեպքերում զորակոչիկներին ներկայացնել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը՝ ապահովելով գործող իրավակարգավորումների պահանջը,

դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ հիմքերի ծագման դեպքում զինվորական ծառայությունից արձակման հստակ ժամկետ նախատեսելով նաև շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար,

ե) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ սահմանել, որ փորձաքննվողը բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների նիստերին որպես խորհրդատու կարող է ներգրավել համապատասխան մասնագետի,

զ) սահմանել մեկ օրվա ընթացքում առողջական վիճակի փորձաքննություն իրականացնելու զինապարտ քաղաքացիների առավելագույն թվաքանակը,

է) վերանայել Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման կարգավորումը և ամրագրել, որ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունը հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են բուժման կարիք ունեցող, և նրանց տրվում է տարկետում մինչև հաջորդ զորակոչ,

ը) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողով կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա փորձաքննություն կատարելու հնարավորություն նախատեսելով նաև պահեստազորում հաշվառված, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բուժում ստացող և բժիշկների անմիջական հսկողության տակ գտնվող կամ տեղափոխումը հակացուցված անձանց համար և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանի այս և մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:

Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:




Լրահոս