Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) լիարժեք իրագործման վերականգնման հեռանկարների և երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունից։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի լիարժեք իրականացման վերականգնման հեռանկարների շուրջ, ինչպես նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում: Մինչ այդ, ԱՄՆ մի շարք ազդեցիկ սենատորներ նախօրեին Բայդենին խնդրել են երկրից վտարել 300 ռուս դիվանագետների, եթե Ռուսաստանի իշխանությունները չհամաձայնվեն Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների թիվն ընդլայնել: Ամերիկացի օրենսդիրների նամակը հրապարակվել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի կայքում: Ռուսաստանի ԱԳՆ-ն սպառնացել է պատասխանել կոշտ միջոցներով, եթե ԱՄՆ վարչակազմը որոշի նման քայլի գնալ:

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ նման լուծումներ առաջարկողները, ինչպես երևում է, «ձգտում են Ռուսաստանում ամերիկյան ներկայացուցչությունների փակմանը» և «պետք է գիտակցեն, որ դրա պատասխանատվությունն իրենց վրա կլինի»:




Լրահոս