Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` Վյաչեսլավ Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել: Նա վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման պատգամավորների պատրաստակամությունը շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՌԴ Պետական դումայի նախագահին եւ ռուս ժողովրդին Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է Հայաստանի Ազգային ժողովի շահագրգռվածությունը` անկեղծ կառուցողական երկխոսության եւ փոխգործակցության միջոցով նպաստելու հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա խորացմանը: Նա հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւորագույն օղակներից է համարել` փաստելով, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ գործընկերային հարաբերությունները կայուն զարգանում են եւ ունեն հստակ ուղենշային առաջնահերթություններ: Կողմերի միջեւ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության մի շարք ուղղություններով, մասնավորապես` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ավարտվել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում եւ այլ միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների ձեւավորման աշխատանքները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության եւ երկարատեւ խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի: Գործընկերներն անդրադարձել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի համատեղ միջոցառումների անցկացմանը: