Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում միջազգային հարթակներում հայերին ահաբեկիչներ ներկայացնելու համար: Այդ երկրի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել մի քանի հարյուր հայի նկատմամբ, ինչի մասին Ազգային ժողովի մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է:
Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, 300 հայի նկատմամբ է հետախուզում հայտարարել ու այդ մասին գրություններ ուղարկել Ինտերպոլին ու տարբեր պետությունների իրավապահներին: Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչներն դրսի իրենց ընկերներին առաջարկում են հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող հայերին ու միջոցներ ձեռնարկել նրանց իրենց հանձնելու համար: Ադրբեջանի գլխավոր դատախազը, նշենք, մեր հայրենակիցներին մեղադրում է պատերազմական հանցագործությունների ու ահաբեկչության մեջ: Ի տարբերություն Ադրբեջանի դատախազության՝ Հայաստանի գլխավոր դատախազությունը ադրբեջանցիների նկատմամբ հետախուզում հայտարարելու մասով կարծես թե կաշկանդավծություն ունի:
Թովմասյանը ընդգծում էր նաև, որ Ադրբեջանն իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով և կոնվենցիաներով։ Պատերազմի ընթացքում զանգվածային ոչնչացման անթույլատրելի զենքեր են կիրառվել, բայց որևէ հիմքով մենք չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում, ունենք ընդամենը մի քանի հոգու հետախուզում:
Սևակ Վարդումյան