Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը մտահոգված է ՀՀ-ում պաշտոնյաներին վիրավորանք հասցնելու քրեականացման փաստով, գրում է Ամերիկայի ձայնը:
Վերջերս տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու կապակցությամբ և ձեռնամուխ են եղել պարզելու գրառման հեղինակի ինքնությունը։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ այս քայլին նախորդել էր երկու ամիս առաջ ՀՀ խորհրդարանի կողմից օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որով քրեականացվել է պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը:
Freedom House կազմակերպության տնօրենի խոսքերով զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը տարիներ ի վեր օգտագործվել է ավտորիտար ռեժիմների կողմից, սակայն հետխորհրդային տարածքը վերջին 30 տարվա ընթացքում ձգտել է դեպի դրանց ապաքրեականացում: Հայաստանը դա արել է առնվազն 10 տարի առաջ:
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս օրենսդրության կիրառումը։
Հայաստանում, սակայն, իշխանական պատգամավորները չեն կիսում Freedom House-ի քննադատությունը: Հիշեցնենք, որ նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին ընդունեց հայհոյանքը քրեականացնող օրինագիծ՝ Քրեական օրենսգրքում ավելացնելով «Ծանր վիրավորանք» անունը կրող 137.1 հոդվածը: Այն պարունակում է դրույթ, ըստ որի՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորանքի պարագայում նախատեսվում է պատիժ մինչև 3 մլն դրամի տուգանք կամ մինչև 3 ամիս ազատազրկում: