ՏԵՍԱՆՅՈՒԹ. 347 մլրդ դրամ՝ պաշտպանական ծախսերին. բյուջե 2022

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեն 1 տրլն 946 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ և դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ: Համենայնդեպս այդպես է կանխատեսել Կառավարությունը ՝2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը նախագծելիս: Իհարկե, սա բյուջեի վերջնական տեսքը չէ և դեռ կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել, քանի որ պետք է քննարկումներ անցնի նաեւ խորհրդարանում:

2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի ծախսերի ամենամեծ հատվածը կուղղվի սոցիալական պաշտպանությանը, մասնավորապես՝ ծերության կենսաթոշակներին, ընտանեկան նպաստներին և այլն:

Հաջորդ խոշոր ուղղությունը ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են, որին կուղղվի ծախսերի 19.7%-ը՝ 432 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերի երրորդ խոշոր ուղղությունը պաշտպանության ոլորտն է: 2022 թվականին բյուջեի ծախսերի 15.8%-ը՝ մոտ 347 մլրդ դրամ, կհատկացվի պաշտպանական ծախսերին: Դրա մեծ մասը՝ 340 մլրդ դրամը, ռազմական պաշտպանության պլանավորված ծախսերն են, մնացածը պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներին է ուղղվելու:

Բյուջեի ծախսերում զգալի տեղ են զբաղեցնում նաև տնտեսական ոլորտը: Այստեղ հատկացումներ են արվում տնտեսության ոլորտներին՝ գյուղատնտեսությունից, զբոսաշրջությունից մինչև շինարարություն և էներգետիկա:

Բացի շրջակա միջավայրի պաշտպանությունից, մնացած ոլորտներում ծախսերի աճ է սպասվում: Բացարձակ թվով՝ ծախսերի ամենամեծ աճն ակնկալվում է սոցիալական պաշտպանության ոլորտում: Սպասվում է, որ ծախսերը կավելանան 78.5 մլրդ դրամով կամ 15.1%-ով:  Զգալիորեն կավելանան նաև տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը՝ 64.5 մլրդ դրամով կամ 43.4%-ով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս