Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մանրամասնելով, որ սեպտեմբերի 20-30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը փայլուն ելույթով է հանդես եկել։
Առաջին մրցանակից բացի նրան շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում է 4 տարվա կրթաթոշակ՝ (տարեկան 19.000 ԱՄՆ դոլար) Հարավային Թենեսսի համալսարանում սովորելու նպատակով։
Մրցույթին մասնակցել են 260 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 33 երկրներից։
Մրցույթի ժյուրիի կազմում էին․
Քրիստիան Տկաչևսկի (Լեհաստան, ԱՄՆ)
Վովկա Աշքենազի (Իսլանդիա, ՌԴ)
Ռիցո Չանգ (Հոնգ Կոնգ)
Միխայիլ Բերկովսկի (Կանադա)
Բեն Շոեման (Հարավային Աֆրիկա)
Քիմբեռլի Չեն Աֆանասովա (Թայվան)
Կանժի Կոզուտա (Ճապոնիա)
Արմեն Բաբախանյան (Հայաստան)
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: