ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ԿԳՈՐԾԵՆ ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդած առաջին  օրերին Երեւանում ավտոտեսուչները սկսել էին կանգնեցնել եւ խուզարկել շեֆերին ուղեկցող  թիկնապահական կորտեժները, իսկ նրանցից ոմանք իրենց թիկնապահներին  ինչ-որ անկապ մեքենաներ էին նստեցնում կամ նույնիսկ` տաքսի, շատերը վստահ էին, որ սա  երկար չի տեւի. Հայաստանն ի վերջո ավանդույթների երկիր է, ինչպես նաեւ ավանդույթների երկիր է Շվեյցարիան, որտեղ վարչապետը հեծանիվով է գնում աշխատանքի: Այս սցենարի օգտին խոսողները նաեւ նշում էին, որ ի վերջո, շատ դժվար կլինի ապացուցել, որ ինչ-որ օբյեկտում, օլիգարխի «տիրույթում»` կողքի սեղանին կամ չգիտեմ որտեղ նստած  8-10 հոգանոց խմբի  անդամները  ընկերներ չեն, այլ` թիկնապահներ:  Որքան էլ ակնհայտ  մարզված օպերատիվ  տեսք ունենան կամ սափրագլուխ լինեն: Ի վերջո, հայտնի է, որ Հայաստանում  պետք եղած դեպքում` թիկնապահը կարող է ակադեմիկոսի թուղթ էլ առնել: Բայց հաշվի առնելով, որ  ՀՀԿ  20-ամյակի հոբելյանական միջոցառմանն ունեցած Սերժ Սարգսյանի ելույթը նախընտրական էր, բոլոր առումներով, ոչ միայն թիկնապահների շքահանդեսի մասին հատվածով, կասկած չկար` հարցը լուրջ է դրվելու: Եվ ահա, Ներսես Նազարյանը հայտարարում է, որ  «6»-երով, «8»-երով կամ մյուս հայտնի համարներով «գլխավոր մեքենաների» ուղեկցող մեքենաները հասել են մեկ ուղեկցող մեքենայի` նախկին մի տասնյակի փոխարեն: Ընդունված կոնյուկտուրային որոշումը օրենսդրական հենքով ապահովելն էլ  ժամանակի ու տեխնիկայի հարց էր: Հիմա ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում  է ՀՀԿ-ի անունից ուղարկված`  «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, որը մի խումբ ՀՅԴ-ականների հետ  համանուն նախագիծը ներկայացրել էր մի քանի տարի առաջ (նույն հանրապետականների քվեարկությամբ` այն առայսօր հետաձգված է), ասաց, որ նրանց նախագծին դեռ չեն հասցրել ծանոթանալ, բայց նշեց, որ ներկայացվելիք նախագիծը լինելու է երկու տարբերակների կոնգլոմերատը: Իսկ հարցը կքննարկվի նստաշրջանից առաջ, ըստ ամենայնի, ուրբաթ օրը հրավիրվելիք նիստում:  ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը,  որը համահեղինակների խմբում է, ասաց, որ նախագծին ըստ ամենայնի  կմիանան  ԱԺ նախագահը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Նշենք, որ նախագծին իր մասնակցությունն է բերում նաեւ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Համապատասխան աշխատանքային խումբն էլ արդեն ստեղծված է: Այս պահին Հովհաննես Սահակյանը դժվարանում է ինչ-որ մանրամասներ հաղորդել նախագծի դեռեւս աշխատանքային տարբերակից, բացի այն, որ օրենքի հիմնական գաղափարախոսությունը պետք է լինի թիկնապահների գործունեության  կանոնակարգումը: Նշենք, որ կարապետյանենց տարբերակով` թիկնազորային ծառայության կազմակերպումն  ու իրականացումը ենթակա է բարդ ընթացակարգով  լիազորման, որպես «թիկնազորային կազմակերպության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից օրենքով նախատեսված թիկնազորային ծառայություններ մատուցելու միջոց»: Թիկնապահներն այդ ծառայությունը մատուցելու են պահպանվող անձանց կյանքի եւ առողջության պաշտպանության, սեփականության կամ օգտագործման իրավունքով անձին պատկանող անշարժ եւ շարժական գույքի պահպանության, պահպանվող օբյեկտներում անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմների պահպանման  եւ այլնի համար: Թիկնապահ  եւ պահնորդ աշխատելու համար համապատասխան որակավորում ունեցող անձանց թույլատրվում է «Զենքի մասին»  օրենքով սահմանված կարգով պահել եւ կրել զենք,  հատուկ միջոցներ: Թիկնապահը իրավունք ունի օրենսդրական հիմքերով նախատեսված դեպքերում եւ կարգով կիրառել ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ` ձեռնաշղթաներ, արցունքաբեր գազ, ռետինե մահակներ. էլեկտրահարող սարքեր եւ այլն:  Իսկ այդ օրենսդրական հիմքերն են` միայն անհրաժեշտ պաշտպանությունը եւ ծայրահեղ անհրաժեշտությունը,  ոտնձգություն կատարած անձին վնասազերծելը   եւ կամ ինքնապաշտպանությունը:  Ի դեպ, այս տարբերակում կա մի զավեշտալի տող. «Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ,  բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, թիկնապահի կամ պահպանվող անձի կյանքին եւ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի»: Վերջում նշենք, որ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը կոալիցիոն իր նախկին գործընկերների նկատմամբ հեչ լավ չվերաբերվեց: Դաշնակցությունը մի քանի տարի շարունակ բղավում էր, որ եթե կա երեւույթը, պետք է լինի նաեւ դրա կանոնակարգման փաստաթուղթը` տարատեսակ քննարկումներ կազմակերպելով թիկնազորային օրենքի վերաբերյալ, սակայն ՀՀԿ-ն խորը լռություն էր պահպանում` մինչեւ ընտրությունների նախաշեմ: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս