Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հարցով լսումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին. Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը:
Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատի, այդ թվում՝ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով այս գործով ՄԱԿ-ի դատարանում ներկայացնելու է Հայաստանի շահերը:
Հրատապ միջոցի քննության փուլին հաջորդելու է բուն հայցի քննության փուլը: Բուն գործի քննությունը կտևի տարիներ: Սակայն ակնկալվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու հարցով դատարանը որոշում կկայացնի 1-1.5 ամսում:
Հայաստանն այս տարվա սեպտեմբերին էր Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ։
Պաշտոնական Երևանն իր հայցում ընդգծում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները:
Հավելենք, որ այնուհետև Ադրբեջանն Հայաստանի դեմ հակընդդեմ հայց ներկայացրեց: Թե որքանով է սա իրատեսական՝ հաշվի առնելով, որ եթե նույնիսկ հայցը բավարարվի, ՄԱԿ-ի կատարողական մեխանիզմները կատարյալ չեն, դժվար է ասել, սակայն շատ որոշումներ մնում են թղթի վրա։ Վառ օրինակը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձևերն են, որոնց մոտ 30 տարի հղում էր անում Ադրբեջանը։
Մանրամասները՝ տեսանյութում: