Հայաստանում բնակարանների գները զգալի բարձրացել են. ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում կտրուկ բարձրացել են: Ընդ որում, բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 10 հազար 200 դրամով. այն գերազանցում է 1300 դոլարը: Եթե Փոքր Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը հուլիսին կազմել է 625 հազար 100 դրամ, իսկ օգոստոսին այն դարձել է 635 հազար 300 դրամ:
Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 7000 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 7900 դրամով: Իսկ ահա Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 2800 դրամով: Աջափնյակ վարչական շրջանում օգոստոսին հուլիսի համեմատ բնակարանի մեկ քմ-ի գինը զգալի բարձրացել է՝ 3900 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում օգոստոսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 327 հազար 100 դրամով, Ավանում` 298 հազար 100 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 295 հազար դրամով, Նոր-Նորքում` 305 հազար 600 դրամով: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ հուլիսին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 178 հազար 300 դրամ, իսկ օգոստոսին 181 հազար 100 դրամ:
Սակայն մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում անշարժ գույքն էլ ավելի է թանկանալու:
Ս.Հ.