Հայազգի Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Christian Dior օծանելիքի տան ստեղծագործական տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական հայտնի Christian Dior Parfums-ի ստեղծագործական նոր տնօրեն է նշանակվել հայազգի Ֆրանսիս Քուրքջյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Քուրքջյանը հայտնել է Instagram-ի իր էջում:

«Ինձ համար մեծ պատիվ է՝ միանալ Christian Dior Parfums-ին՝ օծանելիքի տանը, որն ունի ոգեշնչող պատմություն և ստեղծագործական ոգի, վստահորեն ձգտող դեպի ապագա: Այսօր ես ուրախ եմ, որ կկարողանամ կյանքի կոչել իմ տեսլականն իմ բուրումնավետ ստեղծագործություններով՝ միաժամանակ շարունակելով ստեղծագործել իմ սեփական օծանելիքի տան համար, ինչը մեծ առավելություն է»,- նշել է նա:

Ֆրանսիս Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում։ Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են, ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան և հայտնվել Հալեպում, այնուհետև հաստատվել Ֆրանսիայում:

25 տարեկանում ստեղծել է իր առաջին աշխատանքը՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտյեի պատվերով: Այդ օծանելիքի սրվակն անձամբ ձևավորել է Ժան Պոլ Գոտյեն։

Ֆրանսիս Քուրքջյանը ավելի քան հարյուր օծանելիքի և բույրերի հեղինակ է։




Լրահոս