ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի դանակահարության դեպքից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ըստ նախնական վարկածի, 14-ամյա Գոռ Ասատրյանին, որ թիվ 51 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ է, դանակահարել է Արաբկիր վարչական շրջանի 127 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վլադիմիր Եղիազարի Ավագյանը, որի հայրը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային -իրավական համագործակցության վարչության պետ:
Ըստ լուրերի` իրավապահները փորձում են դեպքը փակել, քանի որ դանակահարված տղայի կյանքին վտանգ չի սպառնում, ուստի փորձում են տղայի ծնողներին համոզել` բողոք չգրել դատախազի որդու դեմ:
Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Shamshyan.com—ը գրել էր, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել մեկ երեխա:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Գոռ Ա.-ն է: Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:
Դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկոմ են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Քնար Մանուկյան