ArmLur.am-ը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ 3+3 ֆորմատի հեռանկարի շուրջ զրուցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ:
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպումը:
-Ընդհանուր առմամբ հանդիպումը բավականին կառուցողական էր, շարունակական բնույթ կրող: Ես չեմ կարող այլ մարդկանց փոխարեն ասել՝ ինչ է եղել, սակայն ընդհանուր առմամբ հանդիպումն ընթացել է փոխգործակցության շուրջ, խոսակցությունը է եղել հայ-ռուսական հարաբերությունների շուրջ: Իսկ օրինակ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերի շրջանակ չի եղել, քանի որ բոլորն էին հասկանում, որ նման հարցեր քննարկվում եւ լուծվում են այլ մակարդակում: Ընդհանուր առմամբ խոսակցությունը պրոֆեսիոնալ էր, քննարկվել է, թե ինչպես պետք է համագործակցել, ովքեր պետք է առաջնորդեն:
-Հեղափոխությունից հետո այն տեսակետն էր առկա, թե իշխանությունների մոտ գերիշխում են հակառուսական տրամադրություններ: Դուք նման բան զգացի՞ք:
-Ես պետք է ընդգծեմ, որ հանդիպմանը բոլորը բարեհամբույր էին եւ նման կարծիքն այդ ֆորմատին չէր վերաբերում: Նշեմ, որ հանդիպմանը ներկա էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ընդդիմությունից եւս ներկայացուցիչ կար եւ նա կարող է հաստատել, որ խոսակցությունը վերաբերել է ընդհանուր թեմաների: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս պահին, ապա հակառուսական տրամադրությունների հետ կապված հարց է հնչում՝ ինչու Ռուսաստանը չկանխեց պատերազմը, կարող էր, թե ոչ: Այդ հարցին հստակ պատասխանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը կոմպետենտ մարդ լինելով, հստակ ասել է, որ այն ժամանակ ՌԴ-ի ունեցած հնարավորություններով մենք չէինք կարող կանխել պատերազմը: Բնականաբար Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործել են հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված մի փոքր սառեցումը, սխալներով, բարձրագոչ հայտարարություններով՝ ինչպիսին է Արցախը Հայաստան է եւ վերջ: Այսինքն, այդ հայտարարությունն ինքնին խոսք էր ուղղում Արցախի անկախության մասին: Հայաստանը հիմա ապրում է արեւմուտքի իդեալներով, սակայն օգնութուն են ակնկալում Ռուսաստանից: Նույն կերպ Թուրքիայի հանդիպման մասով ազդակ է արվում Վրաստանի կողմից եւ հարց է առաջանում՝ ինչու նրանց, այլ ոչ թե ՌԴ-ի կողմից:
-ՌԴ արտգործնախարարը խոսեց 3+3 ձեւաչափի մասին: Որքանո՞վ է այն իրատեսական:
-Կա մի խնդիր, որը կոչվում է Թուրքիա: Հիմա փորձ է արվում հեռանալ ստատուսի մասին խոսակցություններից, քանի որ դրանք լավ տեղ չեն տանելու: Դա ՌԴ-ի պաշտոնական իշխանությունների տեսակետն է: Ես անձնապես հասկանում եմ այդ տեսակետը, սակայն խորը կասկածներ ունեմ, որ կարող է այդ պրոյեկտը կյանքի կոչվել, եւ անցյալը կշրջվի: Միգուցե Հայաստանի իշխանություններում կան մարդիկ, որոնք այդ տարբերակին ավելի են վստահում: Ինչ վերաբերում է ձեւաչափին, ապա իսկապես ցանկություն կա մոտեցնել տարածաշրջանային հետաքրքրությունները, սակայն կան հակասություններ 3+3 ֆորմատի մասնակիցների շուրջ: ՌԴ-ն խնդիրներ ունի Վրաստանի, Թուրքիայի հետ, Իրանը սուր է արձագանքում Ադրբեջանին եւ Թուրքիային, Հայաստանը նույնպես: Այս ֆորմատը պետք է այդ հակասությունները մի կողմ դնի, սակայն դեռ չպետք է կարծել, թե այն կարող է հաջողություն ունենալ: Ցանկությունները բարի են, սակայն իրագործման շուրջ կան հակասություններ:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը