Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու պատրաստակամության, նաեւ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով բանակցություններ կազմակերպելու հնարավորության մասին: Վիլնյուսում պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ Փաշինյանն ասել է, թե պատրաստ է Հայաստանի ունեցած բոլոր քարտեզները տրամադրել Ադրբեջանին՝ գերիների դիմաց: «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք եւ՛ բարձր, եւ՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա նշանակում է ե՛ւ արտգործնախարարների մակարդակով, եւ՛ վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել», – վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը։
«Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել եւ Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,-ասել է վարչապետը՝ մանրամասնելով, որ խոսքն այն քարտեզների մասին է, «որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետեւ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում»։
«Ադրբեջանի նախագահը բողոքում է, որ այդ քարտեզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լավը չէ: Տեսեք, մենք երկու արձանագրում ենք անում` առաջինը՝ մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, այսինքն՝ այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում եւ նաեւ գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ, որովհետեւ քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք։ Եվ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք ու որեւէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետեւ այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլեւ մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են, մեր գործընկերներն են։ Սա պատվաբեր չի լինի ուղղակի այդ իրավիճակում փորձ անել որեւէ այլ բան այլ կերպ անել։
Մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ՝ արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն։ Ինչ վերաբերում է վստահությանը, պարզ է, որ այս իրավիճակում Ադրբեջանը մեզ չի վստահում, մենք Ադրբեջանին չենք վստահում, եւ ամբողջ խնդիրն այն է, որ փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձեւավորվի։ Այդ վստահությունն ինչո՞ւ է կարեւոր, որ կարողանանք, այո, նաեւ հումանիտար հարցերն ավելի արագ լուծել եւ մեր գերեվարված եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ», – նշել է Փաշինյանը։
Երեւանը դրական ազդակներ է տալիս սահամանազատման հարցի կարգավորման առնչությամբ, Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի: «ՌԻԱ Նովոստի»-ի փախանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանները հարգելու սկզբունքով, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, մասնավորապես, հայտարարել ենք Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու պատրաստակամության եւ սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու մասին: Սահմանզատման գործընթացը երկկողմ հարց է, եւ հակառակ կողմից վերջերս ստացված դրական ազդակները հույս են ներշնչում այդ գործընթացի կառուցողական զարգացման համար»,- ասել է Աբդուլաեւան:
Ն. Պ.
ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների հայտարարագրերը՝ ունեցվածքի եւ դրամական միջոցների մասին: Այս անգամ մեր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարագիրը: Այսպես, Միրզոյանն ունի երկու բնակարան, որից մեկը նա գնել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ ՀՀ առաջին փոխվարչապետ էր: Այն գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում: Երկրորդ բնակարանը նա ձեռք է բերել 2004 թվականին Շենգավիթ վարչական շրջանում: Ավտոմեքենա չունի: Միրզոյանի բանկային մնացորդները 2020 թվականի սկզբին կազմել են 10 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 600 հազար դրամ: Միրզոյանը 2020 թվականին 5 մլն 800 հազար դրամի չափով կանխիկ գումար է ունեցել: 2020 թվականի եկամուտը սեփական աշխատավարձն է, որը ստացվել է Ազգային Ժողովից, երբ Միրզոյանը ԱԺ նախագահ էր. այն ամսական կազմել է 1 մլն 26 հազար դրամ: Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, 2019 թվականին գնել է «Kia» մակնիշի ավտոմեքենա: Աբաջյանի բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 600 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 290 հազար դրամ: Ամսական աշխատավարձը կազմել է 821 հազար դրամ, որը պաշտոնյայի կինը ստացել է «Վօլօ» ընկերությունից:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հուսեին Յըլդըրըմին եւ Աթիլլա Չիչեքին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք, չունենալով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու իրավունք, ինչպես նաեւ զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը իրականացնելու թույլտվություն, ապօրինի կերպով կրելով եւ փոխադրելով հրազեն հանդիսացող 2 հատ ինքնաձիգեր, 1 հատ ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 318 հատ փամփուշտ եւ 4 հատ նռնակ, 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, միաժամանակ իրենց հետ մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել հիշյալ հրազեններն ու ռազմամթերքը:
ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը 2022-ին մասնակցելու է նաեւ Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, շեշտել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իդալգոն տեղադրել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լեւիի՝ Le Point-ում հրապարակված «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագրով հոդվածը եւ գրել. «Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Բեռնար-Անրի Լեւին իր հոդվածում շեշտել է, որ Ֆրանսիան հարձակման ենթարկված հայկական կողմին աջակցելու համարձակություն պետք է գտնի:
ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
«Մեր խնդիրն այն չէ, որ պոպուլիստը հայտարարում է, թե պատրաստ է ականապատ դաշտերի բոլոր քարտեզները հանձել Ադրբեջանին, բայց Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիները, գերիները վերադառնան»,- հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Անշուշտ դժվար է Հայաստանում կամ Արցախում գտնել մի մարդ, որը չի ուզում մեր հայրենակիցների շուտափույթ վերադարձը։ Խնդիրն այն է, որ գերիների վերադարձն ամրագրված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն Ադրբեջանը այդ հայտարարությունից դուրս լրացուցիչ պահանջ է ներկայացրել, որն արդեն շրջանառվում է տարբեր միջազգային զեկույցներում կամ հայտարարություններում, բայց նույնիսկ դրա դիմաց Ադրբեջանը չի համաձայնվում ամբողջությամբ իրականացնել եռակողմ հայտարարությամբ նշված դրույթը։ Այս իշխանությունը Հայաստանը մոտեցրել է մի կետի, որի պայմաններում մեզ վերաբերող հարցերում Հայաստանը ձայնի իրավունք չունի, եւ մեզ վերաբերող, մեր համար նպաստավոր դրույթները իրականանում են միայն այն ժամանակ, երբ դրանք բխում են այլ երկրների շահերից»։
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թբիլիսիում մեկնարկել են հրամանատարաշտաբային «Eternity-2021» զորավարժությունները՝ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։ Նշվում է, որ զորավարժությունները կազմված են տեսական ու գործնական մասերից։ Երեք երկրների զինծառայողներն ու համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչներն իրականացնելու են տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպմանն ուղղված առաջադրանքները։ Զորավարժությունները տեւելու են մինչեւ հոկտեմբերի 8-ը։ Բացի այդ, վրացական Կախեթիում տեղի է ունենալու Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը։
ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ
Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ծագած վիճելի հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին ուժերի միջամտության: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: «Երկրի հյուսիս-արեւմուտքում վերջերս ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց տարածաշրջանում օտարերկրյա ուժերի միջամտության եւ ռազմական ներկայության»,-ասել է Խամենեին։ «Մենք թույլ չենք տա, որ այլ ուժեր միջամտեն», – Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը: