ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք` 10-ից 20 հազար դրամ՝ ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-ից 120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ տնտեսվարողներն այս թեմայի շուրջ զանգեր են ստանում եւ նախազգուշացվում, որ հոկտեմբերի 14-ից աշխատակիցները պետք է ունենան պատվաստման եւ ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատ, հակառակ դեպքում կտուգանվի գործատուն: Ի դեպ, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացնելու, որոնք պլանավորվելու են մեկ օր առաջ, եւ առաջին հերթին ընտրվելու են ռիսկային կազմակերպությունները: Մանրամասներին տեղեկանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց տեսչական մարմնի «Թեժ գիծ»  ծառայություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4 հոդվածի 3-րդ կետի, կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով: Ասել է թե՝ տեսուչի խղճին է մնում՝ առաջին ստուգայցի ժամանակ խախտում արձանագրելու դեպքում տնտեսվարողին տուգանել, թե նախազգուշացում տալ: Ըստ տեսչական մարմնի՝ ստուգայցեր իրականացնելու ժամանակ տեսուչները միայն չեն դիտարկելու աշխատողների պատվաստված կամ ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատների առկայությունը, այլեւ կազմակերպությունում Covid-19 անվտանգության կանոնների պահպանման, գրանցամատյանների վարման կարգը: Այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը, քանի որ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվել որոշմանը չհետեւելու համար: Իրենց հերթին իրավաբաննները խորհուրդ են տալիս գործատուներին չստիպել աշխատակցին պատվաստվել, առավել եւս՝ այդ հիմքով նրան հեռացնել աշխատանքից, ապա հուշում են, որ այդ տուգանքները նրանք կարող են բողոքարկել: Մեկ նկատառում. Աշխատանքային օրենսգրքում չկա որեւէ կարգավորում, որեւիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել: Հետաքրքիր է՝ այս խնդիրն ինչպես «կլուծի» Առողջապահության նախարարությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ առողջապահության նախարարը քաղաքացիներին շփոթության մեջ էր գցել. գործատուներին պատշաճ չէր իրազեկել այն մասին, որ աշխատողներն իրենց ՊՇՌ թեստի պատասխանը կարող են ներկայացնել ոչ թե հոկտեմբերի 1-ին, այլ հոկտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում: Բազմաթիվ քաղաքացիներ մեծ գումարներ են ծախսել՝ հոկտեմբերի 1-ին թեստ հանձնելու համար, ապա պարզել, որ կարգը գործում է հոկտեմբերի 14-ից:

 

 

 

Դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով զբաղվելուց առաջ պետք է մտածել բնագծերն ու սահմանը կահավորելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը: «44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանը երկար է 200 կմ-ով, ինչը ենթադրում է սահմանների կահավորանք, բնագծեր եւ այլն: Շուտով ձմեռ է, պետությունը պետք է մտածեր համապատասխան աշխատանքեր անելու, սահմանն ամրակայելու, զինվորականների ու տեխնիկայի համար շինություններ կառուցելու մասին, որ հակառակորդը չգա ու չտնավորվի մեր տարածքներում, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը վաղվա գործ է»,- ասում է նա: ԱԱԾ նախկին պաշտոնյան վստահ է՝ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալու Հայաստանից: «Սահմանազատման, սահմանագծման համար կարեւոր հանգամանքն այն է, թե որ թվականին հրատարակված քարտեզներով են առաջնորդվելու: Եթե ուզում են, որ գործընթացն արագ ընթանա ու ավարտվի, ապա ինչ-որ մի կողմը պետք է զիջի: Եթե Վրաստանի հետ, որի հետ որեւէ խնդիր չունի ՀՀ-ն, դեմարկացիա-դելիմիտացիան ընթանում է արդեն 20 տարուց ավելի, ապա Ադրբեջանի հետ նվազագույնը 50 տարուց ավելի է տեւելու: Չեմ հավատում, որ հայ-ադրբեջանական ներկա հարաբերություններում հնարավոր է այդ գործընթացն անել»,- մանրամասնում է մեր զրուցակիցը: Գեներալ-մայորը ընդգծում է նաեւ, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներում բանակը չպետք է խառնվի. դա դիվանագիտական կորպուսի ու Գեոդեզիայի ինստիտուտի անելիքն է:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին որոշում էր կայացրել Ժիրայր Խառատյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՊՎԾ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, քանի որ վարչապետ Փաշինյանը գոհ չէ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար կազմի աշխատանքներից: Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է՝ հենց նորանշանակ Խառատյանն էլ առաջիկայում նշանակվի ծառայության ղեկավար, քանի որ Փաշինյանը չի ցանկանում այլեւս այդ պաշտոնում տեսնել ներկայիս ղեկավար Տիգրան Ուլիխանյանին: Սա դեռեւս վերջնական որոշում չէ, քանի որ Փաշինյանը ցանկանում է նաեւ տեսնել տեղակալի «պոստը» զբաղեցնող Խառատյանի աշխատանքը: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է՝ Փաշինյանը դժգոհություններ է հայտնում Ուլիխանյանի աշխատանքից ու փոխարինող է փնտրում նրան: Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 21-ին Տիգրան Ուլիխանյանը նշանակվել էր ՊՎԾ ղեկավար ու վերջինս, օրենսդիր մարմնում թողնելով իր աշխատանքը, տեղափոխվել էր գործադիր մարմին: Երեկ փորձեցինք Ուլիխանյանից պարզել, թե ինչ տեղեկություններ ունի իր պաշտոնանկության ու Ժիրայր Խառատյանին ՊՎԾ ղեկավար նշանակելու վերաբերյալ։ Վերջինս հայտարարեց, թե առաջին անգամ մեզանից է այդ տեղեկությունները լսում: Ի դեպ, նշենք, որ նորանշանակ ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանին իշխանության թիմում չեն էլ ճանաչում, շատերի համար անակնկալ է եղել ՀՀ վարչապետի որոշումը:

 

 

Անցել է գրեթե երկու ամիս ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի ազատումից, սակայն նրա փոխարեն նոր անձ այդպես էլ չի նշանակվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 14-ից պաշտոնը թողած Ստեփան Մելքոնյանին փոխարինելու է  Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Մեկուկես ամիս անց, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել։ Աղաջանյանի նշանակումն այդ պաշտոնին ուշանում է, եւ ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունները հարմար այլ թեկնածու չեն գտնում, իսկ Աղաջանյանի մասով էլ ընդհանուր համաձայնություն չկա ՀՀ իշխանությունների եւ ԱԱԾ-ի միջեւ: Այսինքն՝ ստացվում է՝ օգոստոսի 14-ին Ստեփան Մելքոնյանին ազատել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, սակայն մինչեւ այժմ նրա փոխարեն որեւէ մեկին չեն կարողացել նշանակել այդ պաշտոնին: Նկատենք՝ իշխանությունները հաճախ են կադրային սովի առջեւ կանգնում, քանի որ առաջնորդվում են նախկիններին մերժելու սկզբունքով, իսկ ԱԱԾ-ն էլ պատահական կառույց չէ, եւ նշանակումից առաջ պետք է լուրջ որոշում կայացնել: Թերեւս հենց դա է պատճառը, որ նշանակումն ուշանում է:

 




Լրահոս