Անցել է գրեթե երկու ամիս ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի ազատումից, սակայն նրա փոխարեն նոր անձ այդպես էլ չի նշանակվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 14-ից պաշտոնը թողած Ստեփան Մելքոնյանին փոխարինելու է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Մեկուկես ամիս անց, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել։ Աղաջանյանի նշանակումն այդ պաշտոնին ուշանում է, եւ ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունները հարմար այլ թեկնածու չեն գտնում, իսկ Աղաջանյանի մասով էլ ընդհանուր համաձայնություն չկա ՀՀ իշխանությունների եւ ԱԱԾ-ի միջեւ: Այսինքն՝ ստացվում է՝ օգոստոսի 14-ին Ստեփան Մելքոնյանին ազատել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, սակայն մինչեւ այժմ նրա փոխարեն որեւէ մեկին չեն կարողացել նշանակել այդ պաշտոնին: Նկատենք՝ իշխանությունները հաճախ են կադրային սովի առջեւ կանգնում, քանի որ առաջնորդվում են նախկիններին մերժելու սկզբունքով, իսկ ԱԱԾ-ն էլ պատահական կառույց չէ, եւ նշանակումից առաջ պետք է լուրջ որոշում կայացնել: Թերեւս հենց դա է պատճառը, որ նշանակումն ուշանում է:
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՊՐՈՑԵՍԸ ՏԵՎԵԼՈՒ Է 50 ՏԱՐԻ»
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի հետ՝ հասկանալու, թե ինչ գործընթաց են ենթադրում հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները:
-Դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցի մասին քննարկումները կարծես նորից ակտիվանում են: Այդ մասին հայտարարություններ են հնչում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից: Ձեր գնահատմամբ՝ Փաշինյանի ու Ադրբեջանի ԱԳԾ ծառայության ղեկավար Աբդուլաեւայի՝ օրեր առաջ արած հայտարարությունները սահմանագծման ու սահմանգծման աշխատանքների մեկնարկի մասի՞ն են վկայում:
-Նախ ես ասեմ, որ հարցն առաջացել է, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ-ի տարածք՝ Վարդենիսի, Գորիսի տարածաշրջաններում, Սյունիքի մարզում ընդհանրապես, եւ բոլորի հույսը սահմանազատման, սահմանագծման աշխատանքներն են, որի ավարտից հետո պետք է ադրբեջանական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքը: Բայց սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները սկսելու համար կա մի չգրված նախապայման. դա փոխվստահություններն է երկու երկրների կողմից: Օրինակ բերեմ հայ- վրացական հարաբերությունները, որոնք բարի-դրացիական են, բայց սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները շարունակվում են արդեն 26-27 տարի, ու ոչ մի առաջխաղացում չկա: Իսկ այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե հայ-վրացական սահմանի աշխատանքների 70 տոկոսը համաձայնեցված է, մնացել է 30 տոկոս, դա իրականությանը չի համապատասխանում: Քանի որ տերմինաբանության պրոբլեմներ կան, նախնական համաձայնությունն ու համաձայնեցվածը տարբեր բաներ են: Պետական սահմանին մի այսպիսի շատ կարեւոր հարց կա՝ մինչեւ լրիվ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ: Դա ես ասում եմ իմ աշխատանքային փորձից, երկար տարիներ աշխատել եմ հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներում:
Հիմա մոտավորապես ասեմ, թե ինչ կլինի, երբ սկսեն հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքները: Առաջինը՝ ամենակարեւորը՝ սա կտեւի շատ երկար ժամանակ, եւ այն հույսը որ այդ աշխատանքը ավարտելուց ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան, դա կարող է լինել 20-30 տարի հետո: Այսինքն՝ այդ աշխատանքները սկսելուց մենք համաձայնում ենք, որ նրանք մեր տարածքում մնան շատ երկար ժամանակ: Առաջինը՝ չկա միմյանց հետ փոխվստահություն, հետո՝ ամենակարեւոր փաստերից մեկը՝ պետք է համաձայնության գան, թե որ թվի քարտեզն են ընդունելու, որը շատ երկար, ծանր պրոցես է: Մի կողմը պետք է գնա զիջումների, որպեսզի արագանա պրոցեսը: Ընդհանրապես, եթե ուզում ես այս աշխատանքն արագ ավարտել, կողմերից մեկը պետք է անընդհատ զիջումների գնա, որպեսզի շուտ ավարտվի, թե չէ եթե Վրաստանի հետ գնում է 27 տարի, երբ դու պրոբլեմ չունես, նորմալ հարաբերություններ ունես, Ադրբեջանի հետ պրոցեսը տեւելու է մի 50 տարի, սա չի ավարտվելու: Ես չեմ հավատում, որ հայ-ադրբեջանական ներկայիս փոխհարաբերությունների պայմաններում դա կարող են անել:
-Հիմա մենք ունե՞նք այնպիսի պաշտոնյաներ, մասնագետներ, որոնք պատրաստ են հայկական շահը առաջ տանել, այսինքն՝ այնպես աշխատել, որ զիջողի դերում միշտ մենք չլինենք: Դուք տեսնո՞ւմ եք նման քաղաքականություն:
-Ընդհանրապես այդ հանձնաժողովը գլխավորում է արտաքին գործերը, արտաքին գործերի նախարարներ, փոխնախարարներ: Շատ են խոսում, որ մեր բանակը կգնա, այսպես կանի եւ այլն: Բանակը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հետ ընդհանրապես որեւիցե առնչություն չունի: Դա անում է մեր դիվանագիտական կորպուսը, որը դրա մեջ մտցնում է գեոդեզիայի մասնագետներին: Գեոդեզիայի ինստիտուտն էլ են փակել, չգիտեմ՝ ովքեր կլինեն այդ մասնագետները: Թե ում են դնելու դրանով զբաղվելու համար, ինձ համար հանելուկ է: Հույսները դրել են զինվորականների վրա, բայց զինվորականները մասնակցում են այդ աշխատանքներին որպես փորձագետ: Նրանք ձայնի իրավունք չունեն, ուղակի փորձագետներ են, ամեն մեկն իր երկրի պատվիրակությանն ինչ-որ խորհուրդներ կարող է տալ:
-Անվտանգային տեսանկյունից ի՞նչ հարցեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
-Անվտանգայինն այն է, որ այսօր մեր երկրում առաջացել է մոտավորապես 200 կմ նոր սահման: Եթե վերցնենք Մեղրիի շրջանից մինչեւ Վարդենիսի Սոթքը, փաստորեն, սահման գոյություն չուներ, նոր է առաջացել:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ
Դատարանը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ առաջացած վեճի գործով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դեմ Վլադիմիր Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, Անժելա Գասպարյանի, Անգելինա Գասպարյանի, Հեղուշ Գալստյանի կողմից ներկայացված պահանջը վերահասցեագրել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամներ Սուսաննա Գասպարյանը, Անժելա Գասպարյանը, Անգելինա Գասպարյանը, Հեղուշ Գալստյանը եի Վլադիմիր Գասպարյանը դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազին:
Նրանք պահանջում են, որ դատարանը ստիպի 06.09.2021թ. թիվ 22-2-20 գրությունն անվավեր ճանաչել եւ հայցվորներին գույքի ձեռքբերման պահին շուկայական արժեքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնել:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի դուստրը` Անի Սարգսյանը, դատի էր տվել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Նշվում է, որ Սարգսյանը դիմել է դատարան` պահանջելու վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տ. Դավթյանի կողմից 2020թ.-ի հոկտեմբերի 7-ին կայացված «Հայցվորին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը։
Անի Սարգսյանը, ինչպես նաեւ նրա հայրը՝ Լեւոն Սարգսյանը, ու եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում են ապօրինի հարստանալու եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Լեւոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, Անի Սարգսյանի ու Նարեկ Սարգսյանի դեպքում՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ 2021-ի հուլիսին Անի Սարգսյանը հրավիրվել էր դատախազություն։
Ք.Մ.
ՊԱՐՏՔԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է 9 ՄԻԼԻԱՐԴԻ
Օգոստոսի վերջի դրությամբ, Ֆինանսների նախարարության տվյալներով, Հայաստանի պետական պարտքը 8 միլիարդ 953 միլիոն դոլար է, որից Հայաստանի կառավարության պարտքը կազմում է 8 միլիարդ 485 միլիոն դոլար, Կենտրոնական բանկինը՝ 468 միլիոն դոլար։ Իսկ այժմ համեմատություն անցկացնենք՝ փորձելով հասկանալ, թե ինչ համամասնությամբ է աճել պետական պարտքը վերջին տարիներին: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի կառավարման վերջին ամսին, այսինքն՝ 2018 թվականի ապրիլին, Հայաստանի պետական պարտքը հասել էր արդեն 6 մլրդ 867 միլիոն դոլարի, այսինքն՝ 10 տարում այն աճել էր գրեթե 5 մլրդ դոլարով։ Այս տարվա աճը հիմնականում պայմանավորված է այս տարվա հունվարին ներգրավված 750 մլն դոլար պարտքով։ Հայաստանը 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար հունվարի 26-ին 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում, ավելի պարզ ասած՝ արտաքին աշխարհից 750 մլն դոլարի նոր պետական պարտք է ներգրավել։ Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 6 մլրդ 653 մլն դոլար, որը մեկ ամսում նվազել է մոտ 25 մլն դոլարով կամ 0.4%-ով, սակայն տարեսկզբից արտաքին պարտքն ավելացել է 593 մլն դոլարով կամ 9.8%-ով: Ներքին պետական պարտքը այս տարվա օգոստոսի վերջին կազմել է 2.3 մլրդ դոլար՝ մեկ ամսում աճելով 4 մլն դոլարով կամ 0.2%-ով: Տարեսկզբի համեմատ՝ ներքին պարտքն աճել է մոտ 391 մլն դոլարով կամ 20.5%-ով:
ՕՐԱԿԱՐԳ Է ԹԵԼԱԴՐԵԼ
Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գտնվում է ավելի շահեկան՝ թելադրողի, պարտադրողի վիճակում: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հնարավոր հանդիպմանը: «Նա է թելադրում օրակարգը, դա ակնհայտ է, որովհետեւ պատերազմական գործողություններից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունները պարտադրեցին ՀՀ-ին, որ պատերազմը եւ՛ կանգնեցվի, եւ՛ Արցախի մի հատվածը հանձնվի Ադրբեջանին: Բացի այդ, ՀՀ սահմաններից որոշակի ռազմավարական կետեր, բարձունքներ, ճանապարհներ անցան Ադրբեջանին»,- ասել է Օհանյանը: Ըստ նրա՝ երբ խոսվում է սահմանների անվտանգության, հետագայում դրանց ճշտման գործընթացի մասին, տարբեր քաղաքացիներ հիշեցնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որի հիմնական շեշտը ՀՀ ներքին սահմանային ճշտումներն են, ոչ թե արտաքին: