«Կոմերսանտ»-ը անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզոյանի՝ Թեհրան, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվա կատարած այցերին եւ վերլուծություն ներկայացրել: Իրան կատարած այցը հաջող է բնութագրվում եւ նշվում է. «Կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել իրանական սահմանից Երեւան տանող ճանապարհի կառուցման մասին, որը չի անցնելու Ադրբեջանի տարածքով»:
Միեւնույն ժամանակ նշվում է, որ օրերս Վիլնյուսի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես բարձրացրել է Իրանի հարցը: «Վստահ եմ, որ մեր իրանցի գործընկերները գիտեն, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել եւ չի մասնակցի Իրանի դեմ դավադրությանը, քանի որ այդ հարաբերությունները մեզ համար շատ կարեւոր են»,- ասել էր Փաշինյանը:
«Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացել է երկու հարեւան երկրի հակամարտությունից օգուտ քաղել: Արարատ Միրզոյանի եւ նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի խոսքով՝ իրենք անդրադարձել են այդ թվում եւ տրանսպորտային հաղորդակցությունների թեմային: Խոսքը նոր ճանապարհի մասին է, որը պետք է միավորի Իրանը ՀՀ մայրաքաղաքի հետ»,- գրում է հոդվածագիրը:
Նաեւ նշվում է, որ արդեն իսկ գոյություն ունեցող ճանապարհի 20 կմ-անոց հատվածը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, ինչն էլ հանգեցրել է վերջերս տեղի ունեցած սկանդալին: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի սահմանապահներն արգելել են իրանցի վարորդների երթեւեկությունն այդ հատվածով եւ հարկեր են պահանջել նրանցից 100 դոլարի չափով:
Ապա անդրադարձ է եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Մոկսվա կատարած այցին, հոկտեմբերի 6-ին Մոսկվա է մեկնելու Իրանի ԱԳ նախարարը: Բացի այդ, հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Մոսկվա կմեկնի Նիկոլ Փաշինյանը:
Նոր ճանապարհը կրելու է «Տատու» անվանումը: Այն կարճատեւ ժամանակում կառուցելու համար երկուշաբթի Երեւան է ուղեւորվել իրանական պատվիրակությունը՝ ճանապարհների եւ քաղաքաշինության հարցով փոխնախարար եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմիի գլխավորությամբ»,- գրում է պարբերականը:
Եվրասիական պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Վոսկանյանը «Կոմերսանտի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հարաբերությունների սրումն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար Թեհրանի հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման տեսանկյունից:
«Հաշվի առնելով Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունն Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին՝ Երեւանը կարող է ակտիվացնել համագործակցությունն իրանցիների հետ՝ հակաահաբեկչական բնույթի համատեղ գործողությունների առումով: Մյուս կողմից՝ Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության պարագայում կարող է հարթակ դառնալ այդ հարցով եռակողմ համագործակցության խորացման համար»,- նշել է իրանագետը:
«Հայ ղեկավարների արտաքին քաղաքականության գործունեությունը երկուշաբթի չի սահմանափակվել իրանական ուղղվածությամբ: Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը նույն օրն ուղեւորվել է Մոսկվա, որտեղ հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ Վյաչեսլավ Վոլոդինի, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Առաջիկա օրերին Մոսկվայում քննարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հարցով կշարունակվեն. հոկտեմբերի 6-ին Մոսկվա է մեկնելու Իրանի ԱԳ նախարարը: Բացի այդ, հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Մոսկվա կմեկնի Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակում է հոդվածագիրը:
Ն.Հ.
500-700 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԹԵՍՏԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանում հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել Առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն, կամ մինչեւ հոկտեմբերի 14-ը գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը։ Քաղաքացիների զգալի մասն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, պատվաստվել է, իսկ մի մասն էլ կփորձի թեստավորման միջոցով խուսափել պատվաստումից։ Թվում էր, ամսական ընդամենը 2 անգամ թեստ հանձնելով հնարավոր կլինի խուսափել պատվաստվելուց, բայց արի ու տես, որ մեր քաղաքացիներն ահռելի նյութական վնասներ են կրելու։
Հաշվի առնելով համավարակների տեւողությունը՝ Առողջապահության նախարարի հրամանը դեռ երկար ժամանակ կմնա ուժի մեջ, խոսքը առնվազն 3-4 տարվա մասին է։ Այսինքն առնվազն 3-4 տարի քաղաքացիները ստիպված կլինեն ամսական 2 անգամ թեստ հանձնել, եթե իհարկե չեն ուզում պատվաստվել։ Ընդամենը 3 տարվա հաշվարկով դա կազմում է 72 թեստ։ ՊՇՌ թեստերի գները Հայաստանում տատանվում են 7-15 հազար դրամ, միջինը՝ 10 հազար դրամ։ Փաստորեն 3 տարվա համար պատվաստվել չցանկացող քաղաքացիները ստիպված կլինեն 72×10.000=720.000 դրամ գումար ծախսել միայն թեստավորման վրա։ Իսկ պատրա՞ստ են արդյոք մեր քաղաքացիները ֆինանսական նման ծանր բեռ կրել թե ոչ, յուրաքանչյուր ոք կատարելու է իր ընտրությունը, պատվաստվել, թե առնվազն 500-720 հազար դրամ վճարել թեստերի համար։ Թերեւս Հայաստանյան ներկայիս իշխանությանը կարծես չի էլ հետաքրքրում, թե ինչ իրավիճակում են հայտնվել քաղաքացիները, ավելին՝ իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, քանզի ինչպես հավաստիացնում են կառավարությունից, կոլեկտիվ պատվաստումն է համավարակի դեմ միակ պայքարի միջոցը։
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազգային ժողովի աշխատակիցները դիմում են դատարան՝ պահանջելով, որ տան իրենց չտրամադրած աշխատավարձը եւ բոլոր տեսակի պարգեւավճարները: ArmLur.am-ին հայտնի դաձավ, որ Ինեսա Վարդանյանը դիմել է դատարան, պահանջում է, որ դատարանը ստիպի Ազգային ժողովին 2021թ. օգոստոս եւ հետագա բոլոր ամիսների համար չվճարված աշխատավարձը, այլ գումարները եւ բոլոր տեսակի պարգեւավճարները վճարել հայցվորին: Նշենք, որ Վարդանյանը միակ անձը չէ, որ ԱԺ-ի նկատմամբ դատական հայցեր է սկսել: Բանն այն է, որ վերջերս եղել են դեպքեր, երբ ԱԺ աշխատակիցները հեռացվել են աշխատանքից եւ փաստացի նրանք այժմ պահանջում են իրենց բաժին աշխատավարձը:
ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ
«Սյունիքի իրավիճակում որեւէ դրական առաջընթաց չկա»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ բացարձակ անդառնալի գործընթաց է տեղի ունեցել՝ ուղղված է՛լ ավելի սրմանը։ «Այսօր ադրբեջանցիներն այնտեղ կառուցապատման աշխատանքներ են տանում։ Ինչ-որ մեկը գոնե գիտի՞, թե ինչ են նրանք կառուցում, թե ինչ նոր սպառնալիքներ կարող են ստեղծել մեր հայրենակիցների համար»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում, երբ երկիրը բախվում է սեփական անվտանգության ապահովման մարտահրավերների, առաջնահերթ խնդիր պե՞տք է լինի Հարկային օրենսգրքում կամ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների քննարկումը։
ՓՈԽԱՆՑԵԼ ԵՆ
«Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգեւատրում տրամադրելու՝ ակնհայտ անհամաչափ եւ սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է: Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցության մամուլի ծառայությունը։ «Հայտնել էինք, որ այս հարցով նախապատրաստվելու է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում: Այս ընթացքում քննարկվել էր նաեւ պատգամավորներին 250 000 դրամ փոխհատուցման վճարի տրամադրման մասին վերջերս ընդունված օրենքի խնդիրը: Արդյունքում արդեն մշակվել է պարգեւատրումների եւ պատգամավորներին հատկացվող 250000 ՀՀ դրամ փոխհատուցման վճարի վերաբերյալ ՍԴ դիմումը եւ պատգամավորների 1/5-րդի ստորագրությունների պատրաստ լինելուն պես կմուտքագրվի Սահմանադրական դատարան: ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգեւավճարների գումարն ամբողջությամբ՝ 10 740 000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»- նշված է հայտարարությունում։
ԳՆԱՃ
Հայաստանի սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում մեկ տարվա ընթացքում 15.4 տոկոսի չափով գնաճ է արձանագրվել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ արեւածաղկի ձեթը մեկ տարվա ընթացքում թանկացել է 55.1 տոկոսով: Այս տարվա սեպտեմբերին, օգոստոս ամսվա համեմատ, այն, հակառակը, էժանացել է 2 տոկոսով: Բայց, չնայած սրան, միեւնույնն է, ձեթի գինը մեր հանրապետությունում շարունակում է բարձր մնալ:
Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ մսամթերքը եւս մեկ տարվա ընթացքում թանկացել է, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 9 տոկոսով: Մսամթերքի գինը բարձրացել է նաեւ այս տարվա սեպտեմբերին՝ օգոստոս ամսվա համեմատ 0.1 տոկոսով: Շատ է թանկացել է խոզի միսը՝ մեկ տարվա ընթացքում՝ 40.2 տոկոսով: Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, խոզի մսի գինը բարձրացել է 1.1 տոկոսով: Իհարկե, թանկացում արձանագրվել է նաեւ հացաբուլկեղենի, ձավարեղենի շուկայում: Օրինակ՝ հացի եւ ալյուրի գները այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել են 9.8 եւ 6.7 տոկոսով, իսկ 2021 թվականի օգոստոսի համեմատ՝ 0.9 եւ 1.3 տոկոսով: Ձկնամթերքի գները եւս բարձրացել են. այս շուկայում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 1.2 տոկոսով գնաճ: Միայն «Իշխան» ձկնատեսակի գնաճն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 31.6, իսկ այս օգոստոսի համեմատ՝ 1.3 տոկոս: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում գրանցված գնաճը կազմել է 2 տոկոս: Միայն ձուն թանկացել է 3.9 տոկոսով, իսկ պանիրը՝ 2.6 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ շաքարավազի շուկայում գնաճը կազմել է 5.5 տոկոս:
Այս թվերը խոսում են այն մասին, որ մեր հանրապետությունում օր օրի կյանքն է՛լ ավելի է թանկանում: Ավելին՝ մեր քաղաքացիները ստիպված են լինում ապրանք ընտրելիս ոչ թե նայել որակին, այլ գնին, ու ընտրել ավելի մատչելին:
Ս.Հ.