Կառավարությունը վերանայում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը, այն Երեւանում աստիճանաբար կսահմանափակվի եւ կհանվի: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային Ժողովի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Նախագծի կարգավորման առարկան բնակարան ձեռք բերելու, անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով ներգրավված հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսներն աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից վճարված եկամտային հարկից հետ վերադարձնելու համակարգի վերանայումն է»,-ասել է Պողոսյանը:
Նա վստահեցրեց՝ կառավարությունը հետեւյալ նպատակն է հետապնդում՝ վերանայել համակարգի տրամաբանությունն այնպես, որ դրան հաղորդվի կառուցապատման, քաղաքաշինական կամ բնակարանաշինական ծրագրերի առումով տարածքների համաչափ զարգացման տրամաբանություն: Եվ երկրորդ նպատակն է համակարգին հաղորդել լրացուցիչ սոցիալական նշանակություն:
Համակարգը ներդրվել է 2014-ի նոյեմբերի 1-ից: Փոխնախարարի խոսքով՝ անցած տարիներին համակարգի կիրառության շրջանակները՝ շահառուների, ըստ այդմ՝ նաեւ վերադարձվող եկամտային հարկի գումարների առումով պրոգրեսիվորեն են աճել: Եթե համակարգի ներդրման սկզբնական տարիներին շահառուների թիվն ավելանում էր 800-1000-ով, ապա 2017-2018-ին այդ աճը կազմել է շուրջ 2000, այնուհետեւ՝ մինչեւ 5000 եւ ավել շահառու: Ըստ այդմ՝ նաեւ վերադարձվող եկամտային հարկի գումարներն են պրոգրեսիվ աճել:
«Եթե առաջին տարիներին վերադարձվում էր 1 մլրդ դրամ եկամտային հարկ, ապա հաջորդ տարիներին այդ աճը պրոգրեսիվ բնույթ է ունեցել եւ 2020-ին կազմել է ավելի քան 5 մլրդ դրամ»,-ասել է փոխնախարարը:
Ըստ նրա՝ շարունակվում է այդ համակարգին սոցիալականություն հաղորդելու քաղաքականությունը եւ տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը:
«Եվ, ըստ այդմ, առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երեւանի առաջին գոտում, անհրաժեշտ է՝ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ երկրորդ գոտու համար ՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչեւ 2023-ի հուլիսի 1-ը: Այնուհետեւ, 1.5 տարի դադար է առաջարկվում: Իսկ Երեւան քաղաքի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչեւ 2025-ի հունվարի 1-ը»,- ասել է Պողոսյանը:
Զուգահեռաբար, որպեսզի ընթացքում գտնվող շինարարական նախագծերի շարունակականությունն ապահովվի, առաջարկվում է կարգավորել նաեւ անցումային հարաբերությունները, որ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչեւ 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում, առանց սահմանափակումների:
Ն. Պ.
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նոր հրաման է ստորագրել, համաձայն որի՝ ԵՊՀ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս՝ 15 օրը մեկ, կստանան 3000 դրամ փոխհատուցում ՊՇՌ թեստավորման համար: Այս մասին տեղեկանում են ԵՊՀ մամուլի ծառայությունից: Հովհաննես Հովհաննիսյանի՝ 2021 թվականին հոկտեմբերի 4-ի հրամանով՝ ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով: «Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին: Փոխհատուցումից կարող են օգտվել ԵՊՀ բոլոր աշխատակիցները, որոնք չեն ցանկանում պատվաստվել:
Փոխհատուցման համար անհարաժեշտ է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին ներկայացել հետեւյալ փաստաթղթերի պատճենները՝ ԵՊՀ հիմնական աշխատողի կողմից ՊՇՌ հետազոտության համար վճարած գումարի ՀԴՄ կտրոնը եւ ՊՇՌ հետազոտության պատասխանը»,- մարամասները ներկայացված է հրամանում:
891 ՆՈՐ ԴԵՊՔ
Հոկտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 266 208 դեպք, որոնցից 245 376-ը` առողջացած, 5419-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 193 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 761 967 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 6904 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Ունենք 534 առողջացած, 22 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1220 է:
ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԵՂԵԼ
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:31-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17օ եւ արեւելյան երկայնության 43.96օ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Զույգաղբյուր, Աշոցք եւ Բավրա գյուղերում, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում եւ Թումանյան համայնքում 3 բալ ուժգնությամբ: