«Ես չեմ պատրաստվում պատվաստվել եւ ամեն միջոց կնախաձեռնեմ, որպեսզի խուսափեմ պատվաստվելուց: Պարզապես պետք է ժամանակ շահել մինչեւ այս պարտադրանքները կհանվեն, եւ կանցնենք մեր սովորական կյանքի բնականոն հունին՝ առանց պատվաստվելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Ալինա Ավետիսյանը:
«Եթե նախարարությունից չհորդորեին, այլ, օրինակ, մեր գյուղի Սիրանույշ տատն ասեր, ազնվորեն կգնայի եւ կպատվաստվեի: Ես ինքս բնությանը մոտ մարդ եմ եւ չեմ հավատում համավարակի հետ կապված այս միֆին. մարդն ինչին հավատում է, ըստ այդ ծրագրի էլ ընթանում է իր կյանքը»,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ երբեք չի հետեւել համավարակի պարտադիր կանոններին եւ այդ ժամանակն ու համբերությունն էլ չունի:
«Ազնիվ խոսք, ես ժամանակ չունեմ մտածելու՝ վայ հիմա կվարակվեմ, վայ դիմակ կրեմ, կամ այլ բան… Ես այդ ժամանակն ու համբերությունը չունեմ, մինչ օրս չեմ վարակվել նույնիսկ սովորական հարբուխով»,- հավելեց նա:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ՝ այսօրվանից բոլոր հիմնարկությունները պետք է աշխատակիցներից աշխատանքի ներկայանալիս պահանջեն կա՛մ պատվաստումը հավաստող տեղեկանք, կա՛մ կորոնավարակի բացասական թեստի պատասխան:
Քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որեւէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։
ArmLur.am-ը դերասանուհու հետ զրուցել է նաեւ սիրված «Խաբկանք» հեռուստասերիալի ավարտի մանրամասների մասին, որն ավարտվել է սեպտեմբերի 23-ին։ Դերասանուհի Ալինա Ավետիսյանը հեռուստանովելում մարմնավորում էր գլխավոր կերպարներից Ալինայի կերպարը։
«Կարծում եմ՝ իմ կերպարը սիրվել է շատերի կողմից, քանի որ այն հավատարիմ կնոջ, հոգատար մոր կերպար էր, ով ամեն ինչ անում էր ընտանիքի, ամուսնու եւ հարազատների երջանկության համար, թեեւ այդ դեպքում նաեւ հայտնվում զիջողի դերում՝ հանուն որդու երջանկության։ Իսկ մեր ստեղծագործական թիմին դեռ շատ եմ կարոտելու։ Մեր նկարահանումների ամբողջ ընթացքն անցել է բավականին ջերմ մթնոլորտում, մենք արդեն դարձել էինք հարազատ մի մեծ ընտանիք, եւ եթե երկար ժամանակ դերասաններից որեւէ մեկը նկարահանում չէր ունենում, շատ կարոտում էինք»-նշեց նա։
Դերասանուհու խոսքով` թեեւ դժվար է միմյանցից բաժանվել, բայց ինչպես յուրաքանչուր նախագիծ, այս նախագիծը նույնպես մոտեցավ իր ավարտին»,-նկատեց Ալինան՝ միեւնույն ժամանակ նշելով, որ միմյանց հրաժեշտ են տվել թախիծով եւ ափսոսանքով։
Հարցին` արդոյոք առաջիկայում այլ նախագծերում հանդես գալու հրավերներ կան, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐ
ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է սյունակապ կառույց:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են պեղավայր տեղում ծանոթանալու, սյուների հիմքերն ուսումնասիրելու, հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը: Ըստ արշավախմբի ղեկավար Մ. Զարդարյանի՝ հայտնաբերված կառույցը սյունակապ է եւ հանդիսանում է պատմական Արտաշատ մայրաքաղաքի կառույցներից մեկը։ Հայտնաբերվել են 4 սյան խարիսխներ, իսկ մնացած սյուների հետքերը դեռ հողի շերտի տակ են: Համաձայն արշավախմբի ուսումնասիրությունների՝ նշյալ կառույցն ունի մի քանի մշակութային շերտեր, որոնք թվագրվում են հեթանոսության ժամանակաշրջանով՝ մ.թ.ա. 2-1 դդ. եւ մ.թ. 1-2-րդ դդ., իսկ ամբողջական ուսումնասիրությունից հետո այն հնարավոր կլինի թանգարանացնել՝ ստեղծելով Հայաստանում նախադեպը չունեցող զբոսաշրջային վայր՝ համայնքում ենթակառուցվածքների ստեղծմամբ։
Քննարկվել են հուշարձանի պահպանման եւ թանգարանացման՝ օրենքով սահմանված հնարավորությունները, եւ որպես վերջնական որոշման ընդունման ժամկետ՝ սահմանվել է առաջիկա 2 շաբաթը։
Հիշեցնենք, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես Ա-ի կողմից Ք.ա. 189-188 թթ. 12 մեծ ու 1 փոքր բլրի վրա, որոնցից մեկի վրա այժմ գտնվում է Խոր Վիրապ վանական համալիրը։ Հնագիտական պեղումները սկսվել են դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում եւ ընդհատումներով շարունակվել են անկախության տարիներին: Այդ ընթացքում հայտնաբերվել են բաղնիքների մնացորդներ, դրանց խճանկարները, մետաղադրամներ, տարբեր կառույցների եւ դրանց էլեմենտներ, որոնց մի մասն ուսումնասիրվել եւ թանգարանացվել է, իսկ մյուս մասը դեռեւս ուսումնասիրման փուլում է թե՛ տեղացի, թե՛ արտասահմանյան մասնագետների կողմից։
Լ. Ե.
ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԹԻՄԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը ԱՄՆ-ից ժամանել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք եւ միացել է իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմին. հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին չարտերային թռիչքով Ֆրանկֆուրտից կմեկնի Իսլանդիա։ J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։
Դարպասապահներ՝ Դավիդ Յուրչենկո-«Ալաշկերտ», Անատոլի Այվազով-«Ուրարտու», Ստանիսլավ Բուչնեւ-«Փյունիկ»,
պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան-«Կադիս» (Իսպանիա), Կամո Հովհաննիսյան-«Կայրաթ» (Ղազախստան), Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ-«Նոա», Դավիթ Տերտերյան-«Արարատ-Արմենիա», Ժիրայր Մարգարյան-«Արարատ», Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ», Հրայր Մկոյան- «Արարատ»,
կիսապատշպաններ՝ Հենրիխ Մխիթարյան-«Ռոմա» (Իտալիա), Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան), Տիգրան Բարսեղյան «Աստանա» (Ղազախստան), Խորեն Բայրամյան-«Ռոստով» (Ռուսաստան), Սոլոմոն Ուդո-«Ատիրաու» (Ղազախստան), Էրիկ Վարդանյան-«Փյունիկ», Արտակ Գրիգորյան-«Ալաշկերտ», Կարեն Մուրադյան- «Արարատ-Արմենիա», Ալիկ Առաքելյան-«Արարատ», Արտյոմ Ավանեսյան-«Արարատ-Արմենիա»,
հարձակվողներ՝ Սարգիս Ադամյան-«Հոֆենհայմ» (Գերմանիա), Լուկաս Սելարայան-«Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ), Իշխան Գելոյան-«Բալթիկա» (Ռուսաստան), Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»:
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
Champions Chess Tour արագ շախմատի առցանց մրցաշարում Լեւոն Արոնյանը գրավեց երրորդ տեղը: Արոնյանը վերջին տուրում վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Արոնյանը առավելության է հասել առաջին երկու պարտիաներում, իսկ երրորդն ավարտել է ոչ-ոքի: Այս հաղթանակի շնորիվ Լեւոն Արոնյանը, վաստակելով 24 միավոր, զբաղեցրել երրորդ տեղը:
ՄԱՐԶԻՉԸ ԽՈՍԵԼ Է
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Բելգիայի թիմի հետ առաջիկա դիմակայության մասին, որը տեղի կունենա Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում։ «Արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բարդ խմբից հասնենք եզրափակիչ փուլ, եւ ցանկանում ենք նվաճել այս տիտղոսը։ Նախկինում երկու տիտղոս էր՝ Եվրոպայի եւ աշխարհի, հիմա կա նաեւ Ազգերի լիգա, որը մեր նպատակն է։ Մենք մրցելու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ։ Իտալիան ու Իսպանիան կխաղան մյուս դիմակայությունում։ Չորս թիմերն էլ ունեն շանս»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Բելգիա – Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Թուրինում։