Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3 + 3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով: Լավրովի խոսքով՝ իրանական կողմն այս գաղափարի նկատմամբ դրական վերաբերմունք է հայտնել, նույն վերաբերմունքն է նկատվում Ադրբեջանում և Թուրքիայում:
Այսպիսով ինչ արձագանքներ կան Լավրովի հայտարարությունից վեց օր անց. չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին՝ Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի «3+3» ձևաչափում, ասել է Վրաստանի արտգործնախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Դավիդ Զալկալիանին փաստել է՝ օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի հետ միևնույն հարթակում աշխատելը հեշտ չէ, մյուս կողմից` հորդորել հանրությանը մտածել՝ իսկ ինչ կշահի Վրաստանը, եթե դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից։
Նոր ձևաչափի մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Անկարան՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս անց, մասնավորապես, նախագահ Էրդողանն առաջարկեց տարածաշրջանի հեռանակարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, Իրան կատարած այցի ժամանակ պատասխանելով «ԻՌՆԱ» գործակալության հարցին, ասել էր՝ նոր ձևաչափը պետք է հիմնվի ներգրավված բոլոր պետությունների փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: «Հակառակ պարագայում այն կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ»,- ասել էր Միրզոյանը՝ առանց հավելյալ մանրամասների։
Նման ֆորմատն այնքան էլ իրատեսական չի համարում ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, թե այդ ֆորմատում ներառվելիք երկրների խնդիրները կարող են խանգարել դրա կայացմանը:
Եվ չնայած գրեթե մեկ տարի է՝ այս ֆորմատի շուրջ քննարկումներ են առկա, սակայն վերջնական որոշում դեռ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում