Ինչով է զբաղված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ քաղաքացիների միջեւ մեքենայի կայանման շուրջ խնդիրը վերածվում է ծեծկռտուքի ու դանակահարության, որի արդյւնքում մարդիկ են սպանվում: Այսօր Երևանում Մալաթա-Սեբաստիա վարչական շրջանի փողոցներից մեկում հարեւանները վիճաբանել էին մեքենայի կայանման հարցի շուրջ, ինչի արդյունքում տեղի էր ունեցել դանակահարություն, եւ մեկ անձ սպանվել էր:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքացիները մեքենայի կայանման շուրջ վիճաբանում են, ու ըստ էության խնդրին լուծում տալու, հնարավոր հանցագործության դեպքերը բացառելու համար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պետք է անհանգստանա եւ նախաձեռներ ստորգետնյա մեքենաների կայանատեղի ստեղծման մասին, այլ ոչ թե հեռվից հետեւի, թե ինչի հանցագործություններ են տեղի ունենում մայրաքաղաքում մեքենայի կայանման հարցի շուրջ:
Խոսենք փաստերով, այսօրվա դեպքից բացի դատարաններում են գտնվում բազմաթիվ քրեական գործեր՝ դանակահարություն, ծեծկռտուք,, որոնց պատճառներից մեկը մեքենայի կայանման հարցն է:
Մասնավորապես, Շահեն Հունանյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի 85-րդ հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց Շահեն Արմենակի Հունանյանը, ավտոմեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Լիլիթ Ծատուրյանի հետ, որի ժամանակ Շ. Հունանյանը դիտավորությամբ իր բջջային հեռախոսով հարվածել է Լ. Ծատուրյանի պատկանող «Նիսան Ջուկ» մակնիշի 81 LN 081 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկին և վնասել է այն, որից հետո երբ Լ.Ծատուրյանն իր ավտոմեքենան վարել է և այն կայանել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի 77-րդ շենքի բակում և բարձրացել է իրենց բնակարան, նույն շենքի բակ է եկել Շ. Հունանյանը, որտեղ շարունակելով իր հանցավոր վարքագիծը ոտքով հարվածել և վնասել է Լ.Ծատուրյանին պատկանող ավտոմեքենայի պատճառելով ընդհանուրը զգալի չափերի՝ 207.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Արմինե Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 3-րդ շենքի դիմաց ավտոմեքենայի կայանման շուրջ ծագած վիճաբանության արդյունքում ծեծել է Արմենուհի Պողոսյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, Արտակ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2010թ. սեպտեմբերի 14-ին ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դեղատան փողոցի 13 հասցեի դիմաց, ավտոմեքենայի կայանման վայրի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է Արմեն Դավթյանի որովայնի ձախ շրջանին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` ստամոքս-հաստաղիքային կապի վնասումով, այնուհետև նույն դանակով հարվածել է ձախ ազդրին` պատճառելով մարմնական ծակած-կտրած վնասվածք:
Այսպես կարելի է շարունակել մեքենայի կայանման հարցի շուրջ ծագած հանցավոր դեպքերը, իսկ ահա Երեւանի քաղաքապետարանը, մեղմ ասած, դեպքերին նայում է որպես հանդիսատես ու գործուն քայլեր չեն իրականացվում իրավիճակը կարգավորելու համար: