ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտագաղթի հետևանքները. հացի արտադրության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալներն են պակասել։ ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 174 հազար 788 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 179 հազար 341 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.5 տոկոսով է նվազել:

Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ․ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։ Ավելի տխուր պատկեր արձանագրվել է ալյուրի արտադրության ոլորտում․ այստեղ անկումը կազմել է 23 տոկոս։ Օրինակ, այս տարվա ութ ամիսներին Հայաստանում արտադրվել է 95 հազար 288 տոննա ալյուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 123 հազար 766 տոննա։

Տեղեկացնենք, որ Ռուսաստանից Հայաստան քիչ է ներկրվել ցորեն, բացի դա, այս եւ հաջորդ տարիներին խնդիր ենք ունենալու՝ Արցախից ցորեն չի ներմուծվելու։ Բանն այն է, որ ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախում վարելահողերը կրճատվել են, եւ այս տարի հնարավոր չի եղել ապահովել դեպի Հայաստան արտահանման ծավալները։

ՀՀ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով, ընթացիկ տարում արդեն ունենք նաեւ անասնակերի ապահովման խնդիր:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․Հ․




Լրահոս