Հայաստանը պետք է օգտագործի իմ նախադեպը Բաքվում գտնվող հայ գերիների ազատման գործում. Ալեքսանդր Լապշին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները անպայման պետք է օգտագործեն Ադրբեջանի Հանրապետության դեմ բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման նախադեպը՝ ներկայումս Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների ազատմանը հասնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ինքը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ տեղեկացնելով, որ ՄԻԵԴ-ի մեծ պալատը մերժել է իր գործով որոշման դեմ Ադրբեջանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՄԻԵԴ-ի 2021 թ. մայիսի 20-ի վճիռը Ալեքսանդր Լապշինի ապօրինի ազատազրկման, Բաքվի բանտում նրան կտտանքների ենթարկելու և նրա դեմ մահափորձի մեջ Ադրբեջանի կառավարությանը մեղավոր ճանաչելու մասին:

Բլոգերը ընդգծեց Ստրասբուրգի դատարանում Ադրբեջանի դեմ տարած իր հաղթանակի քաղաքական նշանակությունը:

«Ես, իհարկե, դույզն-ինչ չէի կասկածում, որ Ադրբեջանը բողոքարկման դեպքում էլ կպարտվի: Բայց ամենակարևորն այս պարագայում այն է, որ իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները անպայման պետք է օգտագործեն իմ նախադեպը, եվրոպական դատարանում տարած իմ հաղթանակը ներկայումս Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների ազատման գործում», – «Արմենպրես»-ին հայտնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հավելելով, որ ինքն ամբողջությամբ բավարարված է եվրոպական դատարանի որոշումով:

Ինչ վերաբերում է փոխհատուցման գումարի չափին՝ Լապշինն ասաց, որ այն շատ սիմվոլիկ է: Թեև բլոգերը վստահ չէ, որ Ադրբեջանի կառավարությունը կվճարի այդ փոխհատուցումը:

Ըստ ՄԻԵԴ-ի մայիսի 20-ի որոշման՝ Ադրբեջանը պարտավորվում է 30 հազար եվրո փոխհատուցում վճարել Ալեքսանդր Լապշինին:

«Գումարն, իհարկե, սիմվոլիկ է: Ասեմ ավելին՝ ես խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը կվճարի այդ գումարը: Կանցնեն տարիներ, մինչև որ Եվրոպայում նրանց ակտիվների սառեցման, Եվրոպայի խորհուրդ ներկայացրած մեր բողոքների միջոցով կստիպենք նրանց վճարել: Բայց հարցը գումարը չէ, հարցը կայացված որոշման նախադեպն է, որն անհրաժեշտ է օգտագործել ի շահս Հայաստանի», – նշեց Ալեքսանդր Լապշինը:

Բլոգեր, լրագրող և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը, որն ունի երեք երկրի՝ Իսրայելի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի քաղաքացիություն, իր կյանքում եղել է աշխարհի ավելի քան 140 երկրում, բայց Հայաստանում և միջազգային մամուլում հայտնի է դարձել նրանով, որ 2016 թ. դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունների հարցումով ձերբակալվել է Մինսկում Բելառուսի իրավապահ մարմինների կողմից և դրանից երկու ամիս անց՝ 2017 թ. փետրվարին, Ալիևի կողմից վճարված կլորիկ գումարի դիմաց, արտահանձնվել է Ադրբեջանին ու 7 ամիս անցկացրել Բաքվի բանտում՝ դրանից տարիներ առաջ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ) առանց Բաքվի թույլտվության այցելելու համար: Այն ժամանակ նա հրաշքով է փրկվել բանտում իր դեմ կատարված մահափորձից հետո։

2018 թվականի հունվարին Ալեքսանդր Լապշինը դատական հայց էր ներկայացրել Ադրբեջանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր անօրինական ազատազրկման, բանտում վատ վերաբերմունքի և սպանության փորձի մեղադրանքով: Ավելի քան երեք տարի անց՝ 2021 թ. մայիսի 20-ին հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի Հանրապետությանը՝ նրան պարտավորեցնելով 30.000 եվրո դրամական փոխհատուցում վճարել բլոգերին:




Լրահոս