ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ՕԴԸ, ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱ՞ՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մի ամբողջ օր գրել-ջնջելուց հետո՝ երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին, վերջապես հարկ համարեց Հայաստանի տարածքով Նախիջեւան մեկնած ադրբեջանական օդանավի՝ դեռ առավոտից աղմուկ հանած թեմային անդրադառնալ: Հաղորդագրությունն այն մասին էր, որ ադրբեջանական ավիաընկերություններից մեկին պատկանող օդանավը Հայաստանի օդային տարածքը հատել է՝ դեռ մի քանի տարի առաջ կնքված «Բաց երկինք» պայմանագրի համաձայն: Հայաստանի օդային տարածքը փաստացի երբեք էլ փակ չի եղել Ադրբեջանի համար, ուղղակի դեռեւս 2013-2014 թթ. Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ է դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի մեր օդային տարածքից օգտվելու համար ստիպված չլինի հարկեր վճարել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ամբողջ օրը, փորձեց ճշտել, թե Քաղավիացիայի կոմիտեն ադրբեջանական կողմից արդյոք գանձում կատարել է մեր օդային ուղիներից հակառակորդ երկրի ավիաընկերությանն օգտվելու հանարավորություն տալու համար: Կոմիտեի քաղաքային հեռախոսահամարներին զանգերը, սակայն, զարմանալի զուգադիպությամբ անարձագանք մնացին: Չգիտես՝ ինչ հրաշքով, հերթական զանգերից մեկին արձագանքեց Կոմիտեի գլխավոր քարտուղար Միքայել Զալինյանը: Նա մեր հարցը լսելուց հետո որոշեց, որ առցանց ինչ-որ թրեյնինգի է մասնակցում: Նա ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց հարցադրումը՝ նախընտրելով առցանց թրեյնինգին մասնակցել: Երեկոյան կողմ մեր խմբագրություն Քաղավիացիայի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը զանգահարեց: «Բաց թողած զանգերը տեսա, հետ զանգեցի, բայց Ձեր հարցի հասցեատերը ես չեմ: Ենթադրում եմ՝ գումարների հարցով «Հայէրոնավիագացիա» ՓԲԸ-ն է զբաղվում»,- ուղղորդեց մեզ: «Հայէրոնավիագացիան» էլ, պարզվեց, գումարային փոխանցումներին հարցին պատասխանելու լիազորություն «վերեւներից» չի ստացել: «Ինձ, մեզ արգելել են խոսել այդ թեմայով: Ինչքան էլ փորձեք ինֆորմացիա ճշտել, չի ստացվի, դրան պետք է կոմիտեն պատասխանի»,- հարցի պատասխանն իր վրայից գցելով՝ ասաց Սեւակ անունով ներկայացած ՓԲԸ-ի աշխատակիցը: Պարզեցինք նաեւ, որ Կոմիտեն՝ լրատվական ծառայություն, տիկին Տաթեւիկ Ռեւազյանն էլ մամուլի քարտուղար չունի: Ռեւազյանի օգնական Լիլիթի հետ կապ հաստատեցինք, խոստացավ ճշտել հարցի պատասխանն ու հետ զանգել: Ինչպես սպասվում էր, ոչ միայն հետ չզանգեց, այլեւ անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը բացատրեց՝ որեւէ երկրի օդային ուղիներով թռիչք իրականացող ավիաընկերությունն ավիացիոն ծախսերի համար վճարում է անում: «Գումարի չափը ձեւավորվում է՝ ըստ օդանավի քաշի, նրա անցած կիլոմետրի ու ինչ-որ գործակցի բազմապատկման: Գումարը ստանում է «Հայէրոնավիգացիան», որ Կոմիտեին է ենթարկվում: Կոմիտեն էլ իր հերթին այդ գումարը բյուջե է փոխանցում»,- մանրամասնեց Խաչատրյանը: Ենթադրելի է, որ ադրբեջանական ավիաընկերությունը, գործող կարգի համաձայն, ՀՀ օդային ուղիներից օգտվելու համար որոշակի հարկ վճարել է, ինչը, սակայն, Կոմիտեն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է: Հուսանք՝ Էդմոն Մարուքյանի ասած «սիրուն աղջկա» ղեկավարած կառույցը ադրբեջանական կողմից դրամական համապատասխան փոխանցումները ստացել է, ոչ թե բարի կամք դրսեւորել ու օդը բացելով՝ ասել՝ էստի համեցե՛ք:

Ի դեպ, սա աննախադեպ բան է, երբ պատերազմից հետո հայկական կողմը սիրահոժարություն է դրսեւորում Ադրբեջանի նկատմամբ՝ գաղտնի պահելով, թե ինչի դիմաց:

 

 

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս օրերին ջանք չի խնայում Գորիսի համայնքապետի ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանի վրա պարտավորություն է դրված. պետք է Գորիսում «հեղափոխություն» իրականացնի: Ըստ մեր տեղեկությունների՝ նաեւ դա է պատճառը, որ Արմեն Խաչատրյանն է երաշխավորել հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի նախկի պետ Վլադիմիր Աբունցի թեկնածությունը համայնքապետի ընտրություններում: Երեկ Խաչատրյանը Աբունցին խորհրդարան է «տարել», խմբակցության տարբեր պատգամավորների հետ հանդիպում կազմակերպել. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ խմբակցության քարտուղար Նազենի Բաղդասարյանի հետ առանձին է հանդիպումներ կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ գորիսեցիները Աբունցին գիտեն՝ որպես մաքսատան աշխատակից, որն այդ համակարգում է եղել դեռեւս 1998 թվականին: Աբունցը Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը եղել է բեռների զննման մաքսային տեսուչ, այնուհետեւ՝ ավագ տեսուչ, գլխավոր տեսուչ, մաքսատան բացթողնման բաժնի պետ: Ըստ իշխանության մեր աղբյուրների՝ Աբունցին վերջերս են ՔՊ-ական «դարձրել» ու ներգրավել քաղաքական կուսակցության ու պրոցեսների մեջ, քանի որ տեւական ժամամակ Գորիսում ուժեղ թեկնածու են փնտրել: Ի վերջո, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկել է իր մտերիմներից Վլադիմիր Աբունցին: Թե արդյոք գորիսեցիները իրենց ձայնը կտան Աբունցին, դժվար է ասել, քանի որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունները խոստանում են թեժ լինել:

 

 

 

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել՝ օգոստոսի 25-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որից հետո կայացրել է որոշում: Թե ինչ որոշում է կայացրել ՀՔԾ-ն, հայտնի կդառնա այսօր։ Բանն այն է, որ, առկա փաստերի համաձայն, հենց Սարգսյանն է հարվածել Մանուկյանին: Ի դեպ, այսօր Գեղամ Մանուկյանին կրկին անգամ հրավիրել են ՀՔԾ, որպեսզի ծանոթանա քրեական գործի նյութերին: Արդյոք ՀՔԾ-ն այս գործը կուղարկի դատարան,  թե Աժ մյուս միջադեպերի նման գործը կկարճի, պարզ կլինի այսօր: Սակայն դատելով, թե ինչ ցուցմունք է տվել Գեղամ Մանուկյանը, ակնհայտ է մեկ բան, որ քրեական գործը կկարճվի: Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում է, որ Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Եվ, ահա, ՀՔԾ-ում կոնկրետ ցուցմունք են ուզում Գեղամ Մանուկյանից, որ նա, ըստ էության, ցուցմունք տա Հայկ Սարգսյանի դեմ, սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գեղամ Մանուկյանը ՀՔԾ-ում նշել է, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված զանգվածային խուլիգանություն էր:  Ակնհայտ է որ ՀՔԾ-ում իրավաբանությունը կպարտվի «դուխ»-ին, եւ քրեական գործ քննող քննիչը չի համարձակվի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել:

 

 

 

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ»  օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 858, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 23 հազար 440: Բայց, մյուս կողմից, ավելացել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 289-ից հասնելով 321-ի: Հայտնի իրողություն է, որ երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանները եւ առողջապահության ցածր մակարդակը։ Բերված թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով։ Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա։ Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այս տարվա 8 ամիսներին բնական հավելաճը կազմել է 2325, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 3 հազար 616 էր, 2019թ.՝ 2 հազար 492:




Լրահոս