Ադրբեջանական օդանավը Հայաստանի օդային տարածքով թռիչք է իրականացրել «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում, որ Հայաստանի կառավարությունը դեռեւս 2013թ.-ին է ստորագրել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ նշելով, որ բաց երկնքի քաղաքականությունը ենթադրում է ապահովել բոլոր տեսակի թռիչքները: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մինչեւ 2013 թվականն էլ դեպքեր են եղել, երբ ադբեջանական օդանավերը հատել են Հայաստանի օդային տարածքն ու թռիչք իրականացրել: Նա վստահ է, սակայն, որ եթե հայրենի կառավարությունը քաղաքական կամք ունենար՝ թույլ չտալու ադրբեջանական օդանավի՝ մեր օդային տարածքով թռիչք իրականանցելը, ապա վերոնշյալ օրենքը շրջանցելու ձեւ հաստատ կարող էր գտնել:
-Քննարկվում է, որ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռ է անցել դեպի Նախիջեւան: Որպես մասնագետ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Մեկնաբանության կարիք չկա, որովհետեւ 2013թ. գործող պայմանագիր կա, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է բաց երկնքի քաղաքականություն, որից հետո բյուրոկտարական թղթաբանությունը հանել են, քանի որ մինչ դրա ընդունումը երկու պետությունների միջեւ միջպետական պայմանագրով էր վերահսկվում ավիացիայի ոլորտը: 2005-2006թթ. Եվրոպան բաց երկնքի քաղաքականությունը սկզբից իր երկրների պարտադրանքի մեջ մտցրեց, հետո անցավ հարակից երկրներին, որի մեջ Հայաստանն էր, որը պարտադրաբար ստորագրեց դա: Եվ ստացվում է, որ այն երկիրը, որն ուզում է թռնել Հայաստան, վարչություն նամակ է ուղարկում: Ոչ թե երկիրն է ուղարկում, այլ որեւէ ավիաընկերություն, որ գրանցված է երկրում: Թղթերն ուղարկում է, այն էլ չեղարկելու իրավունք չունի, քանի որ մեր երկիրը ստորագրել է:
-Այսինքն՝ եթե ադրբեջանական ավիրաընկերությունը մեր քաղավիացիային դիմում ուղարկի, որ այսինչ օրը ցանկանում է իրականացնել թռիչք, Հայաստանը դա մերժելու որեւէ հիմք ու իրավունք չունի՞:
-Հիմք եւ իրավունք չունի մինչեւ այն պահը, երբ այն պահը, երբ Հայաստանը կղեկավարի մի հայրենասեր մարդ, որը կարող է որեւէ ուղղության վրա չեղարկել «բաց երկինքը»:
-2013 թվականի՞ց է գործում այդ համաձայնագիրը:
-Այո՛, դա գործում է 2013թ. հոկտեմբերի 23-ից:
-Իսկ դրա համար ավիափոխադրողը հարկ վճարո՞ւմ է մեր երկրին:
-Նավիգացիոն ծախսերը վճարում է: Այսինքն՝ օդային տարածքի իմաստը դա է, թե քանի կմ անցնում է, դա բազմապատկվում է որոշակի թվով. գոյություն ունի սակագին, օդանավի քաշ, 0,5 գործակից եւ այլն: Հաշվարկ կա, որ ամեն անցումի համար Նավիգացիան, որը պետական կառույց է, ենթարկվում է Քաղավիացիայի կոմիտեին, Նավիգացիան այդ գումարը ստանում ու փոխանցում է կոմիտեին, որն էլ, կարծում եմ, փոխանցում է բյուջե:
-Իսկ նախկինում եղե՞լ է նման դեպք, երբ Ադրբեջանից Հայաստանի օդային տարածքով ոչ միայն Նախիջեւան, այլ ուրիշ մի երկիր թռիչք լինի ադրբեջանական օդանավի կողմից:
-2013 թվականի առաջ եղել է, բայց դրանից հետո Ադրբեջանն ինքը սառեցրեց դա:
-Իսկ եթե Հայաստանը մերժի պայմանագիրը ու թույլ չտա Ադրբեջանին թռիչք իրականացնել, ի՞նչ կհետեւի դրան:
-Ես շատ խորը չեմ տիրապետում դրան, միայն կարող եմ ասել հետեւյալը. եթե պայմանագրով շարժվենք՝ Բաց երկնքի քաղաքականությամբ, ապա ասեմ, որ որեւէ խախտում չկա:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԿԱՍՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զարմացնել իր իրարամերժ հայտարարություններով: Այս անգամ եւս խոսքը Շուշիին վերաբերող հայտարարությունների մասին է: Մասնավորապես, հոկտեմբերի 4-ին՝ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, կրկին անդրադարձել է Շուշիի կորստին եւ կարգավիճակին՝ անելով հայտարարություններ, որոնք հակասում են իր նախկին ասածներին:
«Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել էն մտքից, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պիտի վերադառնան եւ բնակվեն Ղարաբաղում: …Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու։ Բնակիչ նշանակում է բնակության տեղ ունեցող, չէ՞։ Որտե՞ղ էին բնակվելու. տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են, եթե նրանք էդտեղ բնակված լինելու հանգամանքով են այդ կարգավիճակը ստանում»,- նշել էր Փաշինյանը։
Եվ հենց այս հայտարարությունն է հակասում նախկինում Փաշինյանի արած հայտարարություններին։ Դեռ 2020 թվականի պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, վարչապետը հայտարարել էր, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին։
«Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս, սկզբնական շրջանում: Եվ ինչո՞ւ ենք մենք, Արցախի իշխանությունները, Պաշտպանության բանակը գնացել այս ճանապարհով…»,- նշել էր Փաշինյանը:
Սակայն նույն օրը Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հակադարձել էր Փաշինյանին՝ հայտնելով, որ խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:
Փաշինյանին նոյեմբերի 17-ին հակադարձել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նշել էր, որ իրեն հոկտեմբերի 2-րդ կեսին հաջողվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ իրականացվի փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշի։ Փաշինյանը դեմ է արտահայտվել այդ մտքին՝ պնդելով, որ դա կվտանգի հայկական կողմի շահերը։ Պուտինը նաեւ մանրամասներ էր հաղորդել բանակցություններում Շուշիի քննարկվող կարգավիճակի մասին:
Այսինքն՝ Փաշինյանի պնդումը, թե մինչ պատերազմը Ադրբեջանը պահանջել էր յոթ շրջանները եւ Շուշին, սխալ է, քանի որ ինչպես հայտարարել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, բանակցությունների ընթացքում Շուշին հանձնելու որեւէ տարբերակ չի քննարկվել։ Նկատենք՝ արդեն Լիտվայում հոկտեմբերի 4-ին արած հայտարարության մեջ Փաշինյանը խոսում է միայն ադրբեջանցիների վերադարձի մասին։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Կառավարությունը սեպտեմբերի 30-ին հավանության արժանացրեց 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Այն կքննարկվի արդեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստում: ArmLur.am-ը ներկայացնում է բյուջեի նախագծում առկա փոփոխությունները: Հայաստանի 2022 թվականի բյուջեի ծախսերը, 2021 թվականի համեմատ, աճել են շուրջ 5 տոկոսով կամ 337 միլիարդ դրամով, իսկ եկամուտներն աճել են 33 տոկոսով կամ մոտ 400 միլիարդ դրամով։ Ի՞նչ հատկացումներ են արվել թերեւս թիվ մեկ ոլորտին: Բյուջեի նախագծով ծախսերի 23?7 տոկոսը կազմում են «Պաշտպանություն, հասարակական կարգ, անվտանգություն եւ դատական գործ» տողով հատկացումները՝ 518?8 մլրդ։ 2021 թվականի համեմատ՝ այս տողով աճը կազմում է շուրջ 11 տոկոս։ Պետբյուջեի 2022 թվականի նախագծով 33 միլիարդ դրամով ավելացել են ռազմական ծախսերը. այս տարվա 312 միլիարդ դրամի փոխարեն՝ 2022-ին նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ դրամ։ Հատկացումների մեծ մասն ուղղվելու է ՊՆ շենքային պայմանների բարելավմանը։ Միաժամանակ, 2021 թվականի համեմատ՝ չի փոխվելու ռազմական կարիքների բավարարմանը նախատեսվող գումարի չափը՝ 217 միլիարդ դրամ։ Նշենք, որ 2020 թվականին բյուջեի այս կետով հատկացվել է 243 միլիարդ դրամ։
ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ
Ինչպես արդեն հայտնի էր, օրեր առաջ Իրանն իր օդային սահմանները փակել է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների համար, այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիաընկերությանը։ ««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջեւան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի նաեւ այս ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաեւ թռիչքի ընթացքում վառելիքի սպառման նվազմանը: Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին: Տեղեկություններ կան, որ Հայաստանի օդային տարածքը երբեք փակ չի եղել Ադրբեջանի համար, դեռեւս 2013-2014 թվականներին Ադրբեջան ինքն է իր նախաձեռնությամբ դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի Հայաստանի օդային տարածքից օգտվելու համար ստիպված չլինի հարկեր վճարել Հայաստանին։