Ռուս ականավոր քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը վերլուծել է Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների՝ օրերս հնչեցրած մեղադրանքները՝ ուղղված մեկը մյուսին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մեկնաբանելով Թեհրանի մեղադրանքները, թե «Բաքուն Իսրայելին ներքաշել է տարածաշրջան», հայտարարել է, որ դա ճիշտ չէ, եւ Իրանի ղեկավարությունը ստիպված է լինելու պատասխան տալ այդ հայտարարության համար:
Հեղինակը հիշեցնում է, որ նախօրեին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն Իսրայելին մեղադրել է՝ պնդելով, որ երկիրը փորձում է օգտվել Լեռնային Ղարաբաղի հետ կապված բարդ իրավիճակից: Նրա խոսքով՝ «իսրայելցիները ներկայություն են հաստատել Ադրբեջանի տարածքում»: «Թեհրանն Ադրբեջանին մեղադրում է պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղում իսրայելցի ռազմական մասնագետների տեղակայման մեջ: Ըստ երեւույթին, խոսքն իսրայելական ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանումների մասին է, որոնց ներկայությունը կարող էին ֆիքսել իրանական հատուկ ծառայությունները: Իսկ այժմ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, բրիգադային գեներալ Կիյոմարս Հեյդարիի կարծիքով՝ Ադրբեջանի տարածքում են գտնվում Իսրայելի ներկայացուցիչները եւ ԻՊ-ի գրոհայինները»,- նշում է Տարասովը:
«Իրանցի նախկին դիվանագետ Ամիր Մուսավին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել: Նրա տեղեկություններով՝ «Ադրբեջանում 1000 իսրայեցի մասնագետ է գտնվում եւ ԻՊ-ի 1800 ահաբեկիչ: Գործը հասել է նրան, որ Բաքվի եւ Թեհրանի միջեւ սուր քննարկումներին որոշել է միջամտել Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսադնր Բեն Ցվին, որը «մեծ հիմարություն» եւ «երեւակայություն» է անվանել Ղարաբաղում իսրայելցի զինվորականների ներկայությունը: Հավանաբար, այս տվյալները ստացվել են իրանական հետախուզությունից: Նույն տեղեկությունների համաձայն՝ Զանգելանում (Կովսական) իսրայելայան ռադիոէլեկտրոնային համակարգեր են տեղակայվել»,- գրում է փորձագետը:
Ինչպես հոդվածագիրը նշում է, մի շարք փորձագետների կարծիքով՝ Թեհրանը մտահոգություն ունի որոշակի արտաքին ուժերի օգնությամբ երկրի ադրբեջանաբնակ շրջաններում հնարավոր ապստամբության բռնկման շուրջ, որին կարող է հաջորդել Հարավային Ադրբեջանի դուրս գալն Իրանի կազմից:
Միեւնույն ժամանակ իրադարձությունները յուրօրինակ զարգացում են ունենում: Արտաքնապես Իրանն իրավիճակը ներկայացնում է որպես «սպառնալիք» Բաքվի կողմից: Սակայն Իրանում կան ուժեր, որոնք որոշակի պայմաններում եւ հանգամանքներում պատրաստ են տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, որը նախքան 19-րդ դարում Ռուսաստանին միանալն իրանական նահանգ է եղել: Պատահական չէ, որ մի շարք իրանցի քաղաքական գործիչներ հայտարարում են, որ «Ալիեւը պետք է իր երկիրն այնպես կառավարի, որ Թեհրանը ետ չպահանջի Ադրբեջանի տարածքները»: Այստեղից էլ գալիս է Իսրայելի հետ համագործակցությունը դադարեցնելու Բաքվին ուղղված պահանջը»,- ընդգծում է փորձագետը:
Վերջինս հավելում է, որ «Իրանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ Թուրքիայի շահերին, որի դիրքերը Ղարաբաղյան պատերազմից հետո զգալիորեն ամրապնդվել են Անդրկովկասում»:
«Կրակին յուղ է լցնում նաեւ իսրայելական մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների լարվածության ֆոնին իսրայելական ուժային կառույցների պատվիրակությունը մեկնել է Բաքու: Իսրայելցիները, ինչպես ասվում է հրապարակումներից մեկում, «վստահեցրել են ադրբեջանցի գործընկերներին, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել իրանական տարածքից եկող թշնամական գործողությունների դեպքում»: Ի դեպ, Թեհրանը որոշել է փակել իր օդային տարածքը Նախիջեւան թռիչքների համար՝ պայմանավորված այնտեղ այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններով»,- նկատում է Տարասովը: «Դեռեւս բոլորը հետեւում են Իրանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին եւ Բաքվի ու Թեհրանի հռետորաբանությանը՝ չհաշված Անկարային, Երուսաղեմին, Մոսկվային եւ Վաշինգտոնին: Առաջիկա օրերը ցույց կտան՝ կհաջողվի արդյոք խոշոր տարածաշրջանային խաղացողներին խաղաղությամբ կարգավորել Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ի հայտ եկած հակասությունները, թե իրադարձությունները կսկսեն զարգանալ բացասական սցենարով»,- եզրափակում է քաղաքագետը:
Ն. Պ.
ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 6-ին որոշում է ստորագրել Աննա Գասպարյանին իրեն խորհրդական նշանակելու մասին:
ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Միջգերատեսչական խումբը, որի անունը կա, բայց իրեն չենք տեսել, պարզվում է՝ բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել, եւ այդ առումով պետք է մեկ միլիարդ դրամ տրամադրվի հենց ընտրություններից առաջ։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Այստեղ կոռուպցիոն որեւէ ռիսկ չե՞ք տեսնում։ Պարոն Առուշանյանն էլ էր խնդիրներ լուծում, ինչո՞ւ եք նրան կալանավորել, իսկ պարոն Խաչատրյանի եւ մյուսների համար որեւէ խնդիր չեք տեսնում։ Առուշ Առուշանյանի նկատմամբ հստակ քաղաքական հետապնդում է։ Ամբողջ մեկ տարվա ընթացքում, հատկապես՝ պատերազմից հետո, համայնքապետարանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այն մարդկանց, ովքեր ունեին դրա աջակցությունը։ Այս մարդիկ դիմել են համայնքապետարանին ֆինանսական աջակցության համար, հիմա ասում են՝ չէ, սա կաշառք է, այն էլ՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ դեռ չէր էլ խոսվում ընտրությունների մասին»,- ասել է Ա. Գրիգորյանը։
ՓԱԼՅԱՆԸ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երեք եւ «ժողովրդավարական տարածաշրջանային կուսակցության» մեկ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան: Այս մասին հայտնում է թուրքական «Յենիշաֆաք»-ը: Էրդողանի միջնորդագրում տեղ է գտել նաեւ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» հայազգի պատգամավոր Գարո Փայլանի անունը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, հնարավոր է համարում այդ գործընթացին Եվրամիության ակտիվ մասնակցությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետեր Միխալկոյի հավաստագրերը: «Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան շրջանն է, խաղաղության ապահովումը տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք շրջել այս էջը, սա է մեր քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել Հայաստանի՝ մեր հարեւանի հետ։ Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատում անցկացնելու, հաղորդակցությունների բացման վերաբերյալ։ Այդ գործընթացը մասամբ սկսվել է»,- ասել է Իլհամ Ալիեւը։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԹՌԱԾ ԵՆ
Ադրբեջանի ազգային ավիափոխադրողի՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության՝ (AZAL) տարածած հաղորդագրությունը, թե սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքն ու դեպի Նախիջեւան թռիչք իրականացրել, մեծ աղմուկ է առաջացրել համացանցում: Քաղաքական գործիչներից ու վերլուծաբաններից շատերն այն տեսակետին են, որ ՀՀ օդը Ադրբեջանի համար բացելն անթույլատրելի է: Տեղեկություն կա, սակայն, որ Հայաստանի օդային տարածքը երբեք փակ չի եղել Ադրբեջանի համար: Ադրբեջանական կողմը դեռեւս 2013-2014 թթ. Է դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի ստիպված չլինի հարկեր վճարել Հայաստանին։ Վերոնշյալ բոլոր հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ, սակայն նրա թե՛ բջջային, թե՛ աշխատանքային հեռախոսահամարներով կապ հաստատել չհաջողվեց:
Մենք փորձեցինք զրուցել Ռեւազյանի տեղակալ Միհրան Խաչատրյանի, Ավիացիոն անվտանգության վարչության պետ Հենրիկ Գաբրիելյանի, Թռիչքային գործունեության վարչության պետ Արամ Եղոյանի հետ: Բոլորը փորձերը, սակայն, անհաջողությամբ պսակվեցին: Պետբյուջեից աշխատավարձ ստացող ու մեր հարկերից սնվող հանրային պաշտոնյաները զանգերի չեն պատասխանում: Հեռախոսազանգին միայն Եղոյանի վարչությունից արձագանքեցին: Աշխատակցուհին ասաց. «Նա տեղում չէ, բայց տարածքում է, փոքր-ինչ ուշ փորձե՛ք»: Մինչ հասարակությունն ակտիվորեն քննարկում է, հուզվում է, նեղսրտում է, թե ինչու է ադրբեջանական ինքնաթիռն օգտագործել ՀՀ օդը, քաղավիացիայի՝ խորը թմբիրի մեջ մնացած պաշտոնյաները անհաղորդ են: Հուսանք՝ քնած չեն մնացել:
ՎԻՐԱԲՈՒՅԺԸ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հեղնար Սայադյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021 թվականի հուլիսի 29-ին` ժամը 08:40-ին, Երեւան քաղաքի Հրաչյա Ներսիսյան 12/6 հասցեում գտնվող «Նորմեդ» բժշկական կենտրոնի սպասասրահում իր աղջկան` Ռուզաննա Սայանդյանին 2019 թվականի հոկտեմբերի 1-ին նույն բժշկական կենտրոնում վիրահատելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել բժիշկ, «Նորմեդ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Արամ Միխայելի Խաչատրյանի հետ, որի ընթացքում վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա ձեռքերին, ոտքերին եւ մարմնի այլ հատվածներին՝ այդկերպ Արամ Խաչատրյանին պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող, աջ նախաբազկի եւ աջ սրունքի շրջանների քերծվածքների ձեւով մարմնական վնասվածքներ։