Հադրութից տեղահանված բնակիչները երեկ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: «Մենք նամակ էինք հղել 45 օր առաջ, մինչեւ հիմա պատասխան չունենք, թե ինչ են մտածում Արցախից տեղահանված բնակչության մասին, որոնք գտնվում են ՀՀ-ում, ինչ ծրագրեր ու նախագծեր ունեն մեր հետագա ճակատագրի վերաբերյալ: Մհեր Գրիգորյանի հետ հանդիպելուց հետո մենք հանդիպել ենք նաեւ սոցապնախարարի հետ, Արցախի պետնախարարի եւ տարածքային կառավարման նախարարի հետ:
Որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք է բերվել, բայց առայժմ հստակ ոչ մի բան չկա: Առաջին հարցը, որ մեզ հուզում է, կարգավիճակի հարցն է. տեղահանված ենք, ունենք ՀՀ անձնագիր, բայց քաղաքացի չենք համարվում, ոչ մեկը չի ասում՝ որ երկրի քաղաքացին ենք մենք: Շուտով ձմեռ է գալիս, բնակարանային հարցի լուծման հարցում տեղաշարժ չկա»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը: Ըստ նրա՝ վերջին 2 ամսում վարձավճարներն էլ են դադարեցրել. «Ո՛չ 68-հազարական դրամներն են տալիս, ո՛չ էլ հյուրընկալության գումարները: Ասել են, որ մտածում են նոր միջոցառումներ՝ նպաստները շարունական լինելու համար, նոր ծրագիր պետք է մշակեն, որից ոչ մի տեղեկություն չունենք»:
Հայաստանի կառավարությունն Արցախին հատկացվում է 13,4 մլրդ դրամ. Արցախում 1960 մարդ հյուրատներում է, նրանց յուրաքանչյուրին տրվում է 4-6 հազար դրամ օրական, այսինքն՝ շնչին ամսական 150 հազար դրամ է տրամադրվում: Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության դիմաց տեղահանված հադրութցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց հադրութցիներից մեկը:
«Եթե կարողանում են այդքան գումար տրամադրել, այստեղ Երեւանում իմ ընտանիքը 13 հոգուց է բաղկացած, 130 հազար դրամ վարձ ենք տալիս: Ի՞նչն է խանգարում, որ այդ գումարները մեզ չեն տրամադրում, եթե դա փողերի լվացում չի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը փորձեցին հույս տալ, ասացին, որ հիփոթեքային վարկերով բնակարաններ տրամադրելու ծրագիր անեն, հետո դա քննարկվեց նաեւ սոցապնախարարությունում: Հետո Արցախի կառավարությունից եկավ Հայկ Խանումյանը եւ միանգամից ասաց՝ մենք ձեզ տներով Արցախում ենք ապահովելու: Մենք ծրագիր չունենք, որ ձեզ Հայաստանում ապահովենք: Իսկ մենք հույս չենք տեսնում, որ նույնիսկ երեք տարի հետո մեզ բնակարաններով ապահովելու են»,-ասում է նա:
«Հադրութից արդեն 2500 մարդ լքել է Հայաստանը տարբեր պատճառներով: Իսկ այսօր այդ թիվը ավելացել է եւս 500-ով: Եթե բնակարանի հարցը չլուծվի, ես էլ եմ ստիպված արտագաղթելու: Կառավարությունից հույս չկա, խաբում են: Կառավարության անգործության պատճառով մեզ մեր տներից հանել են, հասցրել են ձմեռվա բերան ու հրաժարվել մեզնից: Մենք էլ ասում ենք՝ գոնե բնակվարձերը տրամադրեք»,- հայտարարում է հադրութցին:
Ն. Պ.
ԿԻՆՈ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ, ԶՐՈՒՑԱՐԱՆՆԵՐ ԲԱԺԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 17-ին կկայանան Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններ, նորընտիր ավագանին իր կազմից կընտրի Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար։ Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությունը։ «Հանրապետություն» կուսակցության ավագանու 18 թեկնածուներից բաղկացած ցուցակը գլխավորում է Արմեն Ուլիխանյանը, որը տարիներ առաջ որպես զինկոմ պաշտոնավարել է Հայաստանի տարբեր տարածքներում։
Դիլիջանից հայտնում են, որ դրանից հետո նա Ռուսաստանում գործարարությամբ է զբաղվել, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, թոշակ է ստանում այդ պետությունից։ Արմեն Ուլիխանյանը տարիներ առաջ իր ընկերոջ հետ ձեռք է բերել «Մանուշակ» կինոթատրոնի շենքը եւ այժմ՝ ավագանու ընտրություններից առաջ, այնտեղ կինոթատրոն, իր խոսքերով, արվեստի կենտրոն է գործարկել։ 2021թ. հոկտեմբերի 1-ին ավագանու թեկնածու Արմեն Ուլիխանյանը, կտրելով ժապավենը, նշված շենքում բացել է «Մանուշակ» կինաթատրոնը, ուր դիլիջանցիների համար անվճար կինո է ցուցադրվում։ Շաբաթ եւ կիրակի օրերին այնտեղ երեխաների համար են անվճար ֆիլմեր ցուցադրվում։ Բացի այդ, գործում է միկրոավտոբուսային անվճար երթուղի, որը կինոդիտողներին հասցնում է վերոհիշյալ կինոթատրոն։
Արմեն Ուլիխանյանի նախընտրական շտաբը Դիլիջանի բնակչությանն անվճար բաժանում է զրուցարարներ, որտեղ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով գրված են զբոսաշրջության համար գործնական նշանակություն ունեցող արտահայտություններ։ Նշվում է, որ այդ զրուցարանները կզարգացնեն Դիլիջան համայնքի բնակիչների լեզվական գիտելիքները մի շարք ոլորտներում, ինչպիսիք են հանրային տրանսպորտը, սննդի, առեւտրի եւ տուրիզմի բնագավառները, ինչը հատկապես կարեւոր է հյուրանոցային ոլորտում աշխատող դիլիջացիների համար: Բացի այդ, ավագանու այդ թեկնածուի շտաբը դիլիջանցիներին թերթիկներ է բաժանել, որտեղ նրանք լրացնում են, թե ինչ աշխատանք կուզեին կատարել, ինչքան աշխատավարձով, քաղաքացիները լրացնում են ինքնակենսագրականներ։
Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացա, որ ավագանու թեկնածու Արմեն Ուլիխանյանի վերոհիշյալ գործունեության վերաբերյալ ՏԸՀ բողոքներ չկան։ Իմ տեղեկություններով՝ Դիլիջանում նախընտրական գործընթացին հետեւող դիտորդները արձանագրել են այդ խախտումները, սակայն դեռեւս չեն բարձրաձայնել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ
Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը: ArmLur.am-ն ըստ ոլորտների կներկայացնի, թե ինչ փոփոխություններ են եղել բյուջեի նախագծում: Օրինակ՝ այս անգամ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը կկազմի 223,3 մլրդ դրամ, ինչը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելի է 27,4%-ով։ Բյուջեի նախագծի համաձայն՝ 25,150,174,600 ՀՀ դրամ է հատկացվելու գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը, ինչը 82,8%-ով ավելին է, քան հատկացվել էր 2021թ? համար հաստատված բյուջեով, եւ 59,3%-ով գերազանցում է գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար 2021 թվականի հատկացված միջոցների փաստացի ծավալը:
1155 ՆՈՐ ԴԵՊՔ
Հոկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 267 363 դեպք, որոնցից 245 757-ը` առողջացած, 5440-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 945 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 770 914 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 8947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1155 նոր դեպք: Ունենք 381 առողջացած, 21 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1221 է:
ԲԵՌՆԱՏԱՐԸ ԲԱԽՎԵԼ Է ԳՆԱՑՔԻՆ
Նախօրեին՝ ժամը 00:35-ին, Արտաշատ-Արարատ հատվածում գտնվող չթույլատրված գծանցումում բեռնատար գնացքին է բախվել երկաթուղային գծերի վրա հայտնված «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով տուժածներ չկան: Մեքենայի վարորդի՝ Այգեւան գյուղի բնակչի խոսքերով՝ մեքենան արգելափակվել է ուղիղ գծերի վրա, երբ նա փորձում էր դրանք հատել չարտոնված վայրում: Վարորդը չկարողացավ միայնակ դուրս բերել մեքենան գծերից եւ օգնության գնաց, երբ ծանր բեռնատար գնացքն անցավ երկաթուղու այս հատվածով: Արդյունքում շարժակազմը բախվել է ավտոմեքենային եւ քարշ տվել այն մոտ 250 մետր, ինչի պատճառով փոխադրամիջոցը վերածվել է մետաղի ջարդոնի:
Ընկերությանը պատճառված վնասը կհաշվարկվի ավելի ուշ: Այս բախման ելքն ավելի ողբերգական կլիներ, եթե բեռնատար գնացքի փոխարեն լիներ ավելի թեթեւ ուղեւորատար էլեկտրագնացք: Քաղաքացիների կողմից կամայականորեն կառուցված չարտոնված երկաթուղային գծանցումները հանդիսանում են գնացքների երթեւեկության անվտանգության, քաղաքացիների կյանքի եւ առողջության սպառնալիքների կայուն աղբյուր: Հարավկովկասյան երկաթուղին, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, մշտապես աշխատանքներ է տանում դրանց ապամոնտաժման ուղղությամբ, սակայն բախվում է տեղի բնակիչների հակազդեցությանը: Ներկայումս ընկերության հիմնական ուղղություններում առկա է 23 չարտոնված գծանցում: Միայն 2021 թվականին ընկերությունը ապամոնտաժեց երեք նման անցում, սակայն դրանք կրկին կառուցվեցին բնակիչների կողմից: Ընկերությունը մտադիր է շարունակել համագործակցությունը իրավապահ մարմինների եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հույս ունի քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքի վրա:
Ընթացիկ տարում սա չթույլատրված գծանցումներում վթարների արդեն 8-րդ դեպքն է: