Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի ընդունարան շտապ ոստիկաններ մոտենան: Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է բուժհաստատություն։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Տեղում պարզվել է, որ 35-ամյա մի տղամարդ արյան ճնշումը չափելու պատրվակով մտել է հիվանդանոցի ընդունարան, մուտքի դռան վրայի բանալիով փակել դուռը, ապա գրպանից հանելով դանակը՝ ընդունարանի հերթապահ բուժքույրերից պահանջել սեղանին դնել բջջային հեռախոսները և իրեն տալ ունեցած փողը:
Արթիկի ոստիկանները կիրառել են ֆիզիկական ուժ, վնասազերծել են տղամարդուն, վերցրել դանակն ու բերման ենթարկել նրան:
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել։ Նախկինում ավազակության մեղադրանքով դատապարտված տղամարդը ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։