Լուսանկարն արվել է Երեւանում
Այս աղբամաններն այս տեսքով, իհարկե, չեն կարող ծառայել իրենց նպատակին: Երեւանի քաղաքապետարանը հորդորում է մաքուր պահել քաղաքը, սակայն դրա համար ոչինչ չի անում:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով կարող է աշխատել` որպես ուսումնական հաստատության ուսուցիչ:
Անի Մելքոնյան (35 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ, համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի, «ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»։ Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը եւ (կամ) ազատելը կատարվում են ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգով հետեւյալ դեպքերում.
1) ծնողի դիմումի հիման վրա,
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է որոշվում երեխայի նկատմամբ հայրությունը:
Լարիսա Պետրոսյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերն են՝
1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից,
2) ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող, երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից,
3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:
Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրության որոշման պետական գրանցումը կատարում է գործակալությունը: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով: