ՀՀ կառավարության անդամներից միայն ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է այն համարձակը, ով հրապարակավ խոստովանել է, որ իր աշխատասենյակում կա Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, եւ հայտարարել է, որ նկարն իր վրա մեծ ազդեցություն է թողնում: Մյուս նախարարները լռում են. ինչո՞ւ: «Ժողովուրդ» օրաթերթից մոտ երկու շաբաթ պահանջվեց՝ պարզելու համար, թե գործադիրի անդամներից ովքեր են իրենց աշխատասենյակի պատերը զարդարել Փաշինյանի պատկերով: Պարզվեց՝ նախարարությունների խոսնակների համար մեծ խնդիր է հարցի պատասխանը՝ կա արդյոք լուսանկարը նախարարի աշխատասենյակում, թե ոչ:
Այսպիսով, հարցումների արդյունքները ցույց տվեցին՝ կառավարական կաբինետի ներկայացուցիչ-նախարարների մեծամասնության աշխատասենյակներում Փաշինյանի նկարն իր պատվավոր տեղն ունի։ Բացառությամբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի՝ մյուս բոլոր նախարարների ու երկու փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի ու Սուրեն Պապիկյանի աշխատասենյակներում կախված է վարչապետի նկարը:
Նկատենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկարն աշխատասենյակներում փակցնող պաշտոնյաներին ամենասուր ձեւով քննադատող Փաշինյանը փաստացի նույն երեւույթից այժմ բնավ վատ չի զգում: Ինչպես ասում են՝ օ~ մարդիկ, օ~ բարքեր…
Դատական համակարգը պայթունավտանգ իրավիճակում է. բանն այն է, որ մի շարք քրեական գործերով դիմումներ կներկայացվեն ՄԻԵԴ, ինչից հետո ընդդեմ Հայաստանի որոշումեր կկայացվեն: Այս տարվա հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարան են այցելել, առգրավել են մակագրումների համակարգիչը, որով դատական գործերը էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվում են դատավորներին։ Սակայն պարզվում է՝ ԱԱԾ-ն, Վերաքննիչ դատարանից բացի, առգրավվել է ողջ դատական համակարգի մակագրման սերվերը, եւ հիմա Առաջին ատյանի դատարաննում ու Վերաքննիչում մակագրումը իրականացվում է ձեռքով, ու այսկերպ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը ինչպես ցանկանում, այդպես էլ կառավարում է, մասնավորապես՝ քրեական, քաղաքացիական գործերը մակագրում են իրենց ցանկալի դատավորներին եւ ցանկալի ելք ապահովում: Այս գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ դատավորները կալանքի չէին տանում ընդդեմ իշխանության հայտարարություններ իրականացրած անձանց: Սակայն այս իրավիճակը անհետեւանք չի մնալու. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն անձինք, որոնց քաղաքացիական, վարչական կամ քրեական գործերը մակագրվել են ձեռքով, վերջիններս մինչեւ վերջ գնալու են եւ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նշելով, որ մակագրման գործընթացը իրականացվել է ոչ օրենքով սամանված կարգով, ասել է թե՝ պատշաճ ծանուցման գործընթացը անօրինական է իրականացվել: Ստացվում է՝ կարճ ժամանակ անց դատական համակարգը հայտնվելու է պայթունավտանգ իրավիճակում, քանի որ միանշանակ ՀՀ վճռաբեկ դատարանը եւ Մարդու իրավունքների եվրապական դատարանը ունեն նախադեպեր որ նման դեպքերը համարում են ոչ պատշաճ ծանուցված:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի օրենսդիրներին են փոխանցել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որպեսզի ուսումնասիրեն ու դիրքորոշում ներկայացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին գործադիրից հորդորել են լավ կարդալ, ուսումնասիրել ու ակտիվ մասնակցություն ունենալ ԱԺ հանձնաժողովներում բյուջեի քննարկումների ժամանակ: Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ պետք է իշխանական թեւը «գունավոր» ներկայացնի այն անելիքները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը՝ հայտնելով, թե այսքան ծանր վիճակում իրենց իշխանությունը ինչպես է պատրաստվում թոշակառուների գումարն ավելացնել, սոցիալական հարցեր լուծել, ընտանեկան ու առողջապահության շատ հարցեր լուծել: Նախ՝ ՔՊ-ականները պետք է ակտիվ լինեն, յուրաքանչյուրն իր հանձնաժողովում պետք է այնպես անի, որ խորհրդարանական ընդդիմությանը «ճնշի», իսկ արդեն ԱԺ նիստերի դահլիճում բարձրաձայնի իրենց բոլոր անելիքները: Առաջիկայում բյուջեն կսկսեն քննարկել նախ Աժ հանձնաժողովներում, իսկ արդեն նոյեմբերին նախատեսվում է նախագիծն ԱԺ օրակարգում ներառել: Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան ներկայանալը, քանի որ վերջինս անձամբ է պատրաստվում խոսել 2022 թվականի բյուջեի մասին: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի վրա հույս չի դնում Փաշինյանը:
Կհիշեք՝ նախորդ տարի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չէր անցել։ Պարզվում է՝ այս գործընթացի շուրջ դեռ առարկայական տեղաշարժ չկա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔԱԿ-ի ու Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հետ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա փետրվարին: Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը: «Մենք հարցազրույց ունեցանք իրենց հետ, եւ հետո իրենք իրենց կայքում գրեցին, որ առաջընթաց կա: Հաջորդ հանդիպումը 2022 թվականի փետրվար ամսին է: Այդ գործընթացը բավականաչափ երկար է. սկզբից վեր են հանվում հիմնապատճառները, թե որոնք են եղել, որ այդ թերությունները արձանագրվել են, հետո կազմվում է ծրագիր՝ ինչպես ենք մենք դուրս գալու այդ վիճակից, ինչպես ենք այդ թերությունները վերացնելու, ժամանակացույցն ենք կառուցում, թե ինչպես պետք է դա անենք, ու իրականացվում է դրանց վերացումը: Ապա համաձայնեցնում ենք իրենց հետ»,- պարզաբանեց Գյուրջյանը՝ նկատելով, որ թերությունները վերացվել են: Տեղեկացնենք, որ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած օդաչուների պատրաստվածության մակարդակը ստուգելով։ Իսկ EASA-ի մասնագետները կոմիտեում նախորդ տարվա փետրվարին էին աուդիտ իրականացրել, ինչի արդյունքում մի շարք թերություններ էին հայտնաբերել, որոնք գերազանցել են 50 էջը։