ԱՆՍՊԱՍԵԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել՝ Թեհրան-Բաքու առճակատման ֆոնին: Մի շարք փորձագետների համոզմամբ՝ տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է, եւ Իրանն ու Բաքուն գտնվում են իրենց հարաբերությունների ամենակրիտիկական փուլում՝ մինչեւ անգամ պատերազմի շեմին:  Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Թեհրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Սա նրանց երկրորդ հանդիպումն էր Նյու Յորքում ավելի վաղ կայացած շփումից հետո, որի ընթացքում գլխավորապես քննարկվեցին, ըստ պաշտոնական աղբյուրների, «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրումը եւ արդյունավետ կիրարկումը, էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը, Գորիս-Կապան ճանապարհահատվածին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցման ընթացքը, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը: Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Իրանից ինժեներատեխնիկական պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ ճանապարհների եւ քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադամիի գլխավորությամբ: 

 

Արարատ Միրզոյանին ընդունելուց հետո ԻԻՀ ԱԳ նախարարն ուղեւորվեց Մոսկվա: Մինչ դա նա ներկայացրեց Թեհրանի ակնկալիքները Մոսկվայից. «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի եւ զգայուն մոտեցում կցուցաբերի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ»:

Թուրքիան շարունակում է ակտիվություն դրսեւորել Ադրբեջանում, Իրանի հետ կոնֆլիկտային հատվածներում էլ անգամ հայտարարում են ուժի ցուցադրման պատրաստակամության մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով Իրանի եւ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակից, անդրադառնալով իհարկե նաեւ Հայաստանին:

-Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիյումերս Հեյդարին հայտարարել է, որ բանակը զորավարժություններ է սկսում երկրի հյուսիս-արեւմուտքում, եւ սա անհանգստացրել է Բաքվին, եւ Ադրբեջանի նախագահը նշել է. «30 տարվա մեր անկախության մեջ նման բան չէր եղել»,-  բարձրաձայն հարցադրում անելով՝ թե ինչու է հենց հիմա Իրանը նման զորավարժություն սկսել: Եթե հետեւենք պաշտոնական տեղեկատվություններին, ապա Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը կանգնեցնում էր իրանական բեռնատարները Հայաստան մուտք գործելիս, հարկ սահմանում, անգամ ձերբակալում վարորդներին:  Սկզբում իրանը զորքեր էր կուտակում Ադրբեջանի հետ սահմանին, ապա քննադատություն հնչեց հենց երկրի ղեկավար Իլհամ Ալիեւի հասցեին:

-Իսկ որքա՞ն հեռու կարող է գնալ նրանց հակամարտությունը, արդյոք այն սպասելի՞ էր Ձեզ համար:

-Բանն այն է, որ Ադրբեջանի կողմից այդպիսի պահանջը վրդովել է Իրանին : Չէ՞ որ, ինչպես ասում են շատ փորձագետներ, այդ հարցը կարելի էր լուծել առանց այն մեթոդի, որն ընտրել է Ադրբեջանը: Եվ նկատենք, որ նախկինում Իրանը պաշտպանում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն այս անգամ անսպասելի կերպով նման դեպքեր գրանցվեցին:  Շատերն այս հանգամանքը կապում են նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների եւ նրանց կողմից իրականացվող զորավարժությունների հետ:  Եվ հենց հիմա են նման իրադարձություններ ընթանում, եւ այս ամենը կարող է անսպասելի հետեւանքներ ունենալ: Ինչպես հայտնի է, անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին է բարձրացրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ կոչ է արել միավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն էլ տեղի է ունենում:  Այստեղ նշենք, որ Մինսկի խմբի անդամ հանդիսացող Ֆրանսիան եւս կարծում է, որ ղարաբաղյան կոնֆիկտն անավարտ է, եւ պատրաստվում է բարձրացրել կարգավիճակի հարցը: Այնպես որ, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան՝ հյուսիսից, ինչպես նաեւ Իրանը հարավից սկսել են հայկական խաղաքարտն օգտագործել եւ կիրառել: Միեւնույն ժամանակ Թուրքիան է շարունակում տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերել այն տարածքում, որն Իրանն իրենն է համարում, եւ պատրաստ է անգամ ուժի դիրքերից խոսել: Նկատենք, որ ՄԱԿ-ի նստաշրջանում Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները համաձայնել են եռակողմ հանդիպում անցկացնել Թեհրանում, սակայն հստակ ամսաթիվ դեռ կողմերից որեւէ մեկը չի հայտնել: Այնպես որ, կարող են անկանխատեսելի հետեւանքներ լինել:

Ն.Հ.

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: Այս անգամ անդրադարձել ենք ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ներկայացրած՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրին:

Տեղեկացնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է հոկտեմբերին կայանալիք Գյումրու ավագանու ընտրություններին։ Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Հարությունյանին պատկանող անշարժ գույքը թվով երեքն է, երեքն էլ Գյումրիում՝ բնակարան, հողամաս եւ անհատական բնակելի տուն, որոնք ծնունդով գյումրեցի Հարությունյանը գնել է 2018 թվականին: Ունի 2008 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա, որը Գյումրու քաղաքապետի թեկնածուն գնել է 2019 թվականին: Բանկային հաշվին Հարությունյանն ունեցել է ընդամենը 60 հազար դրամ, իսկ կանխկիը կազմել է 3 մլն 850 հազար դրամ: Գյումրու քաղաքապետի 34-ամյա թեկնածուն 50 հազար դրամի չափով աշխատավարձ է ստացել «Սավ գրուպ»-ից: Բացի այս, «Ամերիաբանկ»-ից ստացել է 800 հազար դրամի չափով փոխառություն, «ՎՏԲ»-ից՝ 600 հազար դրամ: Կնոջ՝ Էմիլյա Նիկողոսյանի հայտարարագիրը բացակայում է: Ի դեպ, հիշեցնենք՝ 34-ամյա Հարությունյանը թավշյա հեղափոխությունից հետո է նշանակվել առողջապահության նախարարի տեղակալ եւ պաշտոնավարել գրեթե կես տարի, մինչ այդ նա նախարարի խորհրդականն էր:

 

 

ԳՆԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Հայաստանի ոչ պարենային ապրանքների սպառողական շուկայում վիճակագրական կոմիտեն գնաճ է արձանագրել 0.7 տոկոսի չափով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.8 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոշիկի եւ հագուստի շուկայում եւս գնաճ է արձանագրվել. ըստ Վիճակագրական կոմիտեի՝ հագուստի գինը բարձրացել է 1.8 տոկոսով, կոշիկինը՝ 1.2 տոկոսով: Փոխարենը ոսկերչական զարդերի գներն են նվազել սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 1 տոկոսով: Բայց, մյուս կողմից, մեկ ամսվա ընթացքում հանրապետության վարսավիրանոցներում եւ անձնական սպասարկման սրահներում ծառայությունների սակագները բարձրացել են: Ի դեպ, Հայաստանում իրավաբանական ծառայությունների համար վճարներն են բարձրացել, ըստ պաշտոնական վիճակագրության, 0.3 տոկոսով: Բարձրացել են նաեւ կրթության ծառայությունների սակագները. այս ոլորտում հավելաճը կազմել է 1.4 տոկոս:

Իսկ, ահա, բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0.5 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սա պայմանավորված է COVID 19-ի թեստավորման գների 10.1 տոկոս նվազումով:

 

 

«ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿԸ» ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Է ՀԱՍԱՆԵԼԻ

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար «սիրուն աղջիկը», պարզվում է, խոսել ու հարցերի պատասխանել գիտի, հարցազրույցներ է տալիս ու հասանելի է, բայց միայն Պետրոս Ղազարյանի համար: ArmLur.am-ը երեկ ամբողջ օրը նրանից կամ նրա ղեկավարած կառույցից որեւէ մեկից ընդամենը մեկ հարցի պատասխան էր ուզում ստանալ. մի ամբողջ օր կոմիտեի ամենատարբեր պաշտոնյաներից, որոնց հետ հաջողվեց կապ հաստատել, չկարողացանք մեր հարցի հերքումը կամ հաստատումը ստանալ:

 

Հարցն այն մասին էր, թե Հայաստանի օդային ուղիներից օգտվելու համար ադրբեջանական կողմը Հայաստանին, ըստ ենթադրելի կարգի, գումար փոխանցել է արդյոք, թե ոչ:

44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանաթուրքական զինատեսակները տեղատարափ անձրեւի պես էին մեր գլխին թափվում, «սիրուն աղջկա» ղեկավարած կառույցը սիրահոժար կերպով է ընդունում ադրբեջանական օդանավն ու նրան ճանապարհ տալիս: Արդարացումը, թե ադրբեջանական օդանավերը տարիներ առաջ էլ են հատել Հայաստանի օդային տարածքը, հետպատերազմական երկրում ուղղակի տանելի ու ընկալելի չէ: Տնտեսական առումով գուցե լավ է, որ Ադրբեջանը Հայաստանի բյուջե փող է ուղղում, բարոյահոգեբանական տեսանկյունից, սակայն, միջադեպը վիրավորական ու սահմռկեցուցիչ է: Ստացվում է՝ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո ադրբեջանական զինուժի ու քաղավիացիայի դիմաց հայոց երկինքն անպաշտպան է:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի ասած «սիրուն աղջկա» ընդհատակ անցնելուն ու մեկ էլ հանկարծ Հանրային հեռուստաընկերությունում հայտնվելուն, ապա նրան մի փոքրիկ «սպռավոչկա» տանք. պետական բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ Ռեւազյանն ու յուր մամուլի քարտուղարը, աշխատավարձ են ստանում մեր բոլորի, ոչ թե միայն Պետրոս Ղազարյանի վճարած հարկերից, այնպես որ, միայն Ղազարյանին հասանելի լինելը ոչ այլ ինչ է, քան իշխանության վերին էշելոնների հրահանգով հարցազրույցի գնալ: Տհաճ ու քստմնելի իրավիճակում չհայտվելու համար տիկին Ռեւազյանին հոդորում ենք կա՛մ ուղղակի շարունակել ընդհատակում մնալ ու ոչինչ չանելու համար աշխատավարձ ստանալ, կա՛մ միայն մեկ անձի հասանելի չլինել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս