Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի այցն իր ներդրումը կունենա  երկկողմ բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Փոխշահավետ համագործակցության խորացման առումով կարեւորելով միջխորհրդարանական գործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ որպես օրենսդիր մարմնի ղեկավար՝ պատրաստ է աջակցելու երկու երկրների շահերից բխող ցանկացած  նախաձեռնության իրականացմանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջեւ երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը եւ ներուժն ակնհայտ է, եւ դրա վառ օրինակն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշումը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Ադրբեջանի ոստիկանության կողմից Որոտան գյուղի Գորիս-Կապան ճանապարհահատվածում երկու իրանցի բեռնատարների վարորդների ձերբակալությանը:

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Իրանի գլխավոր դատախազը, առաջնահերթ համարելով տարածաշրջանի անվտանգությունը, կարեւորել է պայքարն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման դեմ: Նրա խոսքով՝ Իրանի համար իր եւ հարեւանների անվտանգությունը շատ կարեւոր է եւ փոխկապակցված:

Արձանագրվել է, որ միայն տարածաշրջանում հարատեւ եւ կայուն անվտանգության  պայմաններում է հնարավոր երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը:




Լրահոս