ՀՀ վճռաբեկ դատարանը 2021 թ. հոկտեմբերի 4-ին ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել է 2020 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:
Այս քրեական գործով, ի թիվս այլոց, վերոնշյալ երեք հոդվածներով իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Ա. Մինասյանին (հայտնի է որպես Սիսիանի ջոկատի հրամանատար՝ Աշոտ Երկաթ մականվամբ):
Ինչպես Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Ա. Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի եւ դատախազության միջնորդությունները՝ մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չհամարելու, այսինքն՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՀՀ վճռաբեկ դատարանում վիճարկել էր ստորադաս դատարանների կայացրած այդ որոշումները՝ պնդելով, որ դրանցում արձանագրված հետեւություններն անհիմն են, չեն բխում քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից: Դրա արդյունքում հնարավոր չի դարձել խափանման միջոց կալանավորման հիմքերին անդրադառնալը: Մասնավորապես, վճռաբեկ բողոքում նշվել է, որ Ա. Մինասյանը կարողացել է հանգամանալից կերպով պլանավորել հանցագործության կատարումը՝ առանց խոչընդոտների ապօրինի ձեռք բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, դրանք տեղափոխել եւ պահել իրեն պատկանող շինությունում, որոնց միայն քանակն ինքնին վկայում է, որ այդ հարցում նա գործել է այլ՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռեւս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Հետեւաբար մեծ է հավանականությունը, որ մնալով ազատության մեջ՝ Ա. Մինասյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ներգործություն ունենալու կամ հանցակիցների վարքագիծն ուղղորդելու ճանապարհով:
Հաշվի առնելով նշված եւ այլ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդել էր բեկանել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների որոշումները եւ կայացնել Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր իսկ ձեւավորած նախադեպային իրավունքի լույսի ներքո գնահատելով միջնորդություններում ներկայացված փաստական տվյալները եւ ստորադաս դատարանների արած վերլուծություններն ու հետեւությունները, գտել է, որ վերջիններս հաշվի չեն առել եւ պատշաճ իրավական գնահատականի չեն ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ: Իսկ ձեռք բերված առանձին փաստական տվյալների անդրադառնալիս ստորադաս դատարանները կիրառել են այնպիսի ապացուցողական չափանիշներ, որոնք բնորոշ են ոչ թե մինչդատական վարույթի շրջանակներում կալանավորման միջնորության, այլ դատարանում գործի ըստ էության քննությանը՝ խախտելով քրեական դատավարության փուլային կառուցվածքը: Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքներից մեկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարմանն Ա. Մ.-ի առնչության հետ կապված հիմնավոր կասկածն առկա է, ինչի պարագայում առաջացել է նաեւ խափանման միջոց կալանքի հիմքերի մասով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ստորադաս դատարանների որոշումները եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության:
Ն. Պ.
ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին վերջերս ազատել են զբաղեցրած պաշտոնից: Իջեւանի այցեքարտ հանդիսացող դենդրոպարկը հիմնվել է 1960 թվականին, Մեխակ Սայադյանի հոր՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Լյուդվիգ Սայադյանի կողմից, որը երկար տարիներ ղեկավարել է դենդրոպարկը: Սայադյանների ընտանիքն այժմ երկարաժամկետ վարձակալությամբ օգտագործում, տնկիներ է աճեցնում դենդրոպարկի տարածքի մի մասում։ Մ. Սայադյանը պնդում է, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մտադիր է դենդրոպարկի այդ հատվածը վերցնել իրենց ընտանիքից։ Նա հայտնում է, որ նախարարությունը այդ հատվածի համար տարեկան վարձավճար է սահմանել 8 միլիոն դրամ՝ տարեկան վարձավճարը ավելացնելով 833 տոկոսով, այդկերպ ցանկանալով չեղարկել վարձակալության պայմանագիրը։
Մեխակ Սայադյանը հայտնեց, որ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանը, փոխանակ դենդրոպարկի 5,7 հեկտարից մնացած 5 հեկտարը պաշտպանի, նաեւ միջոցներ ձեռնարկի, դատարան դիմի Իջեւանի գինու, կոնյակի կոմբինատի կողմից կատարված ապօրինի շինարարության հետեւանքով Աղստեւ գետի վարարումից դենդրոպարկի տարածքի մի մասի քշման կապակցությամբ, դենդրոպարկում անհիմն կադրային նշանակումներ է կատարում։ Մ. Սայադյանը հայտնեց, որ նախկինում դենդրոպարկի տնօրենի պաշտոնակատար նշանակված, դենդրոպարկի տեսուչի պաշտոնում աշխատած ծառայգու պահակ Վարդանին վերադարձրել են նույն աշխատանքին՝ պահակությանը, տեսուչի պաշտոնով նոր աշխատող են ընդունել, դենդոպարկն ընդամենը մեկ բանվոր ունի։ Մ. Սայադյանն ասաց. «Նայեք, մեկ տնօրեն, մեկ տեսուչ, մեկ պահակ եւ ընդամենը մեկ բանվոր՝ 5 հեկտարի վրա. հանճարեղ է»։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ դենդրոպարկի նոր աշխատակազմից տնօրեն Գեւորգ Վարդապետյանը, որպես դենդրոպարկի տեսուչ աշխատանքի ընդունված Հայկազը չնայած ավարտել են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի էկոլոգիայի բաժինը, սակայն չեն ճանաչում դենդրոպարկի հազվագյուտ ծառերը, թփերը, դրանց հետ աշխատանքի փորձ չունեն։ Մ. Սայադյանը հայտնեց, որ ինքը դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը: Նա նաեւ ոստիկանություն հաղորդում է տվել կատարված ապօրինի շինարարության հետեւանքով Իջեւանի դենդրոպարկին պատճառված վնասների կապակցությամբ։ Մ. Սայադյանը հայտնեց, որ ինքը փաստաբան ունի, իր բոլոր քայլերը լինելու են իրավաբանորեն հիմնավորված։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ
Սերգեյ Մկրտչյանը դատարանի որոշմամբ ազատազրկման դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ, իբր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաեւ ադրբեջանական եւ իրանական լրատվամիջոցներում։ «Հրապարակայնորեն ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին», -ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել եւ պարզաբանում ներկայացրել իր կատարած գործողությունների վերաբերյալ. նշված է հաղորդագրությունում:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը մինչ օրս կալանավորված է:
Իսկ ո՞վ է նա. ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանն է, որին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, առանց թույլտվության, ապօրինի տիրացել է համակարգչային տեղեկատվություն հանդիսացող համացանցային «Facebook.com» կայքի «Դիանա Հարությունյան» անվանմամբ անհատական էջին եւ դրա օգտագործմամբ համացանցի միջոցով հրապարակայնորեն կատարել է գործողություններ` ուղղված Հայաստանի Հանրապտության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդների միջեւ ազգային թշնամանք հարուցելուն եւ ատելություն սերմանելուն:
Ք.Մ.