Չենք լռելու.Բանակում տիրող վիճակի համար պատասխանատու է Յուրի Խաչատուրովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատասխան Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների ֆեյսբուքյան խմբի`պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջի շուրջ միավորվելու կոչին, հայտնում ենք, որ հայկական բանակի զորակազմի անմիջական կառավարումն իրականացնում է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ Գլխավոր շտաբի պետը: Ինչպես հայտնի է, Հայաստանում այդ պաշտոնը զբաղեցնում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հենց Գլխավոր շտաբի միջոցով է իրականացվում բանակային առօրյայի անմիջական կազմակերպումն ու իրականացումը, հետևաբար շտաբի պետն անմիջական և ուղղակի պատասխանատվություն է կրում բանակային կյանքի կազմակերպման որակի համար: Այդ իմաստով, անհրաժեշտաբար պետք է հանրայնորեն դրվի ոչ թե պաշտպանության նախարարի, այլ Գլխավոր շտաբի պետի հրաժարականի պահանջ: Իհարկե, ակնհայտ է նաև, որ դրանով պետք չէ սահմանափակվել, և այդ հրաժարականը պետք է դառնա Հայաստանի բանակի գեներալակազմի փոփոխության ընդամենը սկիզբը: Որքան այդ պրոցեսն ուշանա, այնքան շարունակելու են բանակում վտանգված մնալ մեր եղբայրներն ու ընկերները:Չենք լռելու-ն տիրապետում է բացառիկ տեղեկությունների և ապացույցների (հիմնականում` տեսանյութերի տեսքով)` կապված զինված ուժերի 18 բարձրաստիճան զինվորականների կոռումպացվածության և ունեցվածքի հետ, սակայն դեռևս նպատակահարմար չի գտնում դրանց հրապարակումը:Վերադառնալով բուն թեմային նշենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վերջերս ընդարձակ հարցազրույց էր տվել “168 ժամ” թերթին և հավաստիացրել, թե մտածում է բանակում տիրող վիճակի մասին և աշխատում դրա հետ կապված բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ: Մի՞թե ժամանակն է, որ այդ մարդը հարցազրույց տա: Ցավոք, այդ ժամանակը վաղուց է սպառվել, և եթե գլխավոր շտաբի պետը որևէ ասելիք ունենար հասարակությանը, կամ ինչ-որ անելիք ունենար հանցագործությունները կանխարգելելու համար, ապա արդեն իսկ այդ ամենն ասած կամ արած կլիներ: Ո՞ւմ է պետք նրա հարցազրույցը: Հարցազրույցները բանակում իրավիճակ չեն փոխի, իսկ ահա հրաժարականը կարող է փոխել, որովհետև այդ պաշտոնին կարող է նշանակվել մարդ, ով ավելի հետաքրքրված կլինի զինված ուժերի վիճակով, զինվորի կյանքով, ով կտիրապետի ժամանակակից ռազմարվեստի և ռազմական կառավարման հոգեբանության հմտություններին:Այդպես որ, Խաչատուրովը հիմա ոչ թե հարցազրույց, այլ հրաժարական պետք է տա: Չենք լռելու-ն հանդես է գալիս այդ պահանջով:




Լրահոս