ԼՌՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ տեղի ունեցող քրեական գործընթացներից: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ՝ ինչու ցուցմունք չի տալիս նախկին նախարարը: Բանն այն է, որ երեկ  նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե. «Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»:  Ապա փաստաբանական թիմը հավելել է. «Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Պարոն Տոնոյանը պայքարելու է՝ հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարարի լռությունը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Բանն այն է, որ Տոնոյանն իր մտերմիկ շրջապատում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել այն ողջ գործընթացից, ինչի մեջ մեղադրում են իրեն: Իսկ վերջինս մեղադրվում է շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաեւ բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։

 

 

 

«Ապրելու երկիր» կուսակցությունն աշխատում է թեկնածուներ առաջադրել առաջիկայում Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Նորաստեղծ կուսակցությունը թեեւ համակիրների ու թեկնածուների մեծ բազա չունի, բայց նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի ու «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի համատեղությամբ հիմնադրված կուսակցությունը թեկնածուներ կարողանում է գտնել: «Ապրելու երկրի» Մեղրիի թեկնածուն, օրինակ, Արմեն Հայրապետյանն է, որ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է ԼՀԿ-ի ցուցակով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանական վերջին՝ 2021-ի արտահերթ ընտրություների ժամանակ էլ «Հայաստան» դաշինքին է աջակցել: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ Մեղրիի նախկին քաղաքապետը՝ ձերբակալված Մխիթար Զաքարյանը, ու նրա շրջապատն ամեն ինչ անում են Հայրապետյանին օգնելու համար: Մեզ հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատեց՝ Հայրապետյանն, այո, թեեւ անկուսակցական է եղել, բայց 2018-ին ԼՀԿ-ի հետ է համագործակցել: «Որեւէ խնդիր չեմ տեսնում, որ նախկինում՝ 2018-ի ընտրություններին, այլ կուսակցության հետ ինչ-ինչ համագործակցություն է ունեցել: Այդ մասով տարբեր շահարկումներ են եղել, բայց ավելին մեկնաբանելու հարկ չկա»,- հավելեց նա: Առաքելյանը չհերքեց, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Հայրապետյանը սատարել է «Հայաստան» դաշինքին, բայց բացառեց ու սուտ տեղեկություն անվանեց լուրը, թե Մեղրիի նախկին քաղաքապետ Զաքարյանն ինչ-որ կերպով աջակցում է իրենց թեկնածուին: Հավելենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության թիկունքոմ կանգնած է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը:

 

 

ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարելի է ասել, պարապուրդի է մատնված: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական պատգամավորները, թողած իրենց բուն օրենսդրական գործառույթները, լծվել են տարբեր համայնքապետերի ընտրությունների կազմակերպչական ու անցկացման բուն պրոցեսին: Ըստ մեր տեղեկությունների՝ մի հատվածն անգամ մարզերից չի էլ գալիս Երեւան խորհրդարանի աշխատանքներով զբաղվելու համար. գիշերուզօր քարոզարշավ են իրականացնում: Կարելի է ասել՝ ԱԺ ՔՊ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում «դադարեցվել» է, ոչ ոքի չի հետաքրքրում օրենսդրությունը: Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ տեւական ժամանակ է՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության նիստ չի հրավիրել, քննարկումներ չկան, քանի որ ոչ ոքի չի էլ կարողանալու «բռնացնել» բերել ԱԺ, ինքն էլ կորոնավարակի դեմ է բուժվում: Պարապուրդ բառի ապացույցը նաեւ թվերն են. ԱԺ պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ 85 նախագծերից միայն մեկն  են հեղինակել իշխող խմբակցության պատգամավորները., մյուսները կառավարության եւ ընդդիմադիրների նախագծերն են:

 

 

 

Հայտնի իրողություն է, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ միայն սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 15.4 տոկոսով բարձրացել են: Բայց զուգահեռ նկատենք, որ պարենի համաշխարհային գներն են բարձրացել, ինչը նշանակում է, որ թանկացումներ արձանագրվել են ամբողջ աշխարհում: Եւ Հայաստանն այս առումով անմասն չի մնացել: Մյուս կողմից՝ նկատենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների սակագներն են բարձրացել: Ըստ մասնագետների՝ հենց թանկացած բեռնափոխադրումներն են պատճառը, որ մեր հանրապետությունում ոչ միայն սպառողական շուկայում է գնաճ արձանագրվել, այլեւ ոչ պարենային ապրանքներն են թանկացել: Օրինակ՝ բենզինի գինն է զգալի բարձր. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր կազմում է 500 դրամ: Հանրապետությունում երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 9.9 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 14.2 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 23.5 տոկոսով: Կտրուկ նվազել են նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. անկումը կազմել է 4.6 տոկոս: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ 4 տոկոս աճ է արձանագրվել. ներմուծման դեպքում 67.9 տոկոս է աճը կազմել: Իսկ, ահա, արտահանումը նվազել է, այն էլ՝ 20.8 տոկոսով:

 

 




Լրահոս